HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը ազատ է արձակվել

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, այսօր որոշել է  կալանքից ազատել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Փանոսյանի պաշտաններից Տիգրան Աթանեսյանը:  Փանոսյանը ազատ է արձակվել նիստերի դահլիճից, պաշտպանի խոսքով՝ դատարանն արձանագրել է, որ առկա չէ հիմնավոր կասկած առ այն, որ Նորայր Փանոսյանը կատարել է իրեն վերագրվող արարքը:

Նշենք, որ անձին թույլատրվում է ազատությունից զրկել բացառապես հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում:

Աթանեսյանի խոսքով՝ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել նաև Փանոսյանի ձերբակալման որոշումը:

Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանն անազատության մեջ էր սեպտեմբերի 28-ից: Քննչական կոմիտեն նրան մեղադրանք էր առաջադրել և միջնորդություն ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Ըստ տարածած հաղորդագրության՝ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում Նորայր Փանոսյանի, արդարադատության նախարարության ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ:

Մասնավորապես, ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության՝ կատարված նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Նորայր Փանոսյանը, 2011-2014թթ. զբաղեցնելով արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական, տնօրինչական, կարգադրիչ ու վերահսկողական լիազորություններով, դեռևս չպարզված, նույն նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ միասին, շահադիտական նպատակներով, ինչպես նաեւ անձնական այլ շահագրգրվածությունից և խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2012-2013թթ. ընթացքում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքում իրենց գործունեությունն իրականացնող նոտարներին տրված բանավոր կարգադրություններով և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով, իսկ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 43 շենքի 55 հասցեի տարածքում գործող նոտարին՝ տարածքի սեփականաշնորհմանն իրենց ներգրավվածության մասին անուղղակի տեղեկացնելով, զրկել են վերջիններիս «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ որպես նախկինում նշանակված և որակավորման քննություն հանձնած նոտարների, իրենց անհատույց օգտագործման իրավունքը գրանցել իրենց միջոցներով վերանորոգված եւ իրենց կողմից զբաղեցված՝ ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի թիվ 604-Ն որոշմամբ Երեւան քաղաքի սեփականություն հանդիսացող վերը նշված տարածքների նկատմամբ՝ նպատակ ունենալով ինքնուրույն ձեռք բերել այդ անշարժ գույքերը, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության, Երևան համայնքի, ինչպես նաեւ նշված նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:

Դատարանը, փաստորեն, գտել է, որ առկա չէ հիմնավոր կասկած այն մասին, որ Փանոսյանը կատարել է վերը նկարագրված արարքները:

Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Փանոսյանի պաշտպանները բողոք էին ներկայացրել, և գործը մակագրվել էր դատավոր Անդրանիկ Մնացականյանին: Բողոքի քննության գործով առաջին նիստի ընթացքում, սակայն, պաշտպաններ Տիգրան Աթանեսյանը, Հովսեփ Սարգսյանը և Վարազդատ Բադալյանը դատավոր Մնացականյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ դատավորը գործով դատախազի մտերիմ ընկերն է, և Մնացականյանը բավարարել էր միջնորդությունը: Հետագայում գործը մակագրվել է դատավոր Սերգեյ Մարաբյանին:

Լուսանկարում ձախից՝ Տիգրան Աթանեսյանը, աջից՝ Նորայր Փանոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter