HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հանքարդյունաբերությունը նոր թափ է հավաքել

Հայաստանի արդյունաբերության աճի տեմպն այս տարվա երրորդ եռամսյակում արագացել է։ Եթե առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, արդյունաբերությունն աճել է 1.6 %-ով, երկրորդ եռամսյակում ՝ 12.1 %-ով, ապա երրորդ եռամսյակում աճը կազմել է 19.1 %։ Նկատելի է, որ երրորդ եռամսյակում նոր թափ է հավաքել հանքարդյունաբերությունը։ Դրական միտումներ կան նաև մշակող արդյունաբերության ոլորտում, սակայն վերջինս աճի տեմպով զգալի զիջում է հանքարդյունաբերությանը։

Երբ դիտարկում ենք արդյունաբերության տեմպն ըստ ամիսների, ապա միայն հունվարին է, որ այն կրճատվել է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալները՝ ամենաբարձր աճը գրանցվել է հուլիս ու օգոստոս ամիսներին՝ 16.1 % և 16.8 %:

Ընդհանուր առմամբ, տարվա առաջին ինն ամիսներին՝ հունվար-սեպտեմբերին, ամբողջ արդյունաբերության ծավալները կազմել են 1 տրլն 444 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 9.7 %-ով։

Մասնավորապես, հանքարդյունաբերության ծավալներն ինն ամսվա կտրվածքով կազմել են 259.8 մլրդ դրամ՝ աճելով 19.5 %-ով։ Մինչդեռ այդ ընթացքում մշակող արդյունաբերությունն աճել է 9.3 %-ով՝ կազմելով 978 մլրդ դրամ։ Այսինքն՝ մշակող արդյունաբերության աճի տեմպն ավելի ցածր է թե´ ընդհանուր արդյունաբերության աճի տեմպից, թե´ առավել ևս հանքարդյունաբերությունից։ Այս ցուցանիշներն արդեն բավական են՝ եզրահանգելու, որ ինն ամսվա կտրվածքով արդյունաբերության ընդհանուր աճի վրա հանքարդյունաբերության ազդեցությունը բավականին մեծ է։

Առաջին եռամսյակում հանքարդյունաբերության ոլորտում անկում է գրանցվել 4.5 %-ով, բայց երկրորդ եռամսյակից այն սկսել է աճել, ու կիսամյակի կտրվածքով աճը կազմել է 6.8 %: Երրորդ եռամսյակում, ինչպես երևում է, մետաղական հանքաքարի արդյունահանման ծավալները էականորեն ավելացել են, ինչի հետևանքով ինն ամիսների կտրվածքով հանքարդյունաբերությունը, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, արդեն 19.5 %-ով է աճել։ Թեև երրորդ եռամսյակի ցուցանիշները Վիճկոմիտեն առանձին չի հրապարակում, սակայն ամսական կտրվածքով պարզ երևում է այդ եռամսյակի աճի բարձր տեմպը։ Մասնավորապես, հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ հանքարդյունաբերությունն աճել է 27 %-ով, օգոստոսին՝ 55 %-ով, իսկ սեպտեմբերին աճը կազմել է 70.1 %:

Նույն ընթացքում մշակող արդյունաբերության աճն առաջին եռամսյակում կազմել է 5.5 %, կիսամյակի կտրվածքով այն հասել է 8.7 %-ի և ինն ամիսներին՝ 9.3 %-ի։ 

Իհարկե, հանքարդյունաբերության այս տարվա աճը մասամբ պայմանավորված է համեմատության ցածր բազայով՝ հաշվի առնելով, որ նախորդ տարի ծավալները նվազել էին, և որ այս ոլորտի ծավալները, ի տարբերություն մշակող արդյունաբերության, էականորեն փոքր են, սակայն հանքարդյունաբերության առաջանցիկ աճը բոլորովին չի համապատասխանում իշխանության հայտարարած տնտեսական հեղափոխության գաղափարներին։ Քանի որ Հայաստանում, մասնավորապես իշխանությունների կողմից, շատ է խոսվում արդյունաբերության մշակող ճյուղը զարգացնելու և հանքարդյունաբերության կշիռը թուլացնելու մասին, դա ենթադրում է, որ մշակող արդյունաբերությունը պետք է աճի շատ ավելի արագ տեմպով, քան հանքարդյունաբերությունը։ Սակայն, փաստն այն է, որ այսօր հակառակ իրավիճակն է։ 2018 թվականին հանքարդյունաբերության ծավալները տարեկան կտրվածքով նվազել են 14 %-ով, իսկ մշակող արդյունաբերությունն այդ ընթացքում աճել է 10 %-ով։ Այս տեմպերի շնորհիվ հանքարդյունաբերության կշիռն ընդհանուր արդյունաբերության մեջ որոշակիորեն նվազել է։ Սակայն, նկատենք, որ դա տեղի էր ունեցել հանքարդյունաբերության ծավալների անկման շնորհիվ և ոչ թե՝ մշակող արդյունաբերության առաջանցիկ աճի։

Իսկ այսօր ունենք հետևյալ իրավիճակը՝ մշակող արդյունաբերության կշիռն ընդհանուր արդյունաբերության մեջ հունվար-սեպտեմբերի տվյալներով կազմել է 67.7%, հանքարդյունաբերությանը՝ 18%: Նախորդ տարվա նույն ամիսներին հանքարդյունաբերության կշիռը կազմել է 18.1%, իսկ մշակող արդյունաբերությանը՝ 65.1%: Այսինքն՝ հանքարդյունաբերության կշիռը 0.1 տոկոսային կետով նվազել է, իսկ մշակող արդյունաբերությանն ավելացել է 2.6 տոկոսային կետով։ Վերջինիս ավելացումը պայմանավորված է արդյունաբերության մյուս հատվածի՝ Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման կշռի նվազմամբ, որի ներքո պետք է մեծամասամբ հասկանալ էլեկտրաէներգիայի արտադրությունը, հաղորդումն ու բաշխումը։

Այս տարվա հունվար-սեպտեմբերին ջրամատակարարման ծավալները կազմել են 19.2 մլրդ դրամ՝ նվազելով 1.9%-ով։ Այստեղ ներառված է նաև կոյուղին, թափոնների կառավարումն ու վերամշակումը։

Եվ արդյունաբերության մյուս ոլորտը էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումն է, որի ծավալները կազմել են 187.4 մլրդ դրամ՝ աճելով 0.8%-ով։ Այստեղ ամենամեծ բաժինը էլեկտրաէներգիայի արտադրությունն է, հաղորդումն ու բաշխումը, որը կազմել է մոտ 160 մլրդ դրամ՝ նվազելով 1.6%-ով։

Մշակող արդյունաբերությունն աճում է հիմնականում չորս ճյուղերի հաշվին

Չնայած մշակող արդյունաբերությունն իր աճի տեմպերով զիջում է հանքարդյունաբերությանը, սակայն այս ոլորտում էլ դրական միտումները տեսանելի են։ Ինն ամիսներին գրանցված 9.3% աճն այս ոլորտի համար վատ ցուցանիշ չէ։ Այլ հարց է, որ այն կենտրոնացված է ընդամենը մի քանի ճյուղերի շուրջ։

Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտն այսօր հիմնված է 5 ճյուղերի վրա, որոնք էլ հիմնականում ապահովում են ոլորտի աճը։ Մնացած ճյուղերը համեմատաբար թույլ դիրքերում են։ Ծավալներով առաջին տեղում սննդամթերքի արտադրությունն է, որին այս տարվա առաջին ինն ամիսներին տվյալներով բաժին է ընկնում ամբողջ մշակող արդյունաբերության 34.2%-ը։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ սննդամթերքի արտադրությունն աճել է 7.2%-ով։

Ծավալներով հաջորդ տեղում ծխախոտի արտադրությունն է, որին բաժին է ընկնում մշակող արդյունաբերության 13.9%-ը։ Ծխախոտային արտադրատեսակների արտադրության ծավալներն աճել են 14.7%-ով։

Երրորդ տեղում հիմնային մետաղների արտադրությունն է (13%), որը, սակայն, նախորդ տարվա համեմատ կրճատվել է 2.4%-ով։

Մյուս խոշոր ապրանքախումբը խմիչքն է (12.5%): Խմիչքի արտադրությունն ընդալայնվել է 7.9%-ով։

Մշակող արդյունաբերության մեջ համեմատաբար էական կշիռ ունի նաև ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը (6.6): Այս ոլորտում այս տարի զգալի աճ կա՝ 47.7%:

Ստացվում է, որ մշակող արդյունաբերության աճն այսօր շարունակում են ապահովել հիմնականում սննդի, խմիչքի, ծխախոտի արտադրությունները, ինչպես նաև՝ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը։ Մյուս ճյուղերն, ինչպես նշեցինք, ավելի համեստ ծավալներ ունեն։ Ընդհանուր վիճակագրության մեջ մտահոգիչ է նաև ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը, որի ծավալներն այս տարվա ինն ամիսներին նվազել են 17%-ով։

Լուսանկարում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter