HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Կռունկավարը մոտ 1 տարի չի կարողանում ստանալ իր աշխատավարձը․ պետական մարմինները չեն արձագանքում

Կռունկավար Սուրեն Նիազյանն մոտ 1 տարի չի կարողանում ստանալ իր մեկ ամսվա աշխատավարձը՝ 360 հազար դրամ և 10 օրվա արձակուրդային վճարը՝ 144 հազար դրամ։

30 տարվա աշխատանքային փորձ ունեցող կռունկավարը պնդում է՝ Հայաստանում աշխատանքային իրավունքը պաշտպանված չէ, իր աշխատավարձը ստանալու համար դիմել է մի շարք պետական մարմինների, սակայն որևէ պատասխան մինչև այսօր չի ստացել։ Նիազյանը դիմել է դատարան՝ դատական կարգով աշխատավարձ ստանալու համար, սակայն նիստերն անընդհատ հետաձգվում են։

Դատարան ներկայացրած իր բողոքով Նիազյանը պահանջում է նախկին գործատուից վճարել իր 2018 թ․-ի հուլիս և օգոստոս ամիսների աշխատավարձը, դրան հավասարեցված տոկոսները ինչպես նաև չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցում։ Ընդհանուր՝ 720 հազար դրամ։

Ըստ Սուրեն Նիազյանի՝ ինքը որպես կռունկավար աշխատանքի է անցել 2018թ․-ի մարտի 9-ից, աշխատել է կառուցապատող «Լեվ ընդ Դավ» ընկերությունում, Պուշկինի 25 հասցեում կառուցել են բարձրահարկ շենք, աշխատել է 5 ամիս։

Աշխատանքի է անցել առանց նախապես պայմանագիր կնքելու։ «Առաջին օրը, երբ հանդիպեցի ընկերության աշխատակիցներին, ասել են, որ բարձրանամ կռունկ և աշխատեմ, անձնագիրս վերցրին, որ գրանցեն, սակայն չգրանցեցին, անձնագիրս հետ վերցրի»,- պատմում է կռունկավարը:

2018-ի հունիսի 20-ին անձնագիրը նորից է տվել աշխղեկին՝ ոմն Սեյրանի, որպեսզի կարողանա բանկից վարկ վերցնել, սակայն նորից չեն գրանցել, իսկ օգոստոսից դադարել է աշխատել․ պատճառը աչքի վիրահատությունն է եղել։ Աշխատանքից դուրս գալուց հետո` օգոստոսի 2-ին Սուրենին զանգել է ընկերության մեկ այլ աշխատակից՝ Արման Վարդանյանն ու ասել, որ գնա վերջնահաշվարկ ստանալու։ Արման Վարդանյանը նաև տեղեկացրել է, որ Նիազյանին գրանցել են մարտի 5-ին և օգոստոսի 22-ին ազատել աշխատանքից։

Սուրեն Նիազյանը վստահեցնում է, որ ինքն աշխատանքային որևէ պայմանագիր չի ստորագրել։ Պետեկամուտների կոմիտե ուղարկված հարցման պատասխանից Նիազյանը իմացել է, որ իրեն գրանցել են, ոչ թե «Լեվ ընդ Դավ» ընկերությունում, այլ մեկ այլ՝ «Սոխոսենթր» ընկերությունում։

Սուրեն Նիազյանն աշխատանքային 4 ամիսներին ստացել է համապատասխանաբար` 400, 300, 360, 360 հազար դրամ, հուլիսի աշխատավարձը չտալուց հետո էլ աշխատանքային ղեկավարը կանչել է, վերջնահաշվարկ կնքելու, թեև կոմիտեից ստացած հարցման պատասխանի մեջ հուլիս ամիսը ևս ներառված է։

«Օգոստոսի 2-ին Արման Վարդանյանը զանգեց, ասաց, արի վերջնահաշվարկդ տամ, գնա։ Պահեստապետը մտավ սենյակ, ասաց գրի, որ մեզնից պարտք ու պահանջ չունենք, որ հետո հաշվենք»,- պատմում է Սուրենը, նշելով, որ սենյակում ոչ թե կատարվել է վերջնահաշվարկ, այլ հետհաշվարկ․ աշխատավարձից հանել են չաշխատած օրերի գումարը: Նիազյանն առանց գումար վերցնելու սենյակից դուրս է եկել, միջադեպից  հետո նորից են զանգել, ասել, որ «200 հազարի կարգի գումար ունի ստանալու»։

«Ինչպե՞ս եղավ, որ 200 հազարի կարգի է, եթե հարկայինի տված գրության մեջ նշված է 360 հազար»,- ասում է Սուրենը, նաև տեղեկացնում, որ ոստիկանություն ուղարկած իր դիմումից հետո պատասխան է եկել, որ «Սոխոսենթր» ընկերությունը պատրաստ է Նիազյանին վճարել 265 հազար դրամ, հուլիս ամսվա աշխատավարձ՝ հանգստյան և տոն օրերը հանած։

«Եթե գործատուի կողմից սահմանվում է աշխատավարձ, այն պետք է հաշվարկվի կատարվող աշխատանքի դիմաց, որտեղ արդեն իսկ չեն հաշվարկվել հանգստյան օրերը, իսկ ինչ վերաբերում է տոն օրերին, ապա գործատուն նշված օրերի աշխատանքի դիմաց պետք է վճարի հավելում, այլ ոչ թե նվազեցնի աշխատավարձը»,- այս մասին դատարան ներկայացրած իր բողոքի մեջ նշել է Նիազյանը։

«Հետքի» հետ զրույցում Նիազյանի նախկին աշխղեկը՝ Արման Վարդանյանը՝ պնդում է, որ Նիազյանը ինքը չի ցանկացել գրանցվել։

«Ինքը էն մարդնա, որ ինձ ասում էր, կլինի ինձ երկու ամիս չգրանցեք, ես էլ նման բան չեմ արել, առաջին օրվանից իրեն գրանցել եմ, չեմ հիշում պայմանագիր ստորագրել է, թե ոչ, բայց ստորագրած կլինի»,- ասում է Վարդանյանը։

Վերջինս «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Նիազյանը առաջին օրվանից աշխատել է «Սոխոսենթր» ընկերությունում, և որևէ կապ չունի «Լեվ ընդ Դավ» ընկերության հետ ՝ պնդելով, որ Նիազյանը «հոլովում է «Լեվ ընդ Դավ» ընկերության տնօրենի անունը», իսկ ընկերություները ուղղակի իրար կողք կողքի կառուցապատում են իրականացնում, և երբեմն կռունկը երկուսին էլ պետք է լինում։

Ըստ նրա ՝ Սուրեն Նիազյանը ստացել է իր աշխատավարձը, միայն վերջին ամիսը չի ստացել, սակայն իրենք պատրաստ են ցանկացած պահի վճարել 265 հազար դրամը, այսինքն վճարում են գումար՝ հանելով ոչ աշխատանքային օրերի և ամսվա ընթացքում չաշխատած օրերի գումարը, իսկ արձակուրդային վճարի վերաբերյալ Վարդանյանը պնդեց, որ պատրաստ են վճարել։

«Թող գա, հաշվապահի հետ հաշվարկ կանենք, իր գումարը կտանք, ինձ իր գումարը պետք չէ, ինչքա՞ն է ուզում՝ 20, 30, 50»,- զրույցի վերջում ասաց Արման Վարդանյանը։

Պարզվում է, որ «Սոխոսենթր» ընկերության նախկին բաժնետերերից մեկը՝ Արման Պետրոսյանը, մինչև «Սոխոսենթր» ընկերությունում բաժնեմաս ձեռք բերելը, եղել է «Լեվ ընդ Դավ» ՍՊԸ-ի սեփականատերերից մեկը, որը հետագայում սնանկ է ճանաչվել։

Հիշեցնենք, որ «Հետքը» 2016-ին անդրադարձել էր «Սոխոսենթր» ընկերությանը, ըստ հոդվածի՝ Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ պետք է կառուցվեր բազմաֆունկցիոնալ համալիր՝ «Գրքի աշխարհ», շինարարությունը իրականացնելու էր «Սոխոսենթր» ընկերությունը, այսպիսի որոշում էր կայացրել Կառավարությունը։ Այս նպատակով ընկերությանն է տրամադրվել 355,5 քառակուսի մետր տարածք։

Գործարար Արման Պետրոսյանին պատկանող «Լեվ ընդ Դավ» ՍՊԸ-ի սնանկ ճանաչվելու և «Լ և Դ» ընկերության անունով վերակազմավորումից հետո, Արման Պետրոսյանը դուրս է եկել ընկերության կազմից, ձեռք բերել «Սոխոսենթր» ընկերության բաժնեմասը։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ այժմ ընկերության 50 % բաժնետերը Արման Պետրոսյանի մայրն է՝ Քնարիկ Թումանյանը։

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter