
Վարկային կազմակերպությունների գերակշիռ մասը շահույթով է աշխատում
Հայաստանի ֆինանսական համակարգի երկրորդ խոշոր հատվածը վարկային կազմակերպություններն են, որոնց ակտիվներն այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ կազմել են ընդհանուր ֆինանսական համակարգի 10.1%-ը։ Առաջին տեղում բանկերն են։
Ընդհանուր առմամբ, տարվա առաջին կիսամյակը վարկային կազմակերպությունների մեծ մասի համար հիմնականում բարեհաջող է ընթացել. մի շարք ցուցանիշներով աճ է գրանցվել։ Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական բանկի (ԿԲ) ներկայացրած 2019թ. առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվությունից, գործող 39 վարկային կազմակերպությունների զուտ շահույթն առաջին կիսամյակում կազմել է 37.3 մլրդ դրամ, ընդ որում՜ շահույթով է աշխատել 32 վարկային կազմակերպություն, իսկ վնասով՝ 7-ը։
Կիսամյակի ընացքում վարկային կազմակերպությունների ակտիվներն աճել են 13.9%-ով, պարտավորությունները՝ 29.4%-ով, իսկ կապիտալը՝ 0.2%-ով։
Ինչ վերաբերում է չաշխատող վարկերին և դեբիտորական պարտքերին, ապա դրանց տեսակարար կշիռը 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում վարկային պորտֆելում աճել է 0.7 տոկոսային կետով և կազմել 5.8%:
Վարկերի ճյուղային բաշխվածության տեսանկյունից՝ չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռները համեմատաբար բարձր են սպառողական, առևտրի և գյուղատնտեսության ոլորտների տրամադրված վարկերում։ Այն բավականին բարձր է հատկապես սպառողական վարկերում՝ 21.2%: Առևտրի և գյուղատնտեսական վարկերում այն շուրջ 8% է, մնացած ոլորտներում՝ ավելի ցածր։
Բանկային համակարգի համեմատությամբ՝ վարկային կազմակերպությունների կապիտալացումն ավելի բարձր է և ըստ տարբեր սթրես-սցենարների՝ վարկային կազմակերպությունները լիովին ունակ են կլանելու հնարավոր վնասները, եզրակացրել է Կենտրոնական բանկը։
Մեկնաբանել