
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` արցախյան բանակցային գործընթացը փակուղի չի մտել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցով բանակցությունները փակուղի չեն մտել: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին: Վերջինս անդրադարձել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցին և ձևակերպումներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
Հիշեցնենք՝ Լավրովն ասել էր, որ ինչ-որ մի փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշում ընդունեց, որ Ղարաբաղի շահերը ներկայացնելու է Երևանը: Քաղաքական մեծամասնության պատգամավորի համոզմամբ` կարծես թե ուղերձների փոփոխություն կա:
«Ես չէի խոսի փոփոխվող ուղերձների մասին, որովհետև այդ խոսակցությունը` Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ, և բանակցային գործընթացը զարգացող կենդանի գործընթաց են: Ես կարող եմ արձանագրել հետևյալը՝ երբ Հայաստանում տեղի ունեցան քաղաքական փոփոխություններ, ինչ-որ տեղ երևի մտավախություններ առաջացան, թե նոր իշխանությունները որքանով կառուցողական կլինեն Արցախի հարցի վերաբերյալ: Եկել էր նոր թիմ, որի հետ շփման փորձ չկար»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով վերջին մեկուկես տարվա ընթացքում այս ընկալման մեջ փոխվել է այն, որ հավանաբար ԵԱՀԿ Միսնկի խմբի բոլոր անդամ պետություններն արձանագրել են՝ Հայաստանը որևէ դեպքում բանակցությունները չի տանում փակուղի:
«Կարծում եմ այս առումով արձանագրվել է, որ մեր դիրքորոշումները կառուցողական են, և ի հեճուկս ահազանգերի՝ բանակցային գործընթացը ոչ միայն փակուղի չի մտել, այլև աշխատանքներ են արվում պայմաններ ստեղծելու, որ հակամարտող կողմերի համար լինի լուծում գտնելուն ուղղված բանակցային մթնոլորտ»,- ասաց Փաշինյանը:
Ենգիբարյանը հիշեցրեց Լավրովի խոսքերը Արցախին բանակցություններին մասնակցելու իրավունքից զրկելու վերաբերյալ: Փաշինյանն արձագանքեց` ՌԴ ԱԳ նախարարն ասել է այն, ինչ բոլորը գիտեն, բոլորի աչքի առաջ է դա եղել:
«Հիմնական շեշտադրման իմաստն այն է, թե Ղարաբաղի հարցն ինչպես կարող է լուծվել առանց Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշման»,- ասաց վարչապետը:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ևս անդրադարձավ ԼՂ բանակցություններին: Պատգամավորը հիշեցրեց, որ Փաշինյանը հանդիպել է «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներին, որից հետո վերջիններս հարցազրույցներում ասում են, որ ըստ Փաշինյանի խոսքերի՝ բանակցային սեղանին Մադրիդյան սկզբունքները չեն:
Վարչապետն արձագանքեց` հավանաբար թյուրըմբռնում է եղել, քանի որ ինքը որևէ նոր բան չի ասել, իր խոսքերը հնչել են հրապարակային այս տարվա մարտի 12-ին Արցախի և Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին:
«Խոսքն այն մասին է, որ քանի դեռ Մադրիդյան սկզբունքների բոլոր պարամետրերը մեզ համար թափանցիկ չեն, դժվար է ասել՝ դա ընդունում ենք որպես բանակցային գործընթացի հիմք, թե չենք ընդունում: Սկզբունքներն ըստ էության հարցի լուծման ճանապարհն են, ուզում ենք հասկանալ՝ ինչ հնարավոր տեղեր կարող է հասցնել այդ ճանապարհը, նախապես իմանանք՝ այդ ճանապարհով գնում ենք, թե չէ: Ես ասում էի նույն ճանապարհով կարելի է Սևան, Գավառ, Վարդենիս, Իջևան գնալ, բայց եթե պարզվի, որ մեր մտադրությունը Արմավիր գնալն է, պետք չէ այդ ճանապարհով գնանք: Ասում ենք՝ եկեք պարզենք Մադրիդյան սկզբունքները որտեղ է տանում »,- ասաց Կառավարության ղեկավարը:
Մեկնաբանել