HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Արցախի նախագահի հավանական թեկնածուներն այս պահին

Արցախը մոտ չորս ամիս հետո նոր նախագահ կունենա: Նախագահի հավանական թեկնածուներն այս պահին 8-ն են՝ Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը, Հայկ Խանումյանը, Վիտալի Բալասանյանը, Վահան Բադասյանը, Ռուսլան Իսրայելյանը, Քրիստին Բալայանը եւ Աշոտ Ղուլյանը:

2018 թվականի հունիսի 11-ին՝ «ARTSAKHTIMES»-ին տված հարցազրույցից հետո պարզ դարձավ, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը չի առաջադրվելու հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին:

Նոր Սահմանադրությամբ Արցախում առաջին անգամ կանցկացվեն համընդհանուր ընտրություններ՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունները կլինեն նույն օրը: Ձեզ ենք ներկայացնում նախագահի հավանական թեկնածուներին:

Արայիկ Հարությունյանը «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահն է: Կուսակցությունը 33 պատգամավորից կազմված խորհրդարանում ներկայացնում է ամենամեծ «Հայրենիք» խմբակցությունը (16 պատգամավոր): Արայիկ Հարությունյանը 2007-2017 թթ. եղել է Արցախի Հանրապետության վարչապետը, նոր Սահմանադրությունը ընդունելուց հետո նախագահի հրամանագրով նշանակվել է պետական նախարար, սակայն «ավտոկայանի» ցույցերից հետո 2018 թ. հունիսի 6-ին հրաժարական է ներկայացրել, ապա հուլիսի 2-ին նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու (2019 թվականի փետրվարի 21-ին իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից):

Շուշիում այս տարվա նոյեմբերի 9-ին տեղի ունեցած «Ազատ Հայրենիք» կուսակցության յոթերորդ համագումարում որոշվեց 2020 թվականի համապետական ընտրություններին թեկնածու առաջադրել Արայիկ Հարությունյանին:

Նախկին պետնախարարն ու վարչապետը համարվում է Արցախի մեծահարուստ քաղաքական գործիչներից մեկը: Ըստ ԼՂՀ հարկային ծառայության կայքում զետեղված 2017թ. պետնախարարի պաշտոնը ստանձնելու հայտարարագրի՝ նա ունի 1 բնակելի տուն, մեկական արտադրական և հասարակական նշանակության շինություն, 3 հողամաս, արժեթղթեր՝ 769 614 300 դրամ արժողությամբ, իսկ տարվա եկամուտը կազմել է 66 127 906 դրամ (որից աշխատավարձ՝ 14 930 706 դրամ): Ըստ վերջին հրապարակման՝ 2017թ. տարեկան հայտարարագրի՝ նրա ընդհանուր եկամուտները կազմել են 47 909 632 դրամ, որից աշխատավարձը՝ 8 531 832 դրամ:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 8-ին, ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ կառաջադրվի 2020 թվականին: «Քանի որ արդեն իսկ առկա նախադրյալները երաշխավորում են 2020 թվականի ընտրությունների հաջող անցկացումը և վստահություն են ներշնչում Արցախի զարգացման ամենատարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման գործում, ես որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը»,- ասվում է գրառման մեջ: Մասիս Մայիլյանը 1993-2001 թթ. ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ միջազգային կազմակերպությունների բաժնի վարիչ, միջազգային կազմակերպությունների վարչության պետ, նախարարի խորհրդական-քաղաքական վարչության պետ։ Մայիլյանը մասնակցել է նաև 2007 թվականի նախագահական ընտրություններին որպես ընդդիմադիր թեկնածու՝ ստանալով ձայների 12,53 տոկոսը, պարտվել էր իշխանական թեկնածու Բակո Սահակյանին: 2017թ. սեպտեմբերի 25-ին նշանակվել է ԱՀ արտաքին գործերի նախարար: Մայիլյանը նաև գիտական գործունեությամբ է զբաղվել. ադրբեջանա-ղարաբաղյան և այլ հակամարտությունների, հայ-թուրքական հարաբերությունների, կովկասյան տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ բազմաթիվ հետազոտական հոդվածների և վերլուծական զեկույցների հեղինակ է։

Հոկտեմբերի 11-ին «Վաղվա Արցախ» կուսակցության (ՎԱԿ) հիմնադիր համագումարից հետո կուսակցության համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը Artsakhpress-ի հետ զրույցում  ասել է, որ 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին իրենք թեկնածու չեն առաջադրելու, բայց կուսակցությունը սատարելու է Մասիս Մայիլյանին: «Վաղվա Արցախ» կուսակցությունը ինստիտուցիոնալ հանրային-քաղաքական կառույց է, որի գործունեության հիմնական նպատակն է առաջադիմական լուծումների և բարեփոխումների միջոցով կառուցել իրավունքի գերակայության և օրենքի առաջ յուրաքանչյուրի հավասարության վրա հիմնված կայուն, անվտանգ և զարգացած Արցախ, որտեղ Մարդը գերագույն արժեք է»,- գրված է կուսակցության ֆեյսբուքյան էջում:

Նախագահների թեկնածուներից մեկն էլ ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության (ԱՎԿ) նախագահ Հայկ Խանումյանն է: 2019թ. հոկտեմբերի 6-ին Հադրութ քաղաքում տեղի է ունեցել ԱՎԿ Հադրութի տարածքային կառույցի ժողովը, որը համաձայն կուսակցության 5-րդ համագումարի որոշման, կուսակցությունն Արցախի նախագահի թեկնածու է առաջարկել ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին:

2015 թ. ԱՎԿ-ն ԱԺ ընտրությունների արդյունքում դարձավ խորհրդարանական ուժ՝ հավաքելով ընտրությունների մասնակիցների ձայների 5,38 տոկոսը։ Կուսակցությունն Ազգային ժողովում ներկայացված է մեկ պատգամավորով։

Արցախի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին արդեն մեկ անգամ չէ, որ հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը:  Ասկերանի պաշտպանական շրջանի նախկին հրամանատարը՝ որպես ընդդիմադիր նաև մասնակցել է 2012 թվականի նախագահական ընտրություններին՝ մրցակցելով գործող նախագահ Բակո Սահակյանի հետ: Նրան հաջողվել է պաշտոնական տվյալներով հավաքել ձայների գրեթե մեկ երրորդը (32,5 %)։ Վիտալի Բալասանյանի ներկայիս քաղաքական գործունեության մեջ մեծ տեղ է զբաղեցնում  Հայաստանի իշխանությունների խիստ քննադատությունը: Վերջերս էլ Բալասանյանն Արցախում ստորագրահավաք է սկսել՝ Ռոբերտ Քոչարյանի ազատության պահանջով։

Վահան Բադասյանը անցած տարվա սեպտեմբերին «Հայկական ժամանակի» հետ զրույցում, երբ դեռ «Լույս Արցախին» նախաձեռնության անդամ էր, ասաց, որ պատրաստվում է գրանցվել որպես քաղաքական կուսակցություն և առաջիկա` լինի արտահերթ, թե խորհրդարանական ընտրություններին, մասնակցելու են: Ներկայում Վահան Բադասյանը «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավարն է, այն հիմնադրվել է 2018 թվականի դեկտեմբերի 22-ին: «Հայկական 2 պետությունները մոտ ժամանակներում խաղաղ և անցնցում պետք է միավորվեն ու դառնան մեկ Հզոր Հայրենիք` Միացյալ Հայրենիք»,- կուսակցության պետական գրանցման օրը ուղերձ է հղել Բադասյանը:

Բադասյանը 1993թ. նշանակվել է Հադրութի պաշտպանական շրջանի առաջին գումարտակի հրամանատար, 1999-2001թթ. եղել է Հադրութի շրջվարչակազմի ղեկավար, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ցուցակով 2010-ին ընտրվել է պատգամավոր:

Այս տարվա օգոստոսին տեղի ունեցած «Անկախության Սերունդ» (ԱՍԿ) կուսակցության խորհրդի նիստում որոշվեց՝ կուսակցության առաջիկա համագումարի օրակարգում ներառել Ռուսլան Իսրայելյանի՝ 2020 թվականին նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու առաջադրելու հարցը: ԱՍԿ-ի հիմնադիր համագումարը տեղի ունեցավ 2018 թվականի օգոստոսի 11-ին, այն գաղափարախոսությամբ ազգային-պահպանողական կուսակցություն է:

«Ազատ Հայրենիք» կուսակցության  նախկին անդամ Ռուսլան Իսրայելյանը 2010 թվականին խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով ընտրվել է ԱՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր: 2018թ. հունիսի 8-ից դադարեցրել է անդամակցությունը «Ազատ հայրենիք» կուսակցությունում և հանդիսանում է ԼՂՀ ԱԺ 6-րդ գումարման անկախ պատգամավոր: Ռուսլան Իսրայելյանը ճանաչելի է նաև որպես գործարար. «Գառնի» ու «Ֆլեշ պլյուս» ընկերություններում աշխատել է որպես տնօրեն, «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲԸ-ում՝ գլխավոր տնօրեն: ԱՀ հարկային ծառայության կայքում Ռուսլան Իսրայելյանի պաշտոնը ստանձնելու հայտարագիրը հրապարակված չէ: 2015 թվականի տարեկան հայտարարագրում նշված է 20 000 000 դրամ արժողությամբ Mercedes Benz Actros 264 բեռնատար և 19 993 00 ընդհանուր եկամուտ, որից  14 172 00 դրամն աշխատավարձ է: 2018 թվականի հայտարարագրում նշված է միայն ընդհանուր եկամուտը՝ 49 631 800 դրամ (աշխատավարձը՝ 6 535 800 դրամ):

Նոյեմբերի 12-ին նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին Arcakh24.info կայքում  հայտարարել է «Արցախյան արվեստի ֆորումի» գործադիր տնօրեն Քրիստին Բալայանը: 1978 թվականին ծնված Քրիստին Բալայանը քաղաքականության մեջ նոր դեմք է:

Արցախի Ազգային ժողովի նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը հարցազրույցներում չէր բացառում նախագահական ընտրություններին իր մասնակցությունը: Դեռ տարեսկզբին «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը Tert.am-ին ասել է, որ ԱԺԿ-ն մասնակցելու է 2020-ի խորհրդարանական և նախագահական ընտրություններին, իսկ նախագահի թեկնածուն, ամենայն հավանականությամբ, Աշոտ Ղուլյանն է լինելու։ Աշոտ Ղուլյանի վերջնական պաշտոնական առաջադրման մասին դեռ վաղ է ասել, քանի որ ըստ նրա ֆեյսբուքյան էջի գրառման՝ խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի և նախագահական ընտրություններում հավանական թեկնածուների հարցը լինելու է նոյեմբերի 30-ի համագումարի օրակարգում:

ԱԺԿ-ն խորհրդարանում 6 պատգամավոր ունի, ներկայացվածությամբ երկրորդ տեղը կիսում է «Դաշնակցություն» խմբակցության հետ:

Եթե, իրոք, 8 թեկնածուն էլ գրանցվեն ու մասնակցեն ընտրություններին, ապա սա ռեկորդային կլինի: Ըստ ԱՀ ԿԸՀ-ի՝ 1996 թ. նախագահական ընտրություններին և 1997 թ-ի արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցել է երեքական թեկնածու, 2002-ին՝ չորս, 2007-ին՝ հինգ և 2012-ին՝ երեք թեկնածու (չորրորդն ընթացքում ինքնաբացարկի դիմում է ներկայացրել):

Ինչպես նշեցինք, Արցախում նախագահականի հետ նույն օրը կանցկացվեն նաև խորհրդարանական ընտրություններ: Վերջին շրջանում Արցախում բուռն կուսակցաշինություն է տեղի ունեում, ըստ ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ այս պահին Արցախում պաշտոնապես գրանցված 23 կուսակցություն կա, որից 10-ը գրանցվել է  2018 թվականի մայիս ամսից հետո:

Արցախի առաջին համընդհանուր ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի մարտի վերջին:

Ըստ ԼՂՀ Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի՝ նախագահի թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 35 օր առաջ:

Մեկնաբանություններ (2)

Alex H
Badasyan was born in 1993?!!!
Հռիփսիմե Մարգարյան
ՄԻԱԿ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ' ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆՆ Է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter