HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Դավիթ Տոնոյան. «Զինված ուժերը ձեռք են բերում նոր, արդիականացված զինատեսակներ»

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է` 2020 թվականի պետական բյուջեով ոլորտին հատկացվող գումարը բավարար է առկա մարտահրավերներին պատշաճ արձագանքելու համար:

«Իհարկե, որպես պաշտպանության նախարար՝ ես կուզենայի կրկնապատկել, եռապատկել մեր բյուջեն, բայց, հաշվի առնելով տնտեսական հնարավորությունները, այսօրվա բյուջեն բավարար է, որ բոլոր մարտահրավերներին պատշաճ ձևով արձագանքենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանը:

Այսօր խորհրդարանում պաշտպանության և անվտանգության հարցերի դռնփակ նիստն էր, որտեղ քննարկվում էր 2020 թվականի բյուջեով ռազմական ծախսերի հատկացումները:

Նախարարի խոսքով` բյուջեով որոշ նվազեցումներ եղել են, վարկային չափաբաժնի միջոցների մի մասն ուղղվել է նախարարության կարողությունների ավելացմանը:

«Այսօր զինված ուժերը ձեռք են բերում նոր զինատեսակներ` արդիականացված զինատեսակներ»,-ասաց նախարարը` հավելելով, որ թե՛ 2019-ին են ձեռք բերվել միայն արդիական զինատեսակներ, թե՛ 2020-ին են ձեռք բերվելու:

Ինչ վերաբերում է Հայաստանում գործող ռուսական ռազմաբազայի արդիականացմանը, Տոնոյանն ասաց, որ 102-րդ ռազմաբազան արդիականացվում է սպառազինության, նյութատեխնիկական տեսանկյուններից, ինչպես նաև զինծառայողների կենցաղային պայմանների առումով:

Զորամասերում սննդի փոփոխությանն անդրադառնալով՝ նախարարն ասաց, որ այժմ 38-40 տոկոսով անցել են սննդի մատակարարման նոր համակարգին, նպատակն է` 2020-ին ավարտել այդ գործողություններն ու սկսել առաջնագծի ապահովումը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որը պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, պատրաստ է գալ ապրիլյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողով: Հիշեցնենք, որ հանձնաժողովը նախկին ու ներկա պաշտոնատար անձանց հրավիրում է և հարցեր տալիս: Նախարարը չցանկացավ գնահատական տալ հանձնաժողովի աշխատանքներին:

«Չէի ուզենա գնահատական տալ, բայց պարզ է՝ ինչ է կատարվել պաշտպանության նախարարության համակարգում, ինչպես է կատարվել: Ընդհանրապես, ակնկալում եմ, որ նման հանձնաժողով մյուս կողմում էլ լինի»,- ասաց Տոնոյանը` նկատի ունենալով ադրբեջանական կողմին:

Տոնոյանը հույս հայտնեց, որ հանձնաժողովի աշխատանքների շնորհիվ ապրիլյան պատերազմի հետ կապված ասեկոսեները և բանսարկությունները, որոնք գոյություն ունեն հասարակության շրջանում, կփարատվեն:

Ճշտող հարցին, թե իր համար ինչ է պարզ, ինչ է եղել 2016-ի ապրիլին, Տոնոյանն ասաց, որ հակառակորդի դավադիր գործողություններն են եղել: Հայկական կողմում թերացումներ եղե՞լ են՝ հարցին նախարարը պատասխանեց` թերացումներ եղել, դրանք նաև վերլուծվել են:

Նախարարի խոսքով` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև գործող օպերատիվ կապը շարունակում է գործել:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո հեռախոսային կապ էր ստեղծվել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև:

Մեր հարցին, թե ինչ կարող է ասել «Օրսիս-Արմս» ՍՊ ընկերության հետ ՊՆ-ի այդպես էլ չիրականացված գործարքի մասին, ինչ է պարզել ծառայողական քննությունը, նախարարն ասաց. «Ծառայողական քննության մասին չեմ ուզում խոսել, կա հարուցված քրեական գործ»:

Հիշեցնենք, որ ՊՆ պաշտոնյան իր անունը չհրապարակելու պայմանով հայտնել էր մեզ, որ ընկերությունը փորձել է որսորդական նշանակության զինատեսակներ տրամադրել ՊՆ-ին որպես մարտական զինատեսակներ, դա էլ պատճառ է դարձել, որ մրցույթը կասեցվի։

«Ես կսահմանափակվեմ նրանով, որ եղել է հանցավոր արարք, թե ում կողմից, ինչպես և ինչ ծավալի, դա նախաքննությունը կպարզի»,- ասաց նախարարը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter