
Վահագն Հարությունյանը բժիշկների հետ քննարկում է բուժումը կիսատ թողնելու և Հայաստան վերադառնալու հնարավորությունը
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը բժիշկների հետ քննարկում է արտերկրում բուժումը կիսատ թողնելու և Հայաստան վերադառնալու հնարավորությունը: Այս մասին «Հետքին» ասաց Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանն՝ ի պատասխան հարցի՝ արդյոք Հարությունյանը չի՞ ավարտել բուժումը և չի՞ պատրաստվում վերադառնալ:
Նշենք, որ Հարությունյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որը զուգորդվել է բռնությամբ: Նա գտնվում է հետախուզման մեջ:
«Վահագն Հարությունյանն այս պահին գտնվում է արտերկրում ու հետևում իրադարձություններին, Հատուկ քննչական ծառայության կողմից սանձազերծված իրավական բեսպրեդելին: Հարությունյանն այս պահին բուժող բժիշկների հետ քննարկում է բուժումը կիսատ թողնելու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու հնարավորությունը: Իր մոտ վերադառնալու ցանկությունը մեծ է, որպեսզի այս բանսարկություններին վերջ դրվի: Չնայած ես նրան հորդորում եմ՝ այդ քայլին չդիմել, նա, կրկնում եմ, պատրաստակամ է բուժումը կիսատ թողնել և վերադառնալ»,- ասաց Պողոսյանը:
Վերջինիս խոսքով՝ իր պաշտպանյալ Հարությունյանը գիտակցում է, որ իր՝ ՀՀ-ում չլինելու պարագայում Հատուկ քննչական ծառայությունն իր հետ կապված ինչ ասես՝ հորինում է:
Նշենք, որ Հարությունյանի նկատմամբ ի սկզբանե խափանման միջոց է ընտրված եղել կալանավորումը, որը այս պահին վերացված է: Պողոսյանի խոսքով, սակայն, Հարությունյանի նկատմամբ կալանք խափանման միջոց ընտրված լինել-չլինելու հանգամանքը որևէ կերպ չի անդրադառնում նրա՝ Հայաստան վերադառանալու հարցի վրա:
«Վահագն Հարությունյանը մշտապես ասել է, որ բուժումը վերջացնելուց հետո վերադառնալու է»,- ասաց Պողոսյանը՝ նշելով, որ խոսքը մոտ ժամկետներում վերադառնալու մասին է, այս պահին բժիշկների հետ քննարկվում է նրա՝ ինքնաթիռ նստելու թույլատրելիության, հնարավորության հարցը:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Մեկնաբանել