HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկատան շրջանավարտների համար բնակարան գնելու նպատակով 1․9 միլիարդ հատկացվեց

Կառավարության պահուստային ֆոնդից 2 միլիարդ 380 միլիոն դրամ հատկացվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ մի շարք ծրագրեր իրականացնելու համար։

Ամենամեծ հատկացումը՝ 1 միլիարդ 900 միլիոն դրամ, ուղղվեց «Մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» ծրագրին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի փոխանցմամբ՝ նման ծրագիր դեռևս չի իրականացվել։ Նա նշեց, որ շահառուներին կտրամադրվի 6 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ բնակարանների գնման վկայագրեր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այս նախագծին, ասաց․ «Սա շատ կարևոր նախագիծ է, բայց ես ուզում եմ մի խոստավանություն անել։ Մենք մանկատան երեխաների համար բնակարաններ ենք գնում և շատ ճիշտ ենք անում, բայց ես ուզում եմ ասել, որ մեծ հաշվով այսպիսի որոշման հետ հայեցակարգային խնդիր ունեմ ռազմավարական առումով։ Որովհետև ես կնախընտրեի, որ այս 1 միլարդ 900 միլիոն դրամը սկզբում ծախսված լիներ իրենց կրթության վրա, որպեսզի այսօր իրենք ոչ մեկի կարիքը չունենային, այսօր գնային, օրինակ, IT ոլորտում 100 տոկոսով երաշխավորված աշխատանք ունենային, վարձով ապրեին 6 ամիս, մեկ տարի և իրենց վաստակած աշխատանքով հիպոթեքային վարկ վերցնեին, բնակարան գնեին։ Այսօր այսպիսի վերաբերմունք չենք կարող ունենալ, որովհետև 20 տարի առաջ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառով այս քաղաքականությունը չի վարվել․․․Բնակարան տվեցինք, հետո ի՞նչ է լինելու, սա է ամենակարևոր խնդիրը։ Մենք ինչ երաշխիք ունենք, որ այդ մարդիկ այդ բնակարանը չեն վաճառելու, ստիպված հետո ինչ-ինչ կարիքներ լուծեն։ Սա մենք անում ենք այնքանով, որ մենք մեզ համար հանգիստ լինենք»,- նշեց նա։

Բացի այդ, Կառավարությունը 270 միլիոն դրամ հատկացրեց նախարարությանը, որպեսզի համայնքային փոքր տներ և սոցիալական բնակարաններ գնի այն քաղաքացիների համար, որոնց 18 տարին լրացել է, սակայն շարուանկում են բնակվել մասնագիտացված մանկատանը կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց խնամքի հաստատություններում։

Զարուհի Բաթոյանի հաղորդմամբ՝ նախարարությունը նախատեսում է գնել և կահավորել հինգ տուն և հինգ բնակարան 18 տարին լրացած, հաշմանդամություն ունեցող շուրջ 60 մարդու համար։

145 միլիոն դրամ հատկացվեց նաև տուն-ինտերնատների և խնամքի կենտրոնների գույք և սարքավորումներ գնելու համար, 270 միլիոն դրամ՝ նախարարության շենքերի և բնակարանների ձեռքբերմանն ու կահավորմանը, 43 միլիոն դրամ էլ՝ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» շինարարական աշխատանքներին, իսկ 22 միլիոն դրամ՝ նախարարության ենթակայության կազմակերպություններում իրականացվող  հիմնանորոգման աշխատանքների նախագծանախաշվային փաստաթղթերի կազմմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter