
Ֆելիքս Ցոլակյանը` ԱԻՆ-ում ստուգումների մասին. «Փրկարար ծառայության տնօրենին եմ ազատել, որից հետո այս խոսակցությունը եղել է»
Արտակարգ իրավիճակների (ԱԻ) նախարար Ֆելիքս Ցոլակյանն ինքն է խնդրել վարչապետին, որ պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ իրականացնի ԱԻՆ-ում:
Այս մասին խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Աշխատանքից ազատել ենք մարդկանց կամ ավելի ճիշտ մարդու, որը բողոքել է, որ խախտումներ կան ԱԻՆ-ում: Փրկարար ծառայության տնօրենին եմ ազատել, որից հետո այս խոսակցությունը եղել է»,-ասաց Ցոլակյանը:
Նախարարը, սակայն, վստահեցրեց` բացառում է, որ որևէ ֆինանսական խախտում լինի:
Ցոլակյանի խոսքով` հավանաբար ստուգումները մի քանի օրից ավարտված կլինեն:
Մեր հարցին, թե ինչում է թերացել փրկարար ծառայության տնօրենը, որ ազատվել է պաշտոնից, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց. «Ամառվա հրդեհների ժամանակ անտարբեր է եղել, դա հիմնական պատճառներից մեկն է, Հայաստանում չի եղել»:
Ինչ վերաբերում է այն հրապարակումներին, որ իր մտերիմներին է համակարգում աշխատանքի ընդունում, Ցոլակյանը վստահեցրեց, որ բարեկամ չունի ԱԻՆ-ում` չնայած հարազատները դիմում են, սակայն որևէ մեկին չի ընդունել:
«Ես ընդունել եմ ծանոթներիս, որոնց ճանաչել եմ և որոնց գալուց հետո փոփոխություններ են եղել համակարգում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ուղղաթիռ ձեռք բերելու հնարավորությանը՝ նախարարն ասաց, որ քննարկում են ՊՆ-ի հետ համատեղ այդ ծրագիրն իրագործելը:
Մեկնաբանել