HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկության վրա». Արարատ Միրզոյանը սպառնաց Գևորգ Պետրոսյանին՝ զրկել խոսելու իրավունքից

Խորհրդարանի հերթական նիստերի աշխատանքը ավելի քան մեկ ժամ շարունակվում է, սակայն քառօրյայի օրակարգն այդպես էլ չի հաստատվել, պատճառը` օրակարգում չներառված հարցերի զեկուցումն է: Հերթական նախագիծը ներկայացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` առաջարկելով «Ընտանեկան օրենսդրության մասին» նախագծում փոփոխություն կատարել, որպեսզի արգելվի միասեռական և սեռափոխված անձանց երեխա որդեգրելը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյանը, որը հանդես եկավ որպես նախագծի հարակից զեկուցող, ասաց, որ հանձնաժողովի քննարկմանը ներկա չի եղել, քանի որ գործուղման է գնացել և լիազորված է հանձնաժողովի անունից փոխանցել, որ բացասական եզրակացություն է տրվել նախագծին: Սիմոնյանն ասաց, որ օրենսդրությամբ արդեն իսկ ամրագրված է նման արգելք, սակայն եթե Գևորգ Պետրոսյանը կարող է հիմնավորել, որ արգելքը չի գործում, ինքը դեմ չէ, որ վերջինս այն հիմնավորի:

Գևորգ Պետրոսյանը իր ելույթում ասաց, որ իրենք խմբակցությունում դեմ են, որ ավանդական արժեհամակարգը գնդակահարվի:

«Ինչ է նշանակում երկու միասեռական անձ երեխա որդեգրեն, եկեք պաշտպանենք ավանդական արժեքները, ով որ դեմ է քվեարկելու այս նախագծին, կուզենա՞ր, որ իր հետ նման դեպք լիներ»,- ասաց Պետրոսյանը:

Այս խոսքերն առաջացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրդովմունքը:

«Ինչ եք խոսում, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկության վրա»,- ասաց Միրզոյանը` հավելելով, որ պատգամավորն արդեն չափ ու սահմանն անցելն է:

ԱԺ խոսնակը, դիմելով քարտուղարությանը, խնդրեց հստակեցնել, թե ըստ կանոնակարգ-օրենքի ո՞ր դեպքերում պատգամավորը կարող է զրկվել խոսելու իրավունքից:

Նախագիծը մերժվեց և օրակարգ չընդգրկվեց ՝ 35 կողմ, 70 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Տեղեկացնենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի` նիստը նախագահողի օրինական պահանջը չկատարելու, քննարկվող հարցից ելույթում շեղվելու, վիրավորական արտահայտություն անելու, բացակա պատգամավորի փոխարեն գրանցվելու կամ քվեարկելու, պատգամավորի քվեարկությանը խոչընդոտելու, Ազգային ժողովի նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու դեպքում նախագահողն իրավունք ունի պատգամավորի նկատմամբ կիրառելու կարգապահական միջոցներ, իսկ նիստին ներկա գտնվող այլ անձին՝ նախազգուշացնելու կամ հեռացնելու նիստերի դահլիճից:

Պատգամավորի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական միջոցները.

1) նախազգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով,

2) խոսափողի անջատում,

3) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում,

4) հեռացում մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից,

5) Ազգային ժողովի նիստերի օրերին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև յոթ օրով զրկում:

Նշվում է նաև, որ կարգապահական միջոցը, որպես կանոն, պետք է կիրառվի մեղմից դեպի խիստը, համաչափ լինի արարքի ծանրությանը և նպատակ հետապնդի ապահովելու նիստի բնականոն ընթացքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter