HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նրան գրավով ազատելու նոր միջնորդություն են ներկայացրել՝ հաշվի առնելով ՍԴ որոշումը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նրան գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն են ներկայացրել՝ հիմքում (ի թիվս այլ հանգամանքների) դնելով Սահմանադրական դատարանի հոկտեմբերի 15-ի որոշումը գրավի կիրառման վերաբերյալ:

Սահմանադրական դատարանում գրավի կիրառման գործի քննության առիթը եղել է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի 2019 թվականի ապրիլի 16-ի դիմումը, որն առնչվել է մեկ այլ գործին:

ՍԴ-ն արձանագրել է, որ գրավի կիրառումը՝ միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով, հակասում է Սահմանադրությամբ ամրագրված անձի ազատության իրավունքին:

Ըստ ՍԴ դիրքորոշման՝ ազատության իրավունքին հակասող է նաև Քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասը՝ այնքանով, որքանով որ գրավը պետության եկամուտ դարձնելը հնարավոր է համարում միայն քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու կամ առանց թույլտվության այլ տեղանք մեկնելու համար:

«Գրավը պետք է և՛ խոչընդոտելու, ևև թաքնվելու դեպքում կիրառվի»,- ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը՝ հղում կատարելով ՍԴ որոշմանը:

Վերջինս հիշեցրեց, որ նախկինում իրենք Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել, որը դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է: Դատարանը գտել է, որ թեև գործի քննությանն ամբաստանյալ Քոչարյանի կողմից խոչընդոտելու ռիսկը նվազել է՝ այդպիսի ռիսկ, այնուամենայնիվ, առկա է:

Ըստ պաշտպանի՝ նկատի ունենալով, որ Սահմանադրական դատարանի հայտնած իրավական դիրքորոշման լույսի ներքո, ըստ էության, գրավը կարող է զսպել նաև գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը, ուստի Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու նոր միջնորդություն են ներկայացնում:

Արամ Վարդևանյանը նշեց, որ նախորդ անգամ, երբ քննարկվել է գրավի միջնորդությունը, որոշակի հանգամանքներ պատշաճ ուշադրության չեն արժանացել, օրինակ՝ այն, որ ՍԴ-ն վարույթ է ընդունել Քոչարյանին վերագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ դիմումը, այն, որ հոկտեմբերի 11-ին Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը բեկանելու դատական ակտի դեմ Քոչարյանի պաշտպանների բողոքը:

Վարդևանյանը հիշեցրեց նաև, որ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդության քննության ընթացքում մեղադրող կողմը գտել է, որ առկա են նրա թաքնվելու և գործի քննությանը խոչընդոտելու ռիսկեր:

Ըստ Արամ Վարդևանյանի՝ այդ բոլոր ռիսկերը վերացական են:

«Ռիսկերը պետք է ռեալ լինեն, իսկ գործի նյութերից երևում է, որ Քոչարյանը ազատության մեջ գտնվելու ընթացքում չի կատարել քննությունից խուսափելուն, թաքնվելուն ուղղված գործողություն»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Վերջինս նշեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանը ևս արձանագրել է, որ թաքնվելու ռիսկ չկա, և մեղադրող կողմն այս հանգամանքը չի բողոքարկել:

Ինչ վերաբերում է խոչընդոտելու ռիսկին, Վարդևանյանը նշեց, որ դատախազ Գևորգ Բաղդասարյանը դիրքորոշում է հայտնել, թե այդ ռիսկը պետք է գնահատել՝ նկատի ունենալով նաև ՀՔԾ-ում 2008 թվականին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ դեռևս քննվող գործով անձանց վրա հավանական ազդեցությունը:

Ըստ Արամ Վարդևանյանի՝ սույն գործի քննության ընթացքը խոչընդոտելու հանգամանքը չի կարող  դիտարկվել մեկ այլ քրեական գործի քննության ընթացքը խոչընդոոտելու հավանականության համատեքստում: Վարդևանյանը նշեց, որ նման դիրքորոշում հայտնել է նաև դատավոր Աննա Դանիբեկյանը, և մեղադրող կողմն այս հանգամանքը ևս չի բողոքարկել:

Անդրադառնալով Վարդևանյանի խոսքին՝ մեղադրող Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ եթե դատավոր Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 20-ի որոշումը չի վիճարկվել, դա դեռևս չի նշանակում, որ դատախազությունը համաձայն է դրա պատճառաբանական մասում արված բոլոր հիմնավորումների հետ:

«Մենք շարունակում ենք պնդել, որ առկա են ինչպես քննության ընթացքը խոչընդոտելու, այնպես էլ քննությունից թաքնվելու ռիսկեր»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը:

Դատախազի խոսքով՝ օրենքը իրենց թույլ չի տալիս բողոքարկել դատավոր Աննա Դանիբեկյանի  կայացրած որոշման այն հիմնավորումները, որոնց հետ իրենք համաձայն չեն:

Բաղդասարյանն, անդրադառնալով գրավի վերաբերյալ Սահմանադրական դատարանի հայտնած իրավական դիրքորոշմանը, նշեց, որ ՍԴ-ն, այո, արձանագրել է, որ գրավը կարող է լինել քննությանը խոչընդոտելու ռիսկը զսպող միջոց, բայց չի արձանագրել և չէր էլ կարող արձանագրել, որ կոնկրետ գործով գրավի կիրառումը կարող է չեզոքացնել գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը:

Դատախազի խոսքով՝ հանգամանքը, որ ազատության մեջ գտնվելու ընթացքում Քոչարյանը գործի քննության ընթացքը խոչընդոտելու քայլին չի դիմել դեռևս բավարար չէ փաստելու, որ այդ ռիսկերը վերացված են: Դատախազը հիշեցրեց, որ այն հինգ ամիսների ընթացքում, երբ Քոչարյանն ազատության մեջ է եղել, դատական կարգով վիճարկվելիս է եղել նրան ազատ արձակելու որոշումը, և ակնհայտ է եղել, որ նրա կողմից որևէ անթույլատրելի գործողությունը բացասական հետևանքներ է ունենալու նրա համար:

Անդրադառնալով Արամ Վարդևանյանի հայտնած դիրքորոշմանն այն մասին, որ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ դատախազության մատնանշած ռիսկերը վերացական են, Բաղդասարյանը նշեց, որ կալանավորման հիմքերն ունեն կանխատեսական բնույթ, և պարտադիր չէ, որ ռիսկը գնահատելիս դրա տակ կոնկրետ գործողություններ լինեն, ռիսկերը գնահատելիս պետք է հաշվի առնել անձի ռեսուրսները, կապերը և այլ հանգամանքներ, որոնք բազմիցս ներկայացվել են:

Ըստ Գևորգ Բաղդասարյանի՝ առկա է՝ այս գործով անցնող որպես վկա ներգրավված անձանց վրա ազդեցություն գործելու վտանգ:

«Քննությանը խոչընդոտելու գործողությունները կատարվել են դեռ 2008-ի մարտի 1-ին»,- իր խոսքում նշեց Գևորգ Բաղդասարյանը՝  հիշեցնելով, որ ՀՔԾ-ում քննվում են այլ մեղադրյալների վերաբերյալ գործեր, որոնք դեռևս դատարան չէր ուղարկվել: Ըստ Գևորգ Բաղդասարյանի՝ որքան շուտ այս գործով անցնեն դատաքննության փուլ, այնքան ավելի շուտ կհիմնավորվի իրենց կողմից մատնանշված ռիսկերի առկայությունը:

Միանալով Գևորգ Բաղդասարյանի ներկայացրած դիրքորոշումներին՝ գործի նկատմամբ հսկողություն իրականացնող մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն անդրադարձավ Արամ Վարդևանյանի հայտնած այն դիրքորոշմանը, որ դատախազությունը չի բողոքարկել դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած դատական ակտը:

Պետրոսյանը նշեց, որ խափանման միջոցի վերաբերյալ կայացված որոշումը, որը փոխելու, ընտրելու կամ վերացնելու վերաբերյալ չէ, վերադասության կարգով բողոքարկման ենթակա չէ, և Վճռաբեկ դատարանը դրա վերաբերյալ ունի հայտնած իրավական դիրքորոշում: Նշենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշմամբ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը մնացել էր անփոփոխ, այսինքն՝ նրա կայացրած դատական ակտը խափանման միջոցը փոփոխելու, ընտրելու կամ վերացնելու մասին չէր:

Անդրադառնալով գրավի կիրառման վերաբերյալ ՍԴ-ի հայտնած դիրքորոշմանը՝ Պետրոսյանը նշեց, որ Սահմանադրությանը հակասող ճանաչված վերոնշյալ դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետը սահմանել է 2020 թվականի ապրիլի 15-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին:

Այսպիսով՝ մեղադրող, ինչպես նաև տուժող կողմն առարկեց Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության դեմ, իսկ գործով ամբաստանյալներն ու վերջիններիս պաշտպանները միացան միջնորդությանը: Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի նոյեմբերի 7-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter