
Ներդրումներ ներգրավելու նպատակով առաջարկվում է Տնտեսագիտական համալսարանը հիմնադրամ դարձնել
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը վերակազմակերպել որպես հիմնադրամ։
Նման առաջարկություն է ներկայացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
«Վերակազմակերպելու արդյունքում հիմնադրամը կունենա լայն հնարավորություն ավելի ճկուն, ազատ, ռացիոնալ, արդյունավետ օգտագործելու իր գույքը, ներգրավելու արտաքին ներդրողների՝ ի նպաստ կրթության ու գիտության զարգացման»,- որպես հիմնավորում՝ նշել է նախարարությունը։
Պետությունը պահպանելու է հիմնադրամին օգտագործման իրավունքով հանձնված գույքի ճիշտ, նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավունքը՝ պահպանելով նաև օրենքով նախատեսված կրթության ֆինանսավորումը պետական բյուջեից:
Նախարարությունը ընդգծել է, որ հիմնադրամն ինքն է սահմանում ձեռնարկատիրական գործունեության այն տեսակները, որոնցով կարող է զբաղվել, իսկ ՊՈԱԿ-ի դեպքում այդ ցանկը հաստատում է Կառավարությունը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կարծում է, որ համալսարանի ՊՈԱԿ լինելու հանգամանքը հնարավորություն չի տալիս զգալի ներդրում պահանջող բնագավառներում ապահովել շոշափելի զարգացում, ներգրավվել արտաքին ներդրողների։
Այդ իսկ պատճառով նախարարությունը նախատեսում է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան»-ը հիմնադրամ դարձնելով՝ լուծել բուհի ֆինանսավորման խնդիրը, այդ գումարները ուղղել կրթության որակի ապահովմանը, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պատրաստմանն աջակցելուն, միջազգային գիտակրթական համագործակցության զարգացմանը։
Նախարարությունը կարևորում է բուհերի ինքնավարությունը։ Նախագծում նշել է, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բարձր վարկանիշ ունեցող եվրոպական շատ բուհերի գործունեության իրավակազմակերպական հիմնական ձևը հիմնադրամն է, որը սահմանում և ապահովում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ ինքնավարությունը:
Լուսանկարը՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան»-ի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել