
Արցախի Քաշաթաղի շրջանում բացվեց Ադամ Սահակյանի անվան դպրոցը
Արցախի Հանրապետության Քաշաթաղի հյուսիսային թևում գտնվող Տանձուտ համայնքի դպրոցը այժմ բաց է և ողջունում է իր աշակերտներին՝ «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից կազմակերպված և իրականացրած կես տարվա վերակառուցումից հետո: Նորաբաց դպրոցը կրելու է Արցախի հերոս Ադամ Սահակյանի անունը, որը 2016-ի քառօրյա պատերազմի ընթացքում քաջաբար զոհված զինծառայողներից մեկն է։ Այս մասին ասվում է «Թուֆենկյան» հիմնադրամի տարածած հաղորդագրությունում
Արարողությանը ներկա էին Արցախի կառավարության պաշտոնատար անձինք, պետնախարարը, Ադամ Սահակյանի ընտանիքի անդամները և հիմնադրամի աշխատակիցները:
Մոտ 100 բնակիչ ունեցող Տանձուտը Քաշաթաղի վերաբնակեցված համայնքներից մեկն է: Նախորդ դպրոցը հուսալի պայմաններ չուներ արդյունավետ և հարմարավետ կրթություն ապահովելու համար:
Ըստ հաղորդագրության՝ նորակառույց դպրոցը ունի ժամանակակից դասասենյակներ `անհրաժեշտ սարքավորումներով և անվտանգության չափանիշներով: Այն նաև կծառայի մոտակա համայնքներին, որոնք չունեն բավարար ռեսուրսներ որակյալ պետական կրթության համար:
Արցախի կառավարության միջոցներով նորոգվել է շենքի տանիքը ինչպես նաև ձեռք է բերվել նոր կահույք և ջեռուցման համակարգ, իսկ հիմնադրամը ամբողջությամբ վերակառուցել է խորհրդային դարաշրջանի շենքը:
«Թուֆենկյան» հիմնադրամը հիմնադրվել է 1999-ին ձեռներեց Ջեյմս Թուֆենկյանի կողմից։ Արցախում հիմնադրամը գործում է ավելի քան 16 տարի: Հիմնադրամի բուն աշխատանքները կենտրոնանում են վերաբնակեցման, ենթակառուցվածքների, առողջապահության և համայնքային զարգացման վրա:
Մեկնաբանել