HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Գևորգյան

Ամուլսարի անորոշությունը ցուցարարի ու սփյուռքահայերի աչքերով

«Արդեն 1 տարի 6 ամիս է, որ այստեղ ենք՝ դեպի Ամուլսար տանող ճանապարհին։ Ոչ մի նորություն, ոչ մի պատասխան։ Այստեղ Ջերմուկ քաղաքի, Կեչուտ, Գնդեվազ գյուղերի ժողովուրդն է հերթապահում՝ բաժանվել ենք երեք մասի ու գիշեր-ցերեկ փակում ենք դեպի հանք տանող երեք մուտքերը։ Մեր պահանջը մեկն է՝ այստեղ հանքարդյունաբերություն չզարգացնել»,- ասում է Ջերմուկի բնակիչ Արթուր Գրիգորյանը։

Արթուրն իրենց փորձառության, պահանջների ու վտանգների մասին պատմում է «պահակակետ» այցելած ու իրենցով հետաքրքրված մարդկանց։ Վերջիններս ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ ու գործարարներ են, մի մասն էլ` սփյուռքահայեր, որոնք կամ վերադարձել են հայրենիք, կամ իրենց կապը հստակ ծրագրերով պահում են Հայաստանի հետ, օրինակ՝ ներդրումներ կատարելով, Հայաստանում ընկերությունների մասնաճյուղեր բացելով։ Այցելության նպատակը իրադարձությունների կետում իրական պատմություններ լսելը, տեսնելն ու նախաձեռնության անդամներին իրենց աջակցությունը հայտնելն էր։

Ամուլսարի անորոշությունն ու տեղի ունեցած իրադարձությունները` համառոտ

Դեպի Ամուլսարի ոսկու հանքավայր տանող ճանապարհները փակված են արդեն մեկուկես տարի՝ հարակից համայնքների բնակիչների կողմից, ովքեր դեմ են հանքի շահագործմանը։ Հանքը շահագործող «Լիդիան» ընկերության համար ճանապարհները դեպի հանք փակվեցին թավշյա հեղափոխությունից հետո, որից հետո հարուցվեց քրեական գործ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումները դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ։ Գործի շրջանակում Կառավարությունը «ԷԼԱՐԴ» ընկերությանը հանձնարարեց փորձաքննություն իրականացնել ու եզրակացություն տրամադրել հանքի շահագործման վտանգների մասին։ Ըստ Քննչական կոմիտեի եզրակացության՝ Ջերմուկի ջրերի վրա հնարավոր աղտոտվածության հավանականությունը չափազանց քիչ է, և հանքը կարող է շահագործվել։ Մինչդեռ հանքի շահագործմանը դեմ հանդես եկողները պնդում են՝ եզրակացության մեջ բազմաթիվ խախտումներ կան արձանագրված։ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ապաշրջափակել հանքի ճանապարհները։ Երևանում և Ջերմուկում անցկացվեցին ակցիաներ։ Ամուլսարի շահագործման հարցով վերջնական որոշում դեռևս կայացված չէ, հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Կառավարության որոշ ներկայացուցիչներ հայտարարում  են, որ Ամուլսարի հանքի շահագործման արշավի հետևում կանգնած են այլ հանքարդյունաբերական ընկերություններ։ «Լիդիան» ընկերությունն, իր հերթին, չի բացառում ընդդեմ ՀՀ-ի միջազգային ներդրումային արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը։

Արթուր Գրիգորյանի խոսքով՝ իրենց քաղաքը՝ Ջերմուկը, զբոսաշրջային, առողջարանային քաղաք է, որտեղ կան ջրաբուժարաններ, ու իրենք չեն ուզում այդ ամենը կորցնել միայն այն պատճառով, որ ժամանակավոր նոր աշխատատեղեր ստեղծվեն, իսկ եղածները ժամանակի ընթացքում փակվեն։ «Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ եթե մի լիտր ջուր կեղտոտվի, հանքը կփակեն, աչքներիս առաջ կա փաստ, որ ջրերը կեղտոտված են, լիքը գետեր կեղտոտված են։ Էլ ի՞նչ փաստ են ման գալիս։ «ԷԼԱՐԴ»-ին ֆինանսավորեցին 400.000 դոլարով, որ գան փորձաքննություն անեն։ Չեն եկել, թղթային փորձաքննություն են արել ու գտել լիքը թերություններ «Լիդիան»-ի ՇՄԱԳ-ի հիման վրա։ Կարծում եմ, որ նախկին Կառավարության օրոք «Լիդիան»-ը որքան հնարավոր է եղել փորձել է կաշառքով թղթերն այնպես դասավորել, որ լիցենզիա ստանա»,- ասում է Արթուրը։

Արթուրի խոսքով՝ հանքի շահագործման դեմ սկսվել են ցույցերն այն ժամանակ, երբ մի քանի պայթեցումից հետո Գնդեվազ գյուղի ջրերն աղտոտվել են, ու սև ջուր է եկել ծորակներից։ Գնդեվազից ներքև երեք խոշոր ձկնաբուծարաններ կան, որտեղ պայթեցման հետևանքով միլիոնավոր մանրաձկներ են սատկել, կավաջրեր են լցվել Արփա գետը։ Հանքի շինարարական աշխատանքnերի ժամանակ ամբողջ քաղաքը փոշու մեջ է հայտնվել, իսկ տարածքում քամիները շատ ուժեղ են, ու փոշու տարածումից խուսափել հնարավոր չէ։ Մարդիկ դժգոհում էին, որ իրենց հագուստները լվանալուց ու դրսում կախելուց հետո դրանք ամբողջովին կեղտոտվում ու դեղին էին դառնում։ Եվ, վերջիվեջո, այդ օդը շնչում են նրանք։

Դրանից հետո ամեն մեկը իր մտավախություններով է միացել ակցիային՝ մեկը Կարմիր գրքում գրանցված թիթեռի, մյուսն ինչ-որ բույսի կամ ջրերի համար։ Արթուրի խոսքով՝ եթե առաջ «Լիդիան»-ի ներկայացուցիչներն էին իրենց ներկայացնում որպես «մի խումբ մարդիկ», հիմա արդեն նրանք են դարձել «մի խումբ մարդիկ»։

Դեպի հանք տանող «պահակակետ» էր այցելել նաև գործարար, ներդրող, «Ինթէլինէյր» ստարտափի համահիմնադիր և ղեկավար Ալ Եսայանը, ով չնայած բնակվում է ԱՄՆ-ում՝ տարին մի քանի անգամ գալիս է Հայաստան իր փորձը փոխանցելու ու տարբեր նախաձեռնություններում մասնակցություն ունենալու համար։ Բացի այդ, «Ինթէլինէյր»-ը գրասենյակ ու թիմ ունի նաեւ Հայաստանում։

Ալը նշում է. «Ավելի քան 9 տարի է՝ ինչ ակտիվ հետեւում եմ Ամուլսարի շուրջ զարգացող գործողություններին։ Որքան ավելի շատ մանրամասներ եմ իմանում, այնքան ավելի մտահոգ եմ դառնում։ Այդ պատճառով էլ որոշեցի ինքս գալ ու տեղում լսել՝ ինչ է կատարվում։ Հիմա, երբ արդեն վերլուծում եմ ստացածս տեղեկությունն ու հենց տեղում տեսածս, հասկանում եմ, որ նախագիծն անհիմն է երեք՝ տնտեսական, սոցիալական ու միջավայրի վրա ունեցած ազդեցության տեսանկյունից։ Հայաստանի համար ակնկալվող Ֆինանսական եկամուտները չնչին են, երբ համեմատում ես այն լուրջ ռիսկերի հետ, որոնց պետք է գնալ ու այն մեծ վնասների հետ, որ ապագայում լինելու են, իսկ հիմա դեռ չենք էլ նկատում»։

Սփյուռքահայերի մտահոգություններն է ներկայացնում նաեւ Մոնիկը, ով հեղափոխությունից հետո ԱՄՆ-ից վերադարձել ու որոշել է մնալ Հայաստանում։ Մոնիկն ապրել ու աշխատել է Սան Ֆրանցիսկոյում ու կարծում է, որ Հայաստանն ունի մեծ պոտենցիալ ՏՏ կենտրոն դառնալու համար։ Եկել է, որպեսզի փոխանցի իր փորձն ու ներգրավված լինի անկախ ու ժողովրդավար Հայաստան ստեղծելու փուլերին։ Այն օրվանից, երբ իմացել է՝ ինչ է կատարվում Ամուլսարում, ակտիվ հետևել է, իսկ վերադառնալուց հետո մեծ ցանկություն է ունեցել լինել տեղում ու հասկանալ իրավիճակը։ Նրա համար իրավիճակը նաև շատ էմոցիոնալ է՝ երիտասարդ տղամարդիկ՝ իրենց ընտանիքներից հեռու, պաշտպանում են բնությունն ու ապրում անորոշության մեջ՝ ոչ մի հստակ քայլ կամ հանքի հնարավոր շահագործման վերաբերյալ պատասխան չունենալով։ Մոնիկը «Լիդիան»-ին նկարագրում է որպես «զավթիչ», որը տարածք է ներխուժում ոչ թե զենքով, այլ տնտեսությունը թուլացնելու ու բնությունը վնասելու «գործիքներով»։

«Ես գալիս եմ սփյուռքից ու կարող եմ ասել, որ շատերն ունեն նույն անհանգստությունները։ Դեռ ժամանակ է պետք Կառավարությանը, սակայն երկար սպասել չի կարելի։ Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանը գործող կառավարություն չի ունեցել, իսկ հիմա կա։ Նիկոլ Փաշինյանն ինքն է ասել, որ եթե վերացնեն կոռուպցիան, չեն մնա գործող ինստիտուտներ։ Այսինքն՝ պետք է նորից կառուցել դրանք՝ վերցնելով արտասահմանյան փորձի լավագույն օրինակները։ Այդ թվում՝ պետք է ավելի կառուցողական մոտենան Ամուլսարի խնդրին ու որոշումներ չկայացնեն առանց հստակ հիմքերի ու փաստերի»,- ասում է Մոնիկը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter