HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Բարսեղ Բեգլարյանի նախկին խորհրդականը ներկա է եղել «Ֆլեշ Մոտորս»-ի ժողովին, բայց Արման Մկրտումյանի նկատմամբ բռնության ականատես չի եղել

«Ֆլեշ Մոտորս» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և ընկերության «Քանաքեռ» բազայի տնօրեն Հրայր Հովսեփյանի գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց վկա Աշոտ Մարտիրոսյանն, ով ընկերությում հայտաբերված չարաշահումների ժամանակ եղել է Բարսեղ Բեգլարյանի խորհրդականը: Մարտիրոսյանն այժմ «Բի-Էյջ Բրենդի Քոմփանի» ՓԲԸ-ի երևանյան մասնաճյուղի տնօրենն է, ի պատասխան տուժող Արման Մկրտումյանի հարցի՝ վկան ասաց, որ «Բի-Էյջ Բրենդի Քոմփանի» ՓԲԸ-ն պատկանում է Բարսեղ Բեգլարյանին և Արայիկ Հարությունյանին: Թե ով է Արայիկ Հարությունյանը, դատարանում չպարզաբանվեց:

Նշենք, որ դատարանում քննվող գործով Հրայր Հովսեփյանը և Բարսեղ Բեգլարյանը մեղադրվում են 2016 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու մեջ, ինչն էական վնաս է պատճառել Մկրտումյանի օրինական շահերին:

«Ֆլեշ Մոտորս» ընկերությունում շուրջ 120 մլն դրամի չարաշահումները հայտնաբերվել են 2015-ի տարեվերջին: Այդ ժամանակ ընկերության կոմերցիոն տնօրենը եղել է Արման Մկրտումյանը: Վերջինս պնդում է, որ ընկերության խորհրդակցությունների սենյակում իր նկատմամբ Հրայր Հովսեփյանը Բարսեղ Բեգլարյանի ներկայությամբ բռնություն է գործադրել, իրեն ստիպել են բնակարանը գրավադրել Բարսեղյաններին պատկանող «Արարատ» բանկում և ստացել դրա դիմաց տրվելիք գումարը:

Դատարանում ցուցմունք տված Աշոտ Մարտիրոսյանը նշեց, որ Բարսեղ Բեգլարյանի որդիների՝ Նարեկ և Հայկ Բեգլարյանների ուսանողական ընկերն է, Բարսեղ Բեգլարյանը որոշ ժամանակ եղել է իր անմիջական ղեկավարը:

Մարտիրոսյանը նշեց, որ ինքը Նարեկ Բեգլարյանի հետ եղել է «Ֆլեշ Մոտորս» ընկերությունում այն ժամանակ, երբ ընկերության խորհրդակցությունների սենյակում քննարկվել է հայտնաբերված պակասուրդի հետ կապված խնդիրը:

«Մասնակցեցինք, հետո ավարտվեց, գնացինք մեր գործերով»,- ասաց Աշոտ Մարտիրոսյանը: Խորհրդակցության ընթացքում տեղի ունեցած այլ խոսակցությունների մասին վկան պատմեց իրեն ուղղված հարցերին պատասխանելու միջոցով:

Ըստ Աշոտ Մարտիրոսյանի՝ պակասուրդի հետ կապված խոսակցության ընթացքում հիմնականում հարցեր է տվել Նարեկ Բեգլարյանը, Բարսեղ Բեգլարյանի որոշ հարցադրումներ է արել, իսկ հարցերին առավելապես պատասխանել է ընկերության տնօրեն Սուրեն Մխիթարյանը, որոշ հարցերի՝ Արման Մկրտումյանը: Տուժողի հարցին՝ ինքը ոչինչ չի՞ խոսել, Աշոտ Մարտիրոսյանը պատասխանեց, թե չի խոսել:

Նշենք, որ նախորդ դատական նիստին դատարանում ցուցմունք էր տվել վկա Սուրեն Մխիթարյանը: Վերջինս հայտնել էր, թե Աշոտ Մարտիրոսյանն իրեն և Արման Մկրտումյանին ասել է՝ «մենք առյուծ չունենք, որ ձեզ գցենք առյուծների դեմը, բայց շատ մոծակներ ունենք, կարան մոծակները ձեզ էնքան խայթեն, քրքրեն»: Այս հանգամանքի վերաբերյալ Մարտիրոսյանին դատարանում հարց չտրվեց, սակայն վերջինս մեզ հետ զրույցում հայտարարեց, թե Մխիթարյանի ասածն անհեթեթություն է, նման բան չի եղել:

Դատախազ Աբգար Առաքելյանը վկային հարց տվեց, թե արդյոք նա խոսակցության ամբողջ ընթացքում ներկա եղե՞լ է, ինչին Մարտիրոսյանը դրական պատասխան տվեց: Քիչ անց դատախազ Առաքելյանը մեջբերեց գործով վկաների և տուժող Արման Մկրտումյանի ցուցմունքն այն մասին, որ Արման Մկրտումյանի հասցեին սպառնալիքներ են հնչեցվել ու նրա դեմ գույքային պահանջ է դրվել: Նշենք, որ ըստ քրեական գործի՝ Արման Մկրտումյանին ստիպել են իր բնակարանը գրավադրել Բեգլարյաններին պատկանող «Արարատ» բանկում, ապա ստացել դրա դիմաց տրվելիք գումարը:

Մեղադրողի հարցին՝ ինքը լսե՞լ է, որ Արման Մկրտումյանի կամ Սուրեն Մխիթարյանի հասցեին որևէ մեկը գույքային պահանջ դնի, բռնություն գործադրի կամ մեղադրանք հնչեցնի, վկան ասաց, թե չի եղել նման բան:

«Համենայն դեպս իմ ներկայությամբ չի եղել: Չի բացառվում, որ զանգ եկած լինի, ես դուրս ու ներս արած լինեմ»,- ասաց Մարտիրոսյանն, ով իր խոսքի սկզբում ասել էր, որ խոսակցության ամբողջ ընթացքում ներկա է եղել:

Դատավոր Դավիթ Հարությունյանը հարցրեց՝ Մարտիրոսյանը Հրայր Հովսեփյանի գոտկատեղին ամրակցված զենք տեսել է, թե՞ ոչ, ինչին ի պատասխան Աշոտ Մարտիրոսյանն ասաց, թե չի տեսել: Նշենք, որ ըստ վկա Սուրեն Մխիթարյանի ցուցմունքի՝ Հրայր Հովսեփյանն իր վրա ատրճանակ է պահել ու սպառնացել:

Թե խոսակցությունն ի վերջո ինչ ընթացք է ունեցել, ինչ է որոշվել, Մարտիրոսյանը չգիտի: Ասաց, որ Նարեկ Բեգլարյանն իրեն միայն հետագայում հայտնել է, որ դիմել են իրավապահներին, կան կալանավորված անձինք: Նշենք, որ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների գործով մեղադրվել են երկու անձինք՝ ընկերության մեծածախ վաճառքի մենեջերն ու կորպորատիվ հաճախորդների մենեջերը, այսինքն՝ տվյալներ ձեռք չեն բերվել այն մասին, որ ընկերության կոմերցիոն տնօրեն եղած Արման Մկրտումյանն առնչություն է ունեցել չարաշահումների հետ:

Դատարանում հրապարակվեցին նաև Մարտիրոսյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Վերջինս իր առաջին ցուցմունքում հայտնել է, որ տուժող Արման Մկրտումյանն ու Հրայր Հովսեփյանը դուրս են եկել խորհրդակցությունների սենյակից, խոսել է նաև Մկրտումյանի առաջ դրված գույքային պահանջի մասին, որոնք հաջորդ ցուցմունքում արդեն հերքել է՝ նշելով, թե առաջին ցուցմունքը տալիս շփոթված է եղել:

Վկայի հարցաքննության ավարտից հետո մեղադրող Աբգար Առաքելյանը հայտարարեց, որ վկա Մարտիրոսյանի ցուցմունքը նպատակ ունի ամբաստանյալներին պատասխանատվությունից ազատելու: Մեղադրողը նկատեց, որ Մարտիրոսյանը նախաքննության ընթացքում դիմել է փաստաբան Կրոմվել Գրիգորյանն իր շահերը ներկայացնելու համար, նույն փաստաբանը մինչև վերջերս ներկայացնում էր նաև Բարսեղ Բեգլարյանի շահերը: Տուժող Արման Մկրտումյանն էլ հայտարարեց, որ Աշոտ Մարտիրոսյանի ցուցմունքը շահագրգիռ անձի ցուցմունք է, քանի որ վերջինս աշխատում է Բեգլարյանի ընկերությունում: Մարտիրոսյանի հարցաքննությունն ավարտվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter