HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հոկտեմբերին գրանցվել է 0.9% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը հոկտեմբերին (2019թ. հոկտեմբերը 2018թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 0.9%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.6%: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից (ՀՀ ՎԿ)։

Մասնավորապես, սննդամթերքի գները ընդհանուր հաշվարկած, ըստ ՎԿ-ի, այս հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, անփոփոխ են։ Փոխարենը 4.7%-ով թանկացել են ալկոհոլային խմիչքն ու ծխախոտային արտադրատեսակները, 2.2%-ով՝ հագուստն ու կոշիկը, 1.1%-ով էլ՝ բնակարանային ծառայությունները, ջուրը, էլեկտրաէներգիան, գազը և վառելիքի այլ տեսակներ։ Առողջապահական ծառայությունները թանկացել են 1.6%-ով, տրանսպորտը՝ 2.4%-ով, կրթությունը՝ 3.7%-ով, հյուրանոցային ծառայությունները՝ 2.1%-ով։ Միևնույն ժամանակ, հանգստի և մշակույթի ոլորտում գրանցվել է 1.1 գնանկում։ 

Ընդհանուր առմամբ, եթե սպառման ապրանքները դիտարկենք ըստ խոշորացված խմբերի, ապա  սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը միասին (ներառյալ ալկոհոլային խմիչքը և ծխախոտը) այս տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, թանկացել են 0.5%-ով, ոչ պարենային ապրանքները՝ 1.2%-ով, իսկ ծառայությունները՝ 1.3%-ով։ 

Սննդամթերքի գներ

Մրգի ապրանքախմբում, ըստ Վիճկոմիտեի, 2019թ. հոկտեմբերին, 2018թ. հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է 8.3% գնաճ։ Մասնավորապես, ինչպես երևում է հրապարակված ցանկից, թանկացել են ելակը, սալորը, ձմերուկը, բանանը և այլն։ Էժանացել են խնձորը, դեղձը, տանձը և մի քանի այլ մրգեր։ Բանջարեղենի շուկայում գրանցվել է 9.3% գնաճ։ Գրեթե բոլոր բանջարեղենների պարագայում գնաճ կա, բացի կաղամբից ու սխտորից։ Իսկ հացաբուլկեղենն ու ձավարեղենը թանկացել են 3.5%-ով։ 

Զուգահեռաբար, կաթնամթերքը, պանիրը և ձուն էժանացել են 2.2%-ով, մսամթերքը՝ 3.5%-ով, շաքարավազը՝ 4.2%-ով և այլն։

Ոչ պարենային ապրանքների գներ

2019թ. հոկտեմբերին, 2018թ. հոկտեմբերի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.2% գնաճ: Մասնավորապես, հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 10.0% և 9.5% գնանկում։ 

Ծառայությունների սակագներ

Մատուցված ծառայությունների ոլորտում 2019թ. հոկտեմբերին, 2018թ. հոկտեմբերի համեմատ, գրանցվել է սակագների 1.3% հավելաճ, իսկ 2019թ. սեպտեմբերի համեմատ սակագների մակարդակը մնացել է անփոփոխ: 2019թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հյուրանոցային ծառայությունների սակագները նվազել են 2.4%-ով, մարդատար տրանսպորտի ծառայություններինը՝ 1.2%-ով (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 5.4% նվազումով), հանգստի կազմակերպման համալիր ծառայություններինը՝ 0.9%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների և սպասարկման ծառայությունների՝ (ռեստորաններ, սրճարաններ և համանման կազմակերպություններ) սակագների 0.1% հավելաճ, իսկ կրթության, բնակարանի նորոգման և սպասարկման, կենցաղային սարքերի նորոգման, բժշկական, կապի, վարսավիրանոցների և անձնական խնամքի սպասարկման սրահների, իրավաբանական ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 

Արտարժույթի շուկա

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 476.3 դրամ, ինչը 1.8%-ով ցածր է 2018թ. հոկտեմբերի համապատասխան ցուցանիշից (484.9 դրամ): 

Իսկ հունվար-հոկտեմբերին, 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, գնաճը կազմել է  1.6%: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter