HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը պարտվեց Հունաստանի ընտրանուն

Եվրո-2020-ի որակավորման փուլի 9-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Հանրապետական մարզադաշտում 0։1 հաշվով զիջեց Հունաստանի ընտրանուն:

Առաջին խաղակեսն անցավ հույների տարածքային և խաղային բացահայտ առավելությամբ։ Ամբողջ խաղակեսի ընթացքում մեր ազգային ընտրանին ոչ մի իրական գոլ պահ չկարողացավ ստեղծել, իսկ հյուրերը կարողացան գոլով ավարտել իրենց գրոհներից մեկը։ 35-րդ րոպեին Դիմիտրիս Լիմնիոսը բացեց հանդիպման հաշիվը։

Երկրորդ խաղակեսը ևս անցավ Հունաստանի ընտրանու առավելությամբ։ Դրվագներից մի քանիսում Արամ Հայրապետյանին հաջողվեց հետ մղել հույների հարվածները։ 61-րդ րոպեին փոխարինման մտած Արթուր Սարկիսովը գնդակն ուղարկեց Հունաստանի հավաքականի դարպասը, սակայն գոլ չգրանցվեց, քանի որ եզրային մրցավարը խաղից դուրս իրավիճակ էր արձանագրել։ Այնուամենայնիվ, այս խաղում այլևս գոլեր չեղան։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ սա մեր թիմի առաջին հանդիպումն էր։ Խաղը վնասվածքների պատճառով բաց էին թողնում հավաքականի ավագ և առաջատար Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, Կառլեն Մկրտչյանը, իսկ Վարազդատ Հարոյանը որակազրկված էր։ 

Այս պարտությունից հետո Հայաստանի ազգային հավաքականը J խմբի մրցաշարային աղյուսակում իջավ 4-րդ հորիզոնական՝ իր ակտիվում ունենալով 10 միավոր։ Նույնքան միավոր ունի նաև Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանին, սակայն վերջինս այսօր հանդիպում ունի անցկացնելու խմբի առաջատար Իտալիայի հետ (24 միավոր), որը վաղուց էր Եվրո-2020-ի ուղեգիր նվաճել։ Այսօր Լիխտենշտայնի ընտրանուն հաղթելուց հետո Ֆինլանդիայի հավաքականը ապահովեց երկրորդ տեղը J խմբում և Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց։ Հունաստանի հավաքականը 11 միավորով 3-րդն է, իսկ Լիխտենշտայնը 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Նոյեմբերի 18-ին Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Պալերմոյի «Ռենցո Բարբերա» մարզադաշտում կհյուրընկալվի Իտալիային։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter