HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազատազրկվածներին ավելի շատ տույժի են ենթարկում, քան՝ խրախուսում

Քրեական արդարադատության ոլորտում պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև՝ կանխել հանցագործությունները: Այսինքն՝ որդեգրված քաղաքականությունը միտված է անձի ուղղմանը:

Այցելել ենք 10 քրեակատարողական հիմնարկներ, զրուցել նաև դատապարտյալների հետ: Վերջիններիս հիմնական դժգոհությունը վերաբերում էր հենց ուղղման աշխատանքների բացակայությանը, պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի անկատար լինելուն:

Քրեակատարողական ծառայությունից «Հետք»-ին փոխանցեցին, որ 2019թ. առաջին կիսամյակում 801 անձ ենթարկվել է 1064 կարգապահական տուժի, փոխարենը խրախուսվել է ընդամենը 31 անձ: Նշենք, որ 2018թ. խրախուսանքի է արժանացել 56 ազատազրկված անձ, իսկ 2017-ին՝ 73։

Ստացվում է, որ 2018-ին խրախուսանքի արժանացած ազատազրկված անձանց թիվը նվազել է 17-ով։ Մինչդեռ անհամեմատ ավելի մեծ է կարգապահական տույժերի ենթարկված ազատազրկված անձանց թիվը: 2018թ-ին կարգապահական տույժի է ենթարկվել 1561 ազատազրկված, իսկ 2017-ին՝ 1699: Կարգապահական պատասխանատվության ենթարկվածների թիվն էլ նվազել է 138-ով:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը, ով նաև ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ է, մեզ հետ զրույցում ասաց, որ դատապարտյալներից հաճախ են դժգոհություններ ստանում:

«Դատապարտյալներին հարցնում ենք՝ ինչո՞ւ խրախուսանք չունեք, նշում են, որ հիմնարկը որևէ պատճառ չունի մեզ խրախուսանքի ներկայացնելու համար: Ասում են՝ ինչի՞ համար պիտի խրախուսանք տան, որ պարապ, առավոտից երեկո խցում նստա՞ծ ենք»,- ասում է Ն. Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանի խոսքերով՝ ազատազրկված անձանց զբաղվածությամբ չապահովելը պատճառ է դառնում, որպեսզի նրանց դրական բնութագրելու կամ խրախուսանքի արժանացնելու պատճառ չունենա:

«Մյուս կողմից տեսնում ենք, որ միտումը պատժողական քաղաքականությանն է տանում, որովհետև անձին ավելի շատ հակված են ենթարկելու տույժի, քան խրախուսելու: Դա շատ պարզ երևում է նաև վիճակագրության մեջ»,- հավելում է Նարե Հովհաննիսյանը:

«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալներից Գևորգը, ով չցանկացավ ազգանունը նշել, քանի որ ճանաչելի կդառնա, ասաց, թե պայմանական վաղաժամկետ ազատումն ավելի մեծ սթրես է իրենց համար, քան բուն պատժի կրումը:

«Ամեն անգամ ներվ ենք փչացնում՝ դիմելով, վիզ ծռելով: Գիտենք, որ սուտ բան ա, բայց դե ոնց որ վերջին հույս, դիմում ենք: Ցավն էն ա, որ մեր կյանքում ոչինչ չի փոխվում, բայց ամեն անգամ ասում են՝ դեռ չի ուղղվել, աշխատանքները շարունակվում են»,- ասում է Գևորգը:

Հիշեցնենք, որ «Հետք»-ն անդրադարձել է դատապարտյալների զբաղվածության թեմային: Գրել էինք, որ 2019թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ 12 քրեակատարողական հիմնարկներում պահվում էր 1269 դատապարտյալ, որոնցից նույն ժամանակահատվածում վարձատրվող աշխատանքով ապահովվել էր ընդամենը 168 դատապարտյալ: 113 դատապարտյալ էլ ներգրավված է եղել չվարձատրվող աշխատանքներին հուլիսի 1-ի տվյալներով: Ստացվում է՝ վարձատրվող աշխատանքներ են կատարում ընդհանուր դատապարտյալների 13.2 %-ը, իսկ չվարձատրվողները 2019թ. առաջին կիսամյակի տվյալներով կազմում են 4,9 %:

Նարե Հովհաննիսյանը ուշադրություն հրավիրեց նաև արդարադատության նախարարի 2019թ. 198-Լ հրամանի վրա, որով կարգավորվում են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինվելու հարցերը:

Մասնավորապես՝ հրամանով ամրագրված է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինվելու վերաբերյալ զեկույցի կազմման համար դատապարտյալի անձնական գործի և վարքագծի փաստական նկարագրի վերաբերյալ ներկայացված տեղեկանքում ներառված տեղեկատվությունը գնահատվում է սահմանված չափորոշիչներով:

Այդ չափորոշիչները գնահատվում են 0-ից մինչև 5 միավորով և դրանց գումարման արդյունքում ստացված առավելագույն միավորը կազմում է 43 միավոր: Զեկույցը դրական է գնահատվում չափորոշիչների գումարման միջոցով 28 և ավելի միավոր կազմելու դեպքում: 28 միավորից պակաս կազմելու դեպքում զեկույցը գնահատվում է բացասական: Օրինակ՝ առավելագույն 5 միավոր է գնահատվում պատժի կրման ընթացքում 2 և ավելի անգամ խրախուսվելը, իսկ չխրախուսվելու՝ 0 միավոր: Չաշխատելու դեպքում դատապարտյալը ստանում է 0 միավոր, իսկ աշխատելու ցանկություն հայտնելու, սակայն աշխատելու հնարավորություն չլինելու դեպքում՝ 1 միավոր, աշխատելու դեպքում ստանում է 3 միավոր և այլն:

Դատապարտյալները բավարար միավորներ չեն հավաքում, քանի որ չկան համապատասխան պայմաններ, որը կշահագրգռեր անազատության մեջ հայտնվածներին րոպե առաջ հայտնվել ճաղավանդակներից դուրս կամ շարունակել պատիժը կրել ավելի մեղմ պատժատեսակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter