HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազ Պետրոս Պետրոսյանին ներկայացված բացարկի միջնորդությունը

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին տուժող կողմն ու մեղադրող դատախազներն առարկեցին դատախազ Պետրոս Պետրոսյանին նախորդ դատական նիստի ընթացքում ներկայացված բացարկի միջնորդության դեմ: Կարծում են, որ դատախազ Պետրոսյանն անկողմնակալ է եղել Քոչարյանի և մյուսների գործի նախաքննության ընթացքում, անկողմնակալ է լինելու նաև գործի դատաքննության ընթացքում՝ մեղադրանք պաշտպանելիս:

Տուժող կողմի ներկայացուցիչներից Տիգրան Եգորյանը հիշեցրեց պաշտպանների ներկայացրած փաստարկն այն մասին, որ գործի քննության ընթացքում քննիչը նյութեր են թաքցրել, որի պատասխանատուն գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն է:

«Եթե դատախազին նախաքննության, ապա նախաքննությունից դատաքննության անցման ընթացքում մեղադրանք է ներկայացվում նախաքննության նյութեր թաքցնելու կապակցությամբ, սա արդեն դատախազին բացարկ հայտնելու հարց չէ, այլ քրեորեն հետապնդելի արարք, սակայն մինչ այս պահը նման հանգամանք հայտնի չէ»,- ասաց Տիգրան Եգորյան:

Տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն, անդրադառնալով պաշտպան Խուդոյանի խոսքին, որ քննիչն առանց հիմավորման Քոչարյանի գույքի վրա կալանք է դրել, նշեց, որ Քոչարյանի և որդիների գույքի հարցը դեռևս կդառնա քննարկման առարկա, սակայն նրանց գույքի վրա կալանք դնելու որոշումը չի կարող դատախազին բացարկի միջնորդություն ներկայացնելու հիմք լինել:

Անդրադառնալով Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի խոսքի այն մասին, որ Քոչարյանի և Մարտի 1-ի գործով վկա Արշակ Կարապետյանի միջև առերես հարցաքննությունը տեղի է ունեցել Քոչարյանի բացակայությամբ, Սաֆարյանը նշեց, որ Քոչարյանը հարցաքննության հենց սկզբում հրաժարվել է առերես հարցաքննությունից այն բանից հետո, երբ Արշակ Կարապետյանի առերես պնդումը նրան դուր չի եկել, իսկ նման պայմաններում քննիչը չէր կարող չարձանագրել այն, ինչ առերես պնդել էր վկա Կարապետյանը: Նշենք, որ ավելի ուշ այս հանգամանքին անդրադառնալով՝ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը պարզաբանեց, որ Քոչարյանն ի սկզբանե է հրաժարվել առերես հարցաքննությունից՝ օգտվելով իր իրավունքից և նշելով, որ ինքը ցուցմունք չի տվել, ուստի նրա և Արշակ Կարապետյանի ցուցմունքների միջև հակասություն լինել չի կարող:

Քոչարյանի անձնագիրը վարույթն իրականացնող մարմնի կողմից Քոչարյանին չվերադարձնելու հանգամանքը ևս, ըստ Սեդա Սաֆարյանի, հիմք չէ դատախազին բացարկի միջնորդություն ներկայացնելու: Ինչ վերաբերում է Քոչարյանի աշխատասենյակից առգրավված գույքին և օրինական զենքին, որոնք գործի հետ առնչություն չունեն, բայց չեն վերադարձվել, Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ եթե այդ իրերը առնչություն չունենային գործի հետ, կվերադարձվեին:

Քոչարյանի, ինչպես նաև Սեյրան Օհանյանի պաշտպանները դատախազին բացարկ հայտնեցին՝ նշելով, թե քննիչը մեղադրյալներին արդարացնող ապացույցները չի ներառել Մարտի 1-ից անջատված գործում, որով անցնում են այսօր դատարանում գտնվող ամբաստանյալները, Սաֆարյանը նշեց, որ գործում առկա ապացույցները բավարար են Քոչարյանի արարքը հիմնավորելու համար՝ մատնանշելով 0038 հրամանը, Արցախից զրահատեխնիկա և զորք ՀՀ տեղափոխվելու և մի շարք այլ հանգամանքներ:

Անդրադառնալով Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի արած այն արտահայտությանը, որ դատախազ Պետրոս Պետրոսյանը պարտավոր էր վարչապետի կոչով դատարանների մուտքերն արգելափակելու գործողությունների վերաբերյալ քրեական գործ հարուցել՝ Սեդա Սաֆարյանն ասաց, որ այն ինչ ժողովուրդն արել է դատարանների հետ կապված, ավելի լավ է, քան «չերյոմուխա» կրակելը:

Նախորդ դատական նիստին Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանն անդրադարձել էր այն հանգամանքին, որ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Միքայել Հարությունյանը չի հարցաքննվել:

«Գուցե դատախազությունը չի կարողացել ապահովել Միքայել Հարությունյանի հարցաքննությունը, դրանում ինչո՞ւ է պաշտպանական կողմը տեսնում դատախազ Պետրոսյանի թերացումը»,- ասաց Սեդա Սաֆարյանը:

Անդրադառնալով պաշտպանների այն դիտարկմանը, որ 2008-ի մարտի իրադարձությունների ժամանակ ցույցերը խաղաղ բնույթ չեն կրել, տուժող կողմի փաստաբան Արա Ղարագյոզյանը հիշեցրեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի գործով արձանագրել է խաղաղ հավաքների իրավունքի խախտում:

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց մյուս դատախազ Պետրոս Պետրոսյանին ներկայացված բացարկի միջնորդության դեմ:

Բաղդասարյանը նշեց, որ պաշտպանական թիմի ներկայացրած փաստարկները բացարկի ինստիտուտի հետ ոչ մի կապ չունեն։

«Բացարկի շրջանակներում թվարկվեցին քննիչի կողմից կատարված գործողություններ, պաշտպանության կողմի կարծիքով՝ կատարման ենթակա, բայց չկատարված գործողություններ, իրենց ներկայացրած միջնորդությունները դրանց վերաբերյալ, դրանց կապակցությամբ քննիչի կայացրած որոշումները, դրանց դեմ ներկայացված բողոքները, Պետրոս Պետրոսյանի կայացրած որոշումները և արդյունքում հանգեցին, որ քանի որ դրանց արդյունքներն իրենց չեն բավարարել, դրա համար Պետորսյանն անկողմնակալ չէ, շահագրգիռ է սույն քրեական գործով»,- ասաց Բաղդասարյանը:

Դատախազը, հղում կատարելով Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշմանը, նշեց, որ սեփական դատավարական դիրքորոշումը մյուսի կողմից չկիսելն ինքնին չի կարող բավարար պատճառ դառնալ մյուս կողմին վարույթից հեռացնելու համար:

Բաղդասարանի խոսքով՝ եթե դատախազ Պետրոսյանը հակառակ դիրքորոշում չունենար, ապա դատավարության մասնակիցները դատարանում չէին լինի և չէին ակնկալի արդարադատություն դատարանի կողմից։

Պաշտպանական կողմն այնպիսի դատախազ է ուզում, որը իրենց բոլոր միջնորդություններին կհամաձայնի: Սա է Գևորգ Բաղդասարյանի եզրահանգումը:

Իր բացարկի միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաև դատախազ Պետրոս Պետրոսյանը: Վերջինս, անդրադառնալով Միքայել Հարությունյանին չհարցաքննելու վերաբերյալ պաշտպանների բարձրացրած փաստարկին, հիշեցրեց, որ Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ՝ միաժամանակ առաջարկելով նրա տեղն իմանալու դեպքում հայտնել:

Անդրադառնալով պաշտպանական կողմի այն փաստարկին, թե քրեական գործի որոշ նյութեր թաքցվել են, Պետրոսյանը հարց բարձրացրեց, թե եթե դրանք թաքցվել են, ինչպե՞ս են պաշտպաններն իմացել այս նյութերի մասին:

Պետրոսյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշեց մերժել Քոչարյանի և մյուսների գործով դատախազ Պետրոս Պետրոսյանին ներկայացված բացարկի միջնորդությունը: Այսպիսով, Պետրոսյանը կշարունակի պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի մեղադրանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter