
«Հետք»-ի հրապարակման հիման վրա կասեցվել և հետ են կանչվել «նիհարեցնող» և «բուժիչ» միջոցները
«Հետք»-ը վերջերս հոդված էր հրապարակել այն մասին, որ «Ֆիդորա» ընկերությունը տևական ժամանակ է, ինչ գովազդվում է «լյարդի, լեղապարկի, երիկամների և սրտի բուժման» և «նիհարեցնող» միջոցները: Ապրանքները վաճառվում են՝ առանց պարտադիր պետական գրանցման և հատուկ թույլտվության, սննդամթերքի անվան տակ։
Ընկերության տնօրեն Աշոտ Վարդանյանը, ով ներկայանում էր որպես դեղագետ, մեզ հետ զրույցում պնդում էր, որ իրենք ուտելիք են վաճառում․ «Ինքը հավելում չի: Ինքը պատիճների տեսքով կա, դրանց յուղերն են, հիմա դրանց փոշիները նորություն ա, որ դրանք էլ ենք անում: Ու նիհարեցնող պատիճ չէ, ինքը ալոեի փոշու կապսուլա ա, կաթնափուշի փոշու կապսուլա ա»,- պարզաբանում էր Ա․ Վարդանյանը՝ հավելելով, որ «անհրաժեշտ «թղթերը հանելը» մեկ ժամվա և 40 000 դրամ վճարելու գործ է»:
Այսօր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից «Հետք»-ին հայտնեցին, որ «Ֆիդորա» ընկերությունում իրականացվել է դիտարկում, որի արդյուքնում ապրանքների իրացումը կասեցվել է և հետ է կանչվել․
«Հրապարակմանն ընթացք է տրվել որպես ահազանգ, իրականացվել է վերահսկողություն՝ դիտարկում։ Արդյունքում «Ֆիդորա» ընկերությանը տրվել են «բուժիչ» և «նիհարեցնող» միջոցների իրացումը կասեցնելու և շուկայից հետ կանչելու կարգադրեր»,- հայտնեցին ՍԱՏՄ-ից՝ նշելով, որ իրավախախտում կատարած տնտեսվարողին տրվել են պարտադիր կատարման կարգադրեր և հանձնարարականներ։
Մեկնաբանել