HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Չաշխատող վարկերի տեսակարար կշիռն առաջին կիսամյակում աճել է

Հայաստանի ֆինանսական համակարգի խոշորագույն մասնակիցները շարունակում են մնալ բանկերը։ Այս տարվա առաջին կիսամյակի վերջի դրությամբ ֆինանսական համակարգում, ըստ ակտիվների, բանկերը զբաղեցնում են 84.1%-ը, հաջորդում են վարկային կազմակերպությունները՝ 10.1%-ով, որից հետո կենսաթոշակային ֆոնդերն են՝ 3.2%-ով։ Իսկ ապահովագրական ընկերությունների, ներդրումային ընկերությունների և այլ ֆինանսական կազմակերպությունների տեսակարար կշիռը 0.8-0.9% է։

Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական բանկի (ԿԲ) ներկայացրած 2019թ. առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվությունից, կիսամյակի ընթացքում բանկային համակարգի կողմից տնտեսությանը տրամադրված վարկային պորտֆելն աճել է 5.6%-ով՝ կազմելով 3 տրլն 389 մլրդ դրամ, ընդ որում՝ իրավաբանական անձանց տրամադրված վարկերը նվազել են 0.2%-ով, իսկ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերն ավելացել են 14.7%-ով։

Ռիզիդենտների վարկային ներդրումներում առավել խոշոր տեսակարար կշիռ ունեն սպառողական վարկերը և առևտրի ոլորտին տրամադրված վարկերը՝ համապատասխանաբար 25.1% և 14.6%:

Ըստ արժույթային կառուցվածքի՝ վարկային պորտֆելում արտարժույթային վարկերի տեսակարար կշիռը նվազել է 2.6 տոկոսային կետով և կազմել 54.5%:

Ըստ վարկային պորտֆելի ռիսկայնության՝ չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի (հսկվող, ոչ ստանդարտ և կասկածելի ռիսկային դաս ունեցող) տեսակարար կշիռը ընդհանուր վարկերում և դեբիտորական պարտքերում ավելացել է 0.7 տոկոսային կետով և կազմել 5.1%: Մասնավորապես, հսկվող վարկերի տեսակարար կշիռը կազմել է 2.2%, ոչ ստանդարտ և կասկածելի վարկերի կշիռը՝ 1.5%, իսկ դեբիտորական պարտքերինը՝ 1.7%: Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի տարվա վերջի դրությամբ այս ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 1.4%, 1.2% և 1.7%: Չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռը համեմատաբար բարձր է մշակող արդյունաբերության, սպառողական և գյուղատնտեսության ոլորտի վարկերում։

ԿԲ-ն հաշվետվության մեջ հարկ է համարել շեշտել, որ չնայած կիսամյակի ընթացքում չաշխատող վարկերի տեսակարար կշռի որոշակի աճին, այն զգալի զիջում է վերջին տարիների միջին ցուցանիշին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը, ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը նշել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ֆինանսական համակարգը պահպանել է կայունությունը, և այն խոցող ռիսկերի աճ չի արձանագրվել։ Ինչպես նաև ցածր է գնահատվել բանկային համակարգում անվճարունակության խնդիրների ի հայտ գալու հավանականությունը։

Իրացվելիության որոշակի նվազման միտումներ կան

Վարկավորման աճի ակտիվացման պայմաններում, ըստ Կենտրոնական բանկի, այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է բանկային համակարգի իրացվելիության որոշակի նվազում։ Տարեսկզբի համեմատությամբ առևտրային բանկերի ընդհանուր և ընթացիկ իրացվելիության նորմատիվային ցուցանիշները նվազել են համապատասխանաբար 0.1 և 5.2 տոկոսային կետով և կազմել 27.2% և 111.4%:

Այս տարի աճել են նաև բանկերի պարտքերը։ Տարեսկզբի նկատմամբ բանկերի արտաքին վարկային պարտավորություններն ավելացել են 2.3%-ով։ Հիմնական վարկատուներն են Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, ԱՄՆ-ն և Իռլանդիան։

Ընդհանուր առմամբ, ԿԲ մասնագետները եզրակացրել են, որ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ բանկային համակարգի արտարժութային, տոկոսադրույքի և գնային ռիսկերը շարունակում են մնալ կառավարելի մակարդակում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter