HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ խոսնակին կարող է իրավունք տրվել մասնակցել անվտանգության խորհրդի նիստերին, սակայն` ոչ անդամի կարգավիճակով

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանն առաջարկում է անվտանգության խորհրդի նիստերին խորհրդարանի նախագահի մասնակցությունն իրավունքի ուժով ապահովել: Պատգամավորը փոփոխություններ է առաջարկել «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքներում:

Տեղեկացնենք, որ գործող կարգավորման համաձայն` Անվտանգության խորհրդի անդամներն են վարչապետը, փոխվարչապետերը, պաշտպանության նախարարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, արտաքին գործերի նախարարը, ոստիկանության պետը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը և անվտանգության խորհրդի քարտուղարը, որոնք էլ իրավունք ունեն մասնակցել անվտանգության խորհրդի նիստերին: Բացի խորհրդի անդամներից` վարչապետի հրավերով նիստին կարող են մասնակցել այլ անձինք, ինչպես, ըստ էության, նախկինում եղել է, քանի որ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը մասնակցել է խորհրդի նիստերին։

«Փոփոխություններով խորհրդարանի նախագահին իրավունք է տրվում մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին, առաջարկներ ներկայացնել օրակարգի և քննարկվելիք փաստաթղթերի վերաբերյալ, ինչպես նաև նիստից հինգ օր առաջ ստանալ օրակարգն ու քննարկվող փաստաթղթերը»,-ասաց հիմնական զեկուցող Աննա Կարապետյանը:

Նախագծի հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը և կոչ արեց կողմ քվեարկել նախագծին:

Տեղեկացնենք սակայն, որ այս փոփոխություններով խորհրդարանի խոսնակը չի դառնում Անվտանգության խորհրդի անդամ և չի կարող մասնակցել քվեարկության:

Երբ դեռ ամիսներ առաջ այս նախագիծը ներկայացվել էր գործադիրին, Կառավարությունն իր եզրակացության մեջ հիշեցրել էր, որ Անվտանգության խորհուրդը գործադիր իշխանության պետական մարմին է, ուստի քննարկվող հարցի վերաբերյալ որոշմանը կողմ կամ դեմ քվեարկելու պարտականությունն օրենքով վերապահվում է միայն խորհրդի անդամներին:

Քննարկմանը Կառավարության անունից ներկայացել էր արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը, ով կրկին հիշեցրեց, որ Անվտանգության խորհուրդը գործադիր իշխանության լիազորություններն իրականացնող մարմին է, սակայն, հաշվի առնելով այն, որ Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր է, դեմ չեն, որ խորհրդարանի խոսնակն ի պաշտոնե իրավունք ունենա մասնակցել նիստերին և առաջարկներ ներկայացնել օրակարգի վերաբերյալ:

Նախագծի քննարկումներն առաջին ընթերցմամբ ավարտվեցին:

 

Լուսանկարը` Անվտանգության խորհրդի նիստից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter