HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի ընտրանին ավարտում է ելույթները «Եվրո-2020»-ում. այսօր՝ Իտալիա-Հայաստան

Այսօր՝ Երեւանի ժամանակով 23:45-ին, իտալական Պալերմո քաղաքի «Ռենցո Բարբերա» մարզադաշտում մեկնարկելու է «Եվրո-2020»-ի ընտրական փուլի վերջին տուրի Իտալիա-Հայաստան մրցավեճը: Ինչպես հայտնի է, աշխարհի քառակի ու Եվրոպայի 1968 թ. չեմպիոն իտալացիները երեւանյան հանդիպմանը կարողացան հաղթել 3-1 հաշվով, չնայած խաղի արդյունքի վրա մեծապես ազդեց մեր թիմից գոլի հեղինակ դարձած հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի հեռացումը:

Չնայած Իտալիան ժամկետից շուտ ապահովել է ընտրական 10-րդ խմբում առաջին տեղն ու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը, Ռոբերտո Մանչինիի թիմն այսօր ձգտելու է անպայման հաղթել, ինչը կնշանակի, որ Իտալիան դառնալու է առաջին թիմն այս ընտրական փուլում, որը 10 խաղում կվաստակի առավելագույն՝ 30 միավոր: Այդ հաջողությունն ամսի 19-ին կարող է կրկնել նաեւ Բելգիան:

Հայաստանն ու Իտալիան մինչ այս հանդիպել են 3 անգամ: Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում եւս թիմերը նույն խմբում էին: 2012-ի հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում կայացած առաջին խաղում մերոնք պարտվեցին 1-3: 11-րդ րոպեին Բերեզովսկու դարպասին նշանակված 11-մ հարվածը դիպուկ իրացրեց Պիռլոն, սակայն 27-րդ րոպեին Մխիթարյանը կարողացավ գրավել Բուֆոնի դարպասն ու հավասարեցնել հաշիվը: Իտալացիները միայն 64-րդ րոպեին Դե Ռոսիի ջանքերով կարողացան հաշվի մեջ առաջ անցնել, իսկ 81-րդ րոպեին Օսվալդոն նաեւ երրորդ գոլը խփեց: Մեկ տարի անց՝ 2013-ի հոկտեմբերի 15-ին Նեապոլում կայացած պատասխան խաղում, արդեն 5-րդ րոպեին հաշիվը բացեց Մովսիսյանը, սակայն 25-րդ րոպեին Ֆլորենցին խփեց պատասխան գնդակը: 70-րդ րոպեին Մարկետիի դարպասը երկրորդ անգամ գրավեց Մխիթարյանը, բայց քիչ անց՝ 76-րդ րոպեին, Բալոտելին հաշիվը դարձրեց 2-2: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց: Իսկ այս տարվա սեպտեմբերի 5-ին Երեւանում կայացած առաջին խաղում մերոնցից Ալեքսանդր Կարապետյանն արդեն 11-րդ րոպեին առաջ մղեց մեր թիմին, սակայն 28-րդ րոպեին Բելոտին նախ հավասարեցրեց հաշիվը, ապա առաջին խաղակեսի ավարտին մրցավարն անտեղի կարմիր ցույց տվեց Կարապետյանին: 77-րդ Պելեգրինին հաշիվը դարձրեց 1-2, իսկ 80-րդ րոպեին Բելոտիի հարվածից հետո գնդակը հետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից ու Հայրապետյանի թիկունքից անդրադարձով հայտնվեց ցանցում՝ 1-3: Մեր դարպասապահի հաշվին ինքնագոլ գրանցվեց:

Այսպիսով՝ կայացած 3 խաղերից 2-ում հաղթել են իտալացիները, 1 անգամ գրանցվել է ոչ-ոքի, գնդակների տարբերությունը եւս նրանց օգտին է՝ 8-4:

Ինչպես հույների հետ վերջին խաղում, այնպես էլ այսօր մեր ընտրանին դաշտ է դուրս գալու լուրջ կորուստներով: Չնայած մեկխաղյա որակազրկումից կվերադառնա կենտրոնական պաշտպան Հարոյանը, նույն պատճառով թիմին չի միացել հենակետային Հովսեփյանը: Հավաքականից բացակայում են նաեւ Մխիթարյանը, Ղազարյանը, Ադամյանը, Մկրտչյանը, Արասը:

Նախախաղային ասուլիսում գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշել է, որ այս անգամ եւս հանդես են գալու 5 պաշտպանով՝ շեշտը դնելով հակագրոհների վրա: Թե ինչ կտա դա թիմին, ցույց կտա խաղը:

Իտալիա-Հայաստան հանդիպմանը զուգահեռ կմեկնարկեն նաեւ Հունաստան-Ֆինլանդիա եւ Լիխտենշտայն-Բոսնիա եւ Հերցեգովինա մրցավեճերը: Հիշեցնենք, որ խմբում երկրորդ ուղեգիրը նվաճել է Ֆինլանդիան, եւ այսօրվա խաղերից հետո ընդամենը պարզ է դառնալու, թե ինչպիսին է լինելու դասավորությունը 3-5-րդ հորիզոնականներում: Այս պահին երրորդը հույներն են, չորրորդը՝ մերոնք, հինգերորդը՝ բոսնիացիները:      

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter