HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կենտրոնական բանկը քննարկում է գնաճի թիրախը վերանայելու հարցը

Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) այս տարվա համար կանխատեսում է 7.1% տնտեսական աճ, որի շարժիչ ուժերն են լինելու ծառայություններն ու արդյունաբերությունը։ Մյուս ոլորտները կունենան ավելի թույլ ազդեցություն, իսկ գյուղատնտեսությունը կշարունակի զսպել տնտեսական աճը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը այսօր տեղեկացրեց Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը։ Լրագրողներին էր ներկայացվում 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի ֆինանսական կայունության հաշվետվությունը։

Ավելի վաղ ԿԲ-ն իր սեպտեմբերյան կանխատեսման մեջ տնտեսական աճի սպասվող ցուցանիշ էր նշել 6.9%-ը, սակայն վերանայել է։ «Դրական զարգացումները փոքր-ինչ ավելի էին, քան մենք սպասում էինք։ Մասնավոր սպառումն այստեղ էական դեր ունի, բարելավվել է նաև զուտ արտահանման դինամիկան»,- նշեց Վահագն Գրիգորյանը։

Գնաճի թիրախը կարող է վերանայվել

Անդրադառնալով գնաճին՝ նա հայտնեց, որ ԿԲ-ի կանխատեսմամբ 2019 թվականը կամփոփվի 1.5% գնաճով. հնարավոր է նաև փոքր-ինչ ավելի ցածր լինի։ Ընդհանուր առմամբ, այս տարի գնաճը Կենտրոնական բանկի նախանշած թիրախից ցածր է։ Ցածր գնաճը, ըստ ԿԲ մասնագետի, հիմնականում պայմանավորված է առաջարկի գործոնով՝ գյուղմթերքի գներն են նվազել, ինչպես նաև այն ապրանքների, որոնք ներմուծվում են և համաշխարհային շուկայում դրանց գները նվազել են։ Մյուս գործոնը կարող է պայմանավորված լինել որոշ շուկաներում մրցակցության սրմամբ, որը կարող է հանգեցնել այդ շուկաներում գնանկման։ Այս վարկածը և դրա ազդեցությունը ԿԲ-ն դեռ ուսումնասիրում է։

Հիշեցնենք, որ ԿԲ-ն որպես 12-ամսյա գնաճի թույլատրելի միջակայք է ընտրել 4 +/-1.5 %-ը: Այսինքն՝ համարվում է, որ գնաճի 2.5-5.5%-ի միջակայքը գնաճի այն թիրախն է, որը կարող է նպաստել տնտեսական աճին։ Օրինակ՝ վերջին տվյալներով այս տարվա հոկտեմբերին, ըստ Վիճակագրական կոմիտեի, գրանցվել է 0.9% գնաճ, սեպտեմբերին՝ 0.5%, որը ԿԲ-ի նախանշած միջակայքից բավականին ցածր է։

Ըստ Վահագն Գրիգորյանի՝ ԿԲ-ն, սակայն, չի շտապում գնաճը վերադարձնել 4 +/-1.5 % միջակայք։ «Մենք այս պահին չենք նպատակադրում գնաճը արագ վերադարձնել 4 +/-1.5 % թիրախին։ Մենք նպատակադրել ենք դա անել երեք տարում։ Գնաճի աստիճանական վերականգնումն ապահովելու համար դրամավարկային պայմանները բավարար խթանող են»,- նշեց նա։

Պատասխանելով քննադատություններին, թե ցածր գնաճի հետևանքով դանդաղում է տնտեսական աճը, Վահագն Գրիգորյանն ասաց, որ գների կայունությունը տնտեսական աճի զարգացման գրավականներից մեկն է. «Ներդրումներ կատարելիս մարդկանց համար շատ կարևոր է կայունությունը, իսկ գնաճի բարձր տեմպերը որոշակի անորոշություններ են ստեղծում մարդկանց համար։ Մեր կարծիքով՝ այս պահի գնաճը նպաստում է մեր երկրում գների կայունությանը և դրա միջոցով ազդում է տնտեսական աճի վրա»։

ԿԲ-ն, ըստ Վահագն Գրիգորյանի, ներկայում քննարկում է գնաճի 2.5-5.5 %-ի միջակայքը վերանայելու հարցը։ Հնարավոր է՝ սահմանվի ավելի ցածր միջակայք։ Գրիգորյանի խոսքով՝ ԿԲ-ն դա քննարկում է ոչ թե այն պատճառով, որ գնաճը ներկայում ցածր է, այլ հասկանալու համար, թե գնաճի որ մակարդակն է ներկայում ամենաշատը նպաստում գների կայունությանը։ «Եթե 4% գնաճի մակարդակում մարդիկ չեն զգում կայունություն և անհանգստանում են բարձր գնաճով, դա նշանակում է, որ դա այդքան էլ համարժեք չէ գների կայունության պահպանմանը։ Մենք հիմա դա քննարկում ենք։ Բավականին շատ վերլուծություններ պետք է անենք։ Այլ գործոններ էլ կան, որ պետք է հաշվի առնենք»,- հայտարարեց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter