HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպան. «Տվեք այն չափանիշները, որոնցով պետությունը պետք է աշխատի ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի հետ»

Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը բողոքարկել է իրեն պայմանական վաղաժամկետ ազատ չարձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մնացականյանի, այսօր նշանակված էր բողոքի գործով առաջին դատական նիստը, որը հետաձգվեց: Արմավիր քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին հնարավոր չէր եղել նշանակված ժամին բերել դատարան:

Դրական բնութագրվող Մանուկյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումը երկու ամիս առաջ կայացրել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը: Մանուկյանի պաշտպան Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրուցում կարծիք հայտնեց, որ Աշոտ Մանուկյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդության մերժումը Հայաստանի Հանրապետությանում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց խնդիրներով չզբաղվելու հերթական դրսևորումն է, որ առաջին ատյանի դատարանի կայացրած ակտն անօրինական ու չպատճառաբանված է:

«Ես շատ կդժվարանամ դա անվանել դատական ակտ, այն զուրկ է որևէ պատճառաբանությունից ու տրամաբանությունից: Անձին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու մերժման դեպքում երկու հանգամանք պետք է քննարկվի. արդյոք անձի վարքագիծը բավարար չէ՞, որպեսզի վերջինս ազատ արձակվի և արդյոք կա՞ ռիսկայնություն, որ նա կկատարի նոր հանցանք»,- ասաց Պողոսյանը՝ նշելով, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտիվ որևէ մեկը չի կարողանա պատկերացում կազմվել, թե դատարանն ի՞նչ հետևության է հանգել՝ Մանուկյանի պայմանական վաղաժամկետ ազատման  միջնորդագիրը մերժելիս. Աշոտ Մանուկյանի անձն է բացասական, որ նա ենթակա չէ ազատ արձակման, թե՞ ռիսկայությունն է բարձր, որ նա նոր հանցանք կկատարի:

«Ես դրա համար եմ նշում, որ առաջին ատյանի դատական ակտը անօրիական է և չպատճառաբանված: Հենց այդ հիմքով է, որ մենք վերաքննիչ բողոք ենք ներկայացրել և ակնկալում ենք, որ Վերաքննիչ դատարանը կիրականացնի փաստերի իրական համադրում, իրական հետազոտում, և այս գործով կհանգի, ըստ իս, միակ օբյեկտիվ հետևությանը, որ Աշոտ Մանուկյանն այլևս կարիք չունի իր նկատմամբ նշանակված պատիժը կրել»,- ասաց փաստաբանը:

Պողոսյանը հիշեցրեց, որ պետությունն անձին պատժի դատապարտելիս ստանձնում է նրան ուղղելու, վերասոցիալականացնելու և այլ պարտավորություններ։ Փաստաբանը համոզմունք հայտնեց, որ դատարանը Մանուկյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդագիրը մերժելիս պետք է նշեր, թե նրա մոտ ի՞նչն է բացասական, ի՞նչը պետք է շտկել, որպեսզի համարվի ուղղված դատապարտյալ:

Ինչպես նշեցինք, Աշոտ Մանուկյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդագիրը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը մերժել է ուղիղ երկու ամիս առաջ՝ ըստ էության այսպիսով դիրքորոշում հայտնելով, որ դատապարտյալը չի ուղղվել:

Հարցին՝ վերջին երկու ամսիների ընթացքում քրեակատարողական հիմնարկն ի՞նչ գործողություններ է կատարել Մանուկյանին ուղղելու համար, որպեսզի նա, ի վերջո, հնարավորություն ունենա պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու, Միհրան Պողոսյանը պատասխանեց, որ Աշոտ Մանուկյանի հետ կատարվող գործողությունները որևէ փոփոխություն չեն կրել, և դրա պատճառն այն է, որ նա արդեն ուղղվել է:

Պողոսյանը նշեց, որ Մանուկյանի պատժի կրման ռեժիմը փոխվել է, և նա կիսափակ ռեժիմից անցել է կիսաբաց ռեժիմի:

«Ես կարծում եմ, որ պետությունն այս առումով ընտրել է չարյաց փոքրագույնը: Այսինքն՝ բոլորը կարծում են, որ Աշոտ Մանուկյանը ենթակա է պատժից վաղաժամկետ ազատման, և դատարանը նման որոշում չի կայացրել: Այս կերպ փորձում են մեղմել Աշոտ Մանուկյանի վիճակը, ինչը մեր համար անընդունելի է»,- ասաց Պողոսյանը:

«Մենք հարց ենք բարձրացրել Վերաքննիչ քրեական դատարանի առջև. եթե անձը ենթակա չէ պայմանական վաղաժամկետ ազատման, տվեք այն չափանիշները, որոնցով պետությունն, ի դեմս քրեակատարողական հիմնարկի, պետք է աշխատի այդ անձի հետ, որպեսզի վերջինս ուղղվի»,- ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայությունն Աշոտ Մանուկյանի ազատ արձակման վերաբերյալ դրական, իսկ քրեակատարողական ծառայությունը՝ բացասական եզրակացություն է տվել՝ թեև երկու կառույցներ էլ Մանուկյանին դրական են բնութագրել: Ստացված եզրակացություններից հետո քրեակատարողական հիմնարկը դիմել է դատարան՝ Մանուկյանի պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդագրով:

Մանուկյանն անազատության մեջ է 1996 թվականից: Մեղադրվել և դատապարտվել է երեք զինծառայողի սպանության համար: Տուժողների ծնողները նրան ներել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։