HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Խաչփարի գյուղապետի հետ հանդիպումից հետո համայնքի բնակիչներին կրկին սպառնացել են

Նախօրեին «Հետքը» այցելել էր Խաչփար՝ հանդիպելու գյուղապետի և նրա ճնշումներից բողոքող համայնքի բնակիչների հետ։ Գյուղի բնակիչներ Պետրոս Տոնյանը, Նիկոլայ Կարապետյանը և նրանց հարազատները «Հետքի» լրագրողների հետ միասին համայնքապետարանում հանդիպել են գյուղապետ Ղազար Մարտիրոսյանին։ Հիշեցնենք, որ վերջինս Խաչփարի ՀՀԿ-ական գյուղապետն է 1996թ-ից։

Այսօր բնակիչները կրկին դիմել են մեզ՝ նշելով, որ ոմն Վազգեն այցելել է իրենց տներ եւ խոստացել հաշվեհարդար տեսնել նրանց հետ։ Մեզ հետ զրույցում Վազգենը նշեց, որ ինքը պատրաստվում է «կտրել այն մարդու ականջները», ով իր հորը երեկվա՝ գյուղապետարանում կայացած հանդիպման ժամանակ անվանել է «կլյաուզնիկ»։ Այս դեպքի մասին տեղեկացրել ենք նաեւ գյուղապետին։

Հիշեցնենք, որ «Հետքը» գրել էր Խաչփարի բնակիչ Պետրոս Տոնյանի մասին, ով պնդում էր, որ ճնշումների է ենթարկվել ոստիկանության կողմից՝ գյուղապետին պատկանող պղնձյա մալուխի և մի քանի պարկ ցորենի գողությունն «իր վրա վերցնելու» համար։

Երեկվա հանդիպման ժամանակ համայնքապետ Ղազար Մարտիրոսյանը նախ պատմեց, որ ինքը «կերակրել է» Պետրոս Տոնյանին և Նիկոլայ Կարապետյանին, նրանց բազմաթիվ անգամներ «փրկել է» ոստիկանության ձեռքից, քանի որ վերջիններս «հարյուրավոր գողություններ են կատարել գյուղում»։

Ասաց, որ չի հավատում, որ Պետրոս Տոնյանին ոստիկանությունում ճնշել են։ Ըստ գյուղապետի՝ ինքը հիմա էլ ոչինչ չունի Պետրոսի և Նիկոլայի դեմ և քննչական մարմիններին կխնդրի, որ նրանց հանգիստ թողնեն։ Հարցադրմանը, թե ի՞նչ կապ ունի ինքը քննչական մարմինների հետ, Ղազար Մարտիրոսյանը պատասխանեց․ «Ես ոստիկանության հետ շատ վատ հարաբերություններ ունեմ, ոչ մի կապ չունեմ։ Ուզո՞ւմ եք ազնիվ իմանաք, շատ վատ հարաբերություններ ունեմ՝ էս մարդկանց կամ մնացած պատճառներով։ Ես ոստիկանության հետ կապ չունեցող անձնավորություն եմ։ Եւ ավելի շատ էսքան կաշա սարքողը ոստիկանության որոշ աշխատողներ են»,- ասաց գյուղապետ Ղազար Մարտիրոսյանը։

Հանդիպման մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter