HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դասադուլ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում. ուսանողներն ու դասախոսները դեմ են նախարար Արայիկ Հարությունյանի որոշմանը

Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսանողները այսօր վաղ առավոտից դասադուլ են անում ։

Պատճառը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հայտարարությունն է, ըստ որի` հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները բուհական ծրագրերում դառնալու են ոչ պարտադիր։

Այս մասին հոկտեմբերի 23-ին, կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ընթացքում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություն է նախատեսում, ըստ որի բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները չեն լինի պարտադիր ուսուցման առարկաներ: Դրանք չեն հանվի ուսումնական ծրագրից, բայց կկրեն հայեցողական բնույթ։

«Մենք գիտենք, որ օրենքի նախագիծը դեռ մշակման փուլում է, բայց նախարարն այնքան հաստատակամ էր խոսում, որ մենք մտավախություն ունենք, որ նա կանի նման բան»,֊ասում է դասադուլի կազմակերպիչ, բանասիրության ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանը։ 

Բանասիրության  ֆակուլտետի  դասախոս, դոցենտ Արշալույս Գալստյանի կարծիքով` օրենքի ընդունումից հետո մայրենին կորցնելու է իր դերն ու նշանակությունը. «Մայրենիի կորուստը, կարծում եմ, մեզանից յուրաքանչյուրը հասկանում է, թե ինչ է նշանակում մեր նման փոքր ազգի համար»:

 

Ֆակուլտետի ուսանող Մարիամ Գրիգորյանը հավելում է. «Հայոց լեզուն, հայ գրականությունը, հայոց պատմությունը հանելով ոչ պարտադիր առարկաների շարքից` մեծ հարված կհասցվի մեր կրթական համակարգին։ Պետք է նախարար Արայիկ Հարությունյանը վերանայի որոշումը»: 

«Սա շատ լուրջ հարված է լինելու մեր ազգային ինքնությանը, մեր դիմագծին, մեր պետականությանը, վստահ եմ, որ այս նախագիծը, բացի փլուզումից և կործանումից, մեր ազգին ոչինչ չի տալու»,- ասում է Բանասիրության ֆակուլտետի 2րդ կուրսի ուսանող Ամալյա Հարությունյանը։ 

Բանասիրության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Անահիտ Մովսիսյանին անհանգստացնում է այն փաստը, որ մեր  համալսարանները համեմատում են Օքսֆորդի և Հարվարդի համալսարանների հետ` հաշվի չառնելով, որ Հայաստանում չկա այդ կրթական մակարդակը։Նրա խոսքով` եթե այս նախազգուշական դասադուլն արդյունք չտա, ցույցերը կշարունակեն Ազգային ժողովի բակում։

ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի բակում ակցիայի կազմակերպիչ, ուսանող Գևորգ Գյուլումյանը հայտարարեց, որ սա իրենց գործողությունների սկիզբն է ու կոչ արեց նախարար Արայիկ Հարությունյանին որոշում կայացնելուց առաջ ծանրութեթև անել։

ՀՊՏՀ ուսանող Գեղարդ Մութաֆյանը ևս միացել է դասադուլին, նրա խոսքով՝ ծրագիրն ապազգային է։ Այս տարվա հայոց լեզվի միասնական քննության արդյունքները, որից անբավարար էր ստացել 1300-1500 ուսանող, հուշում են, որ առարկաները կամընտրային չպետք է դառնան։

Ֆակուլտետի առաջ հավաքված ուսանողները նախարար Արայիկ Հարությունյանին  կոչ արեցին. «Պատվով հեռացի՛ր»: 

Ի պատասխան դասադուլի` նախարարությունը հաղորդագրություն տարածեց` հիշեցնելով, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծով յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր:

Անյա Սարկիսովա, Գայանե Հովսեփյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter