«Համաշխարհային բանկը վստահում է ՀՀ կառավարությանը»
Համաշխարհային բանկն արտոնյալ պայմաններով 80 մլն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրել ՀՀ կառավարությանը՝ աջակցելու կառավարության որդեգրած քաղաքականությանը. նվազեցնել աղքատությունը, բարձրացնել սոցիալապես անապահով խմբերի կենսամակարդակը և տնտեսական մրցունակությունը, ինչպես նաև բարելավել բիզնես միջավայրը: Վարկը տրամադրվել է 25 տարով, 1,25 տոկոսավճարով:
Վարկը տրամադրվել է ՀԲ-ի «Զարգացման քաղաքականության գործառնություններ» ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2009 թ.-ին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը նշեց, որ ՀԲ-ի տրամադրած գումարը նշանակում է, որ նախկինում տրված գումարները ծառայել են իրենց նպատակին, և ՀԲ-ն պատրաստակամ է օգնել ՀՀ կառավարությանը: Հակառակ դեպքում գումարը կամ չէր տրվի կամ կլիներ շատ ավելի պակաս:
Նա նշեց, որ ծրագրի շրջանակներում 2009 թ.-ին գումարը կազմել է 60 մլն դոլար, 2010 թ.-ին՝ 25 մլն: Եթե նախքան համաշխարհային ճգնաժամը երկրում աղքատությունը 25 % էր, ապա մեկ տարվա ընթացքում այդ թիվը դարձել է 34 %: Կ. Խաչատրյանը համոզված է, որ եթե չլիներ կառավարության վարած քաղաքականությունը, ապա այդ ցուցանիշը կարող էր լինել 50 և ավել տոկոս:
Բացի այդ՝ Կ. Խաչատրյանի խոսքերով՝ վերջին 3 տարվա ընթացքում սոցիալական ծրագրերին պետբյուջեից ուղղված գումարները կրկնապատկվել են: Եթե 2007 թ.-ին սոցիալական խնդիրների լուծմանը տրամադրվել է 140 մլրդ դրամ, ապա 2011 թ.-ին՝ 207 մլրդ, 2007 թ.-ի աղքատության 17 հազար 500 դրամ նպաստ 2011 թ.-ին դարձել է 27 հազար դրամ:
Սակայն տնտեսագետը կարծում է, որ այս բնագավառում դեռևս կան անելիքներ: Նրա խոսքերով՝ աղքատություն ասելով պետք է հասկանալ ոչ միայն կենսական պահանջների բավարարումը, այլև սոցիալական ծրագրերի հասանելիությունը՝ կրթական, առողջապահական, կոմունալ և այլն:
Կ. Խաչատրյանի կարծիքով՝ 1992 թ.-ից ՀԲ-ի կողմից Հայաստանին արտոնյալ պայմաններով տրամադրված շուրջ 1,5 մլրդ դոլարի վարկը էապես նպաստել է ՀՀ տնտեսության զարգացմանը: Նա նշեց, որ ՀԲ-ն գումար տրամադրելիս հաշվի է առնում նախկինում տրամադրված գումարների արդյունավետ օգտագրծումը: Եվ ՀԲ-ի փորձագետները բարձր են գնահատում վերջին 4 տարվա ընթացքում ՀՀ-ում բիզնես ոլորտում կատարված բարեփոխումները: Եթե 2007 թ.-ին տարվա կտրվածքով բիզնեսի կողմից հարկային վճարումների քանակը եղել է 50 %, 2011 թ.-ին այն դարձել է 36 %, հարկային պարտավորությունները կատարելու համար ծախսվող ժամանակը 1120 ժամից դարձել է 300 ժամ:
Կ. Խաչատրյանի խոսքերով՝ Համաշխարհային բանկը լուրջ վստահությունի ունի ՀՀ կառավարության նկատմամբ: Չնայած տրամադրված վարկը մեծացնելու է ՀՀ-ի արտաքին պարտքը, սակայն տնտեսագետի համոզմամբ՝ փոխարենը տրամադրված գումարը կնպաստի իրականցնել սոցիալական ծրագիրը, և արտաքին պարտքը դրանից էապես չի ավելանա:
Վերջինս չի բացառում, բայց և քիչ հավանական է համարում համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքը: Տնտեսագետը համոզված է, որ Հայաստանն այսօր շատ ավելի պատրաստ է դիմակայել ճգնաժամին, քան 2008 թ.-ին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել