
Երևանի ոռոգման ցանցը լիարժեք չի գործում՝ ստեղծելով հրդեհի բռնկման նպաստավոր պայմաններ
Երևանի ներկայիս ոռոգման ցանցը բավարար չէ կանաչ տարածքների լիարժեք ոռոգման համար: Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել է Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, որ մայրաքաղաքում փաստացի ոռոգվում է մոտ 650 հեկտար ընդհանուր օգտագործման կանաչ տարածք:
Քաղաքապետարանից հետաքրքրվել էինք նաև, թե արդյոք քաղաքային իշխանությունները կատարել են ոռոգման ցանցի մաշվածության գնահատում, ինչին ի պատասխան՝ քաղաքապետարանը հայտնել է, որ ընթացքի մեջ են ոռոգման համակարգի գույքագրման աշխատանքները, որից հետո վերլուծության կենթարկվի ընդհանուր համակարգի մաշվածության աստիճանը:
Երևանի ոռոգման ցանցի ընդհանուր երկարությունը 476 կմ է, որից 16 կմ-ը Ծիծեռնակաբերդի անտառպուրակինն է, իսկ մնացածը՝ վարչական շրջաններինը: Ստորև ներկայացրած ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել, թե որքան է Երևանի ոռոգման ցանցի երկարությունը՝ ըստ վարչական շրջանների:
Ըստ քաղաքապետարանի փոխանցած տվյալների՝ Երևանում վերջին անգամ ոռոգման ցանց կառուցվել է 2015թ. Խաղաղ Դոնի, Ալիխանյան, Արտաշիսյան-Չեխով, Շիրակի (մի հատված) և Ալեք Մանուկյան փողոցներում: Վերը նշված փողոցներում նոր ոռոգման ցանցի կառուցումն արժեցել է մոտ 198 մլն դրամ: Բացի այդ, 2016-2019 թվականներին քաղաքային իշխանությունները 213 մլն դրամ են ծախսել խորքային հորերի կառուցման վրա, որոնցով նույնպես ոռոգվում են կանաչ տարածքները: Քաղաքապետարանի տարեկան ծրագրով կառուցվելու է 5 նոր խորքային հոր:
Չոռոգվող տարածքները հրդեհավտանգ են
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) տվյալներով՝ 2019թ. առաջին 8 ամիսներին Երևանի խոտածածկ տարածքներում արձանագրվել է հրդեհի 2086 դեպք, ինչը գրեթե երկու անգամ գերազանցել է Երևանում 2018 թվականին արձանագրված հրդեհների քանակը (1091):
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Երևանի ոռոգման ցանցը արդեն երկար ժամանակ նորմալ չի գործում, ինչն էլ բուսածածկ տարածքներում հրդեհի բռնկման նպաստավոր պայմաններ է ստեղծում:
«Չոռոգվող տարածքները վտանգավոր են հատկապես քաղաքամերձ և ներքաղաքային տարածքներում: Գումարած դրան Երևան քաղաքի առանձին կառույցների կողմից ժամանակին չեն իրականացվում խոտհնձի, էտի և այլ աշխատանքներ, որոնք բերում են հրդեհային վտանգավոր իրավիճակի: Մինդեռ ըստ Հրդեհային անվտանգության մասին օրենքի՝ տարածքները տնօրինող սուբյեկտները պարտավոր են պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, որի մեջ մտնում է նաև քաղաքային տնտեսությունում տարածքների պարտադիր ոռոգման և ոռոգման ցանց ունենալու հարցը»,- ասաց Վրեժ Գաբրիելյանը:
Լուսանկարը՝ Անի Սարգսյանի
Ծիծեռնակաբերդի անտառպուրակը 2019-ի ամռանը հրդեհի թեժ կետերից մեկն էր: Վրեժ Գաբրիելյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ղեկավարության պահանջով այդ հատվածը քաղաքապետարանից անցավ իրենց ենթակայության տակ:
«Երվանդ Զախարյանի քաղաքապետ լինելու տարիներին Ծիծեռնակաբերդի ոռոգման համակարգը վերականգնվեց, և ամբողջ տարածքը սկսեց ոռոգվել: Ոռոգվում էր նաև Աբովյանի պուրակից Մոնումենտ բարձրացող հատվածը: Հիմա չեն ոռոգվում: Ծիծեռնակաբերդի այդ հատվածը, որը քաղաքապետարանի ենթակայության տակ էր, հուշահամալիրի ղեկավարության ակտիվ պահանջներով անցավ իրենց ենթակայության տակ: Հիմա իրենք այդ ծանրաձողը վերցրել են, բայց չեն կարողանում պահել, քանի որ չեն կարողացել լիարժեքորեն շահագործել ոռոգման համակարգը, ու դա բերել է բազմաթիվ հրդեհների: Այդտեղ էլի հրդեհներ կունենանք, քանի որ ակտիվ ոռոգում չի եղել, խոնավ միջավայրը չի ապահովվել, որը թույլ չէր տա հրդեհի բռնկումը: Քաղաքային իշխանությունները պետք է պահանջատեր լինեն, կապ չունի թե ով է շահագործողը, նրանք պարտավոր են համապատասխան հակահրդեհային անվտանգության պայմաններ ստեղծել»,- նշեց փրկարար ծառայության տնօրենը:
Վրեժ Գաբրիելյանն ասում է, որ բազմաթիվ նամակներ են ուղարկել քաղաքապետարան և նշել չոռոգվող բուսածածկ տարածքների վերաբերյալ իրենց մտահոգությունների մասին: Քաղաքապետարանից ասում են, որ քայլեր են ձեռնարկում:
Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի
Վրեժ Գաբրիելյանի փոխանցմամբ՝ Երևանում հրդեհների բռնկման համար առավել ռիսկային տարածքներ են համարվում Ծիծեռնակաբերդը, Բուսաբանական այգին, Սարալանջի հատվածը, Մոլոկանի այգին: Նշված բոլոր հատվածներում էլ, ըստ փրկարար ծառայության տնօրենի, ակտիվ ոռոգում չի կատարվում:
Ինչ քայլեր է ձեռնարկում Երևանի քաղաքապետարանը
Քաղաքապետարանն ասում է, որ խորհրդային տարիներին կառուցված ոռոգման ցանցը գրեթե սպառել է իրեն: Կանաչ գոտիների ոռոգման համար մայրաքաղաքը ջուր է ստանում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերից: Ոռոգման ջրի մատակարարումն ապահովում են «Երևան և Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունները: Քաղաքային իշխանությունների փոխանցմամբ՝ ոռոգման ջրի ոչ կանոնավոր մատակարարման հետևանքով հաճախակի խախտվում են ջրամատակարարման ժամանակացույցերը և ջրի ճնշումը:
2020 թվականին քաղաքապետարանը նախատեսում է ստեղծել նոր ոռոգման համակարգեր Սարալանջի փողոցում, Նուբարաշենի խճուղում և Սիլիկյան թաղամասում (Շահումյանի գերեզմանոցի հարակից տարածք):
Կանաչապատման նոր մոդելի ներդրման նպատակով 2020թ. բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 3,6 մլրդ դրամ՝ ներառյալ քաղաքի տարբեր հատվածներում նոր ոռոգման ցանցերի կառուցման համար:
Մեկնաբանել