HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարթավանցի ընտանիքին իրենց տան մեջ ծեծել են․ քրեական գործ դեռ չի հարուցվել

Մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 12-ին, Ասքանազ Եղիազարյանը կնոջ, որդու, մոր և թոռան հետ մեքենայով գնացել է հարևան գյուղ՝ բերքը տուն բերելու։ Ասքանազի ընտանիքն ապրում է Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում։ Մեքենայով անցնելիս են եղել հարևան Արագած գյուղով, երբ նկատել են, որ մեկ այլ մեքենա փակել է ճանապարհը։

Ասքանազ Եղիազարյանն ազդանշան է տվել, նույն մարզի Արագած գյուղի բնակիչ Արմեն Ավդալյանից պահանջել է, որ ճանապարհը բացի։ Ի պատասխան՝ Արմեն Ավդալյանը մոտեցել և հարվածել է մեքենայի մեջ նստած Եղիազարյանին։ Վերջինս դուրս է եկել մեքենայից, ծագել է վիճաբանություն, քաշքշոց։ Հորը՝ Ասքանազ Եղիազարյանին փորձել է օգնության հասնել Նաիրի Եղիազարյանը, ով նույնպես ծեծվել է։ 

Արմեն Ավդալյանը հարվածներ է հասցրել հորը, այնուհետև ոտքով հարվածել մեքենայի մոտ ընկած Նաիրի Եղիազարյանի կրծքավանդակին։ Գյուղացիների օգնությամբ ծեծկռտուքն ավարտվել է, Ասքանազի ընտանիքն ուղևորվել է տուն։

Դեպքից կես ժամ չանցած՝ Արմեն Ավդալյանը և նրա եղբայրը մեքենայով եկել են Եղիազարյանների տուն և սկսել հարվածել տան գրեթե բոլոր անդամներին։     

976A5407.jpg (1.80 MB)

Ասքանազ Եղիազարյանի կինը՝ Լաուրա Եղիազարյանը, պատմում է, որ առաջին հարվածն իրեն են հասցրել․ «Վազեցի դիմացն, ասացի՝ ա'յ տղա ջան, ի՞նչ ես ուզում, թող գնա։ Շորերիցս հավաքեց, հանեց օդ ու խփեց գլխիս։ Ես ընկա գետնին։ Հարսս ներսից վազելով եկավ, որ ինձ օգնի, հարսին էլ խփեց։ Ամուսինս ու տղաս տնից դուրս եկան։ Ես այն պահին կանգնեցի, որ տեսա տղայիս գցել է եղբայրը [Արմեն Ավդալյանի եղբայրը- խմբ․] գետնին ու հարվածում է գլխին»,- պատմում է Լաուրա Եղիազարյանը։

Տեսնելով, որ ամուսնուն և որդուն չի կարողանում օգնել, Լաուրա Եղիրազարյանը զանգել է ոստիկանություն։ Նրանք ժամանել են և բոլորին հրավիրել ոստիկանական բաժանմունք, որտեղ էլ Եղիազարյանների ընտանիքը բացատրություններ է տվել, նշանակվել է դատաբժշկի փորձաքննություն։

nairi_askanaz_yeghiazaryan.png (1.28 MB)

Դեպքից հետո Նաիրի Եղիազարյանը 10 օր ստացիոնար բուժում է ստացել հիվանդանոցում։

Այսօր՝ դեպքից մոտ մեկ ամիս անց, Ասքանազ Եղիազարյանին իր մոտ է հրավիրել Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավիթ Ոսկանյանը՝ տեղեկացնելու, որ քրեական գործ հարուցվելու դեպքում խուլիգանության հոդվածն է դրվելու գործի հիմքում, ինչը նշանակում է, որ Ասքանազ Եղիազարյանը ոչ թե տուժող է ճանաչվելու, այլ լինելու է մեղադրյալներից մեկը։

Եղիազարյանի պնդմանը, որ Արմեն Ավդալյանը եկել է իր տուն և նախահարձակ է եղել ընտանիքի բոլոր անդամների վրա, քննիչը պատասխանել է, որ դա կարող է դիտվել զուտ կենցաղային հարցի շուրջ ծագած վեճ։

976A5387.jpg (1.67 MB)

Քննիչ Ոսկանյանը Ասքանազ Եղիազարյանին զգուշացրել է նաև, որ եթե գործն ուղարկվի դատարան, Ավդալյանի հետ միասին ինքը նույնպես դատվելու է։ Փոխարենը քննիչը Եղիազարյանին առաջարկել է, որ կարող է Արմեն Ավդալյանին կանչել իր մոտ, հորդորել, որ ներողություն խնդրի, փոխհատուցի հիվանդանոցային ծախսերը, և կողմերը հաշտվեն։     

«Հետքը» հետաքրքրվեց քննիչ Ոսկանյանից, թե ինչու է վերջինս շահագրգռված՝ քրեական գործ չհարուցելու։ Քննիչը պատասխանեց, որ զուտ փորձել է մարդկային կերպով Ասքանազ Եղիազարյանին բացատրել գործի հարուցման հետևանքները և օգնել նրան, այլապես իրեն ավելի ձեռնտու է գործ հարուցել, ուղարկել դատարան և ցուցանիշ ունենալ, քանի որ ինչքան բարձր ցուցանիշ ունենա, իրեն ավելի լավ կընդունեն որպես քննիչի։

976A5390.jpg (1.12 MB) 976A5375.jpg (1.64 MB)

31-ամյա Արմեն Ավդալյանն առաջին անգամ չէ, որ խուսափում է քրեական պատասխանատվությունից՝ հաշտության հիմքով։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 2014թ.-ին Արմեն Ավդալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նույն տարվա հունվարի 11-ին ժամը 20։00-ի սահմաններում հրկիզման եղանակով փորձել է ոչնչացնել Վարդենուտ գյուղում գտնվող իր նախկին աներոջ խոտի դեզը, սակայն ավարտին չի հասցրել, քանի որ տան անդամները կարողացել են հանգցնել կրակը։

Մեկ այլ դեպքով՝ Ավդալյանը դատապարտվել է 3 ամսվա ազատազրկման՝ կալանքը կրելով «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում։ Դեպքը տեղի է ունեցել 2012թ.-ի հունվարի 25-ին․ Արմեն Ավդալյանը համագյուղացու հետ վիճաբանել է 17.000 ՀՀ դրամ պարտքը չվերադարձնելու համար, նրան մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ հարվածել, վայր է գցել, պատճառել աջ սրունքի զույգ ոսկրերի տեղաշարժով կոտրվածքներ, որի հետևանքով տուժածի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

976A5309.jpg (1.51 MB)

Այսօր, մինչ Ասքանազ եւ Նաիրի Եղիազարյանները գտնվել են քննչական վարչությունում, նրանց տուն է եկել Արմեն Ավդալյանը եւ պահանջել հանդիպել։ Ու մինչ քննչական մարմինները ծանրութեթեւ են անում գործ հարուցել-չհարուցելու հանգամանքը, Եղիազարյանների ընտանիքն ամեն անգամ ահաբեկվում է, երբ նրանց տան մոտով մեքենա է անցնում։ Այս դեպքերից ամենաշատը վախեցել են ընտանիքի փոքրիկները։

«Հետքը» փորձեց կապ հաստատել Արմեն Ավդալյանի հետ։ Կարողացանք գտնել նրա կնոջ հեռախոսահամարը, վերջինս, սակայն, մերժեց մեզ տրամադրել ամուսնու հեռախոսահամարը՝ ասելով, որ զանգենք 10 րոպե հետո։ Մինչ այս պահը մեր զանգերին այլևս չեն պատասխանում։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter