HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել, միջնորդություն է ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ, որը քննվել է նոյեմբերի 10-ին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում: Քիչ առաջ դատարանը հրապարակել է խափանման միջոցի վերաբերյալ որոշումը, համաձայն որի՝ Ռուսլան Բաղդասարյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին «Հետքի հետ զրույցում ասաց Բաղդասարյանի պաշտպան Հրանտ Անանյանը:

Նշենք, որ Բաղդասարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Հրանտ Անանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Բաղդասարյանը մեղադրանքը չի ընդունում:

«Մեղադրանքը համարում ենք անհիմն: Ընդհանրապես կիրակի օրով հրավիրելը, մեղադրանք առաջադրելն ու կալանքի միջնորդություն ներկայացնելը անհիմն գործողությունների հաջորդականություն ենք համարում: Իմ կարծիքով՝ սա քաղաքային իշխանության և թաղապետարանի կողմից ուղղորդվող գործընթացներ են»,- ասաց Հրանտ Անանյանը:

Նշենք, որ օրեր առաջ Ռուսլան Բաղդասարյանին առնչվող գործի վերաբերյալ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում 2009-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։ Հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41,720,929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է»:

Հրանտ Անանյանի խոսքով՝ տրամադրված ինֆորմացիան սխալ է. ոչ թե անձինք են գրանցվել, որոնք աշխատանք չեն կատարել, այլ աշխատակիցներ են եղել, որոնք վարչական շրջանի գործունեության մեջ մտնող գործողություններ  են իրականացրել, սակայն, ոչ իրենց հաստիքով նախատեսված:

«Դա որևէ դեպքում չի կարող որակվել որպես հափշտակություն, որովհետև արարքը «հափշտակություն» որակելու համար երեք հատկանիշների միաժամանակյա առկայություն է անհրաժեշտ: Պետք է լինի ապօրինի, անհատույց և շահադիտական դրդումների միաժամանակյա առկայություն»,- ասաց Անանյանը՝ նշելով, որ շահադիտական դրդումներ չկան: Բաղդասարյանը որևէ նյութական օգուտը չի ստացել, այդ աշխատանքը չի եղել նաև անհատույց. անձինք վարձատրվել են ոչ թե ոչ մի բանի դիմաց, այլ որոշակի աշխատանք կատարելու համար»,- ասաց Հրանտ Անանյանը:

Մեր հարցին՝ օրինակ կոմունալ բաժնի աշխատակիցը կամ թաղապետարանի վարորդը, բացի իրենց հաստիքով սահմանված աշխատանքից, ուրիշ ի՞նչ աշխատանք կարող էին կատարել կամ ի՞նչ աշխատանք են կատարել՝ Հրանտ Անանյանը կոնկրետ անձանց և կատարված աշխատանք չնշեց, բայց ասաց, որ խոսքն, օրինակ վարչական շրջանում շրջելու, ապօրինի շինարարություններ հայտնաբերելու և նմանատիպ այլ աշխատանքներ իրականացնելու մասին է:

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասված էր նաև, որ «վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա 2012-ից 2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9․000․000 դրամից ավելի գումար։

Խոսքը «Դավիթաշեն» հիմնադրամից գումար յուրացնելու ամսին է: Հրանտ Անանյանի խոսքով՝ Ռուսլան Բաղդասարյանի կողմից գումար յուրացնելու վերաբերյալ քննչական մարմինը պատշաճ ապացուցողական նյութ չի ներկայացրել:

Հրանտ Անանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Պաշտպանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչև Բաղդասարյանին մեղադրանք առաջադրելը իրենք պարզել են, որ «ՍԵԿՏ» համակարգում արգելանք է դրվել նրա սահման հատելու նկատմամբ:

Հրանտ Անանյանի խոսքով՝ սա ապօրինի է, քանի որ Ռուսլան Բաղդասարյանին այդ պահին մեղադրանք առաջադրված չի եղել, նրա  նկատմամբ խափանման միջոց ընտրված չի եղել:

«Կառավարության որոշում կա «ՍԵԿՏ» համակարգի արգելափակման վերաբերյալ և ըստ դրա՝ իրավապահներին իրավունք է վերապահվում սահմանի հատման նկատմամբ արգելանք կիրառել միայն այն դեպքում, երբ անձը հետախուզվում է և ում նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին»,- ասաց Հրանտ Անանյանը: Վերջինս հայտնեց, որ սահմանահատման նկատմամբ արգելանքի մասին տեղեկանալուց հետո հանցագործության մասին հաղորդում է տվել ոստիկանության 1-02 հեռախոսահամարին զանգելու միջոցով:

Մեր հարցին՝ ինչպե՞ս է Անանյանը պարզել, որ ոստիկանությունը Բաղդասարյանի սահմանահատման նկատմամբ արգելանք է դրել, Հրանտ Անանյանը նշեց, որ նա ցանկացել է կնոջ հետ կապված բժշկական հարցերով մեկնել Հայաստանից և սահմանին անակնկալի է եկել, քանի որ չեն թույլատրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter