
Մանվել Գրիգորյանը պատրաստ է «Արա և Այծեմնիկ»-ի 100 տոկոս բաժնետոմսերը՝ 109 միավոր անշարժ գույք, փոխանցել դատարանի դեպոզիտ հաշվին
Մանվել Գրիգորյանը պատրաստ է «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը՝ 109 միավոր անշարժ գույք, փոխանցել դատարանի դեպոզիտ հաշվին՝ որպես իրեն վերագրվող հանցագործությամբ պատճառված առերևույթ վնասի փոխհատուցում:
Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը: Գրիգորյանն այսօր վերը նշվածի վերաբերյալ գրություն է ուղարկել դատարան:
Մկրտչյանի խոսքով՝ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի 20 տոկոս գույքը գույքագրվել է անկախ փորձագետների կողմից, և գույքի միայն 20%-ի արժեքը կազմում է 1,5 մլրդ դրամ:
Նշենք, որ ավելի վաղ Գրիգորյանը ցանկություն է հայտնել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը: Խոսքն ընկերության 100 տոկոս բաժնեմասը պետությանը տրամադրելու մասին է: Ըստ պաշտպանական կողմի՝ ընկերության տարածքի շուկայական արժեքը մոտ 5 մլրդ դրամ է, որը մի քանի անգամ գերազանցում է պետությանը պատճառված ենթադրյալ վնասի չափը:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Այսօրվա դատական նիստին Գրիգորյանը նորից չի ներկայացվել դատարան: Նրա պաշտպանները հերթական միջնորդությունն են նեկայացրել՝ նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ, որը մերժվել է:
Մեկնաբանել