HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ամոթ, անպատվություն, խայտառակություն...

Նոյեմբերի 18-ն այսուհետ հիշվելու է որպես հայկական ֆուտբոլի սեւ օր, քանզի երեկ մեր ազգային ընտրանին իտալացիներից կրեց իր պատմության ամենախոշոր եւ ամենախայտառակ հաշվով պարտությունը՝ 1-9: Մինչ այս ընկերական խաղերում հեռավոր 1997-ին երկու անգամ նույն 0-7 հաշվով պարտվել էինք Չիլիին ու Վրաստանին, իսկ պաշտոնական խաղերում ամենախոշոր հաշվով Երեւանում զիջել էինք Ռումինիային (0-5, 2016 թ.) եւ Լեհաստանին (1-6, 2017 թ.):

Իտալացիներից կրած ջախջախիչ պարտությունն իրականում խորքային արմատներ ունի: Եվ դրանք մի քանիսն են:

Գյուլբուդաղյանցի հրաժարականը ճիշտ ժամանակին չէր

Հետ գնալով հավաքականի նախորդ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականին՝ պիտի շեշտենք, որ այն ճիշտ ժամանակին չէր: Ֆուտբոլից քիչ թե շատ հասկացողները լավ գիտեին, որ ոչ մի մարզիչ, այդ թվում՝ Գյուլբուդաղյանցը, հրաշագործ չէ, որ կախարդական փայտիկի մեկ հարվածով հավաքականին դուրս բերի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Այնպես որ Գյուլբուդաղյանցի հրաժարականն այն հիմքով, թե չի կարողացել ընտրանուն հասցնել իր նպատակին, որքան էլ պատվախնդիր հայտարարություն էր, մարզական տեսանկյունից ժամանակից շուտ էր: Ի՞նչ կարիք կար թիմի հանդեպ պատասխանատվության բեռը թողնել նոր մարզչի ուսերին, երբ ընտրական փուլի ավարտին մնացել էր ընդամենը երկու խաղ: Անկախ հնչող քննադատություններից՝ պետք էր գործը ավարտին հասցնել, նոր հեռանալ:

Ով՝ ով, բայց Գյուլբուդաղյանցը լավ գիտի, թե ինչ է նշանակում հավաքականը ծանր վիճակում ընդունելը, քանզի հենց ինքը 2018-ին թիմի ղեկը ստանձնել էր այն բանից հետո, երբ իր նախորդը՝ Վարդան Մինասյանը, Ազգերի լիգայում 2 հանդիպում (1-ական հաղթական եւ պարտություն) անցկացնելուց հետո անակնկալ հեռացավ քավորի՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետեւից, իսկ ֆեդերացիայի նոր ղեկավարությունը ստիպված եղավ շուտափույթ նոր մարզիչ գտնել ու կանգ առավ Գյուլբուդաղյանցի թեկնածության վրա: Պատմությունը կրկնվեց այս անգամ, ու նոր մարզչի նշանակման շուրջ ՀՖՖ-ում բանը հասավ փոխադարձ «կրակոցների», որոնք ավելի շուտ ներքաղաքական գզվռտոց էին հիշեցնում: Այն, որ ֆեդերացիայի ղեկավար մարմիններում լուռ լարվածություն կա միմյանց հետ հարաբերություններում, գաղտնիք չէ, բայց հարցն այն է, որ դա բացասական մթնոլորտ է ստեղծում նաեւ ազգային թիմի շուրջ:

Խաշմանյանը փորձարկումներ է անում ռիսկային խաղերում

Աբրահամ Խաշմանյանը իտալացիների հետ խաղից առաջ նշեց, որ ինչպես հույների դեմ, այս անգամ էլ հանդես են գալու 5 պաշտպանով: Հավելեց, որ տարիներ շարունակ ընտրանին խաղացել է 4 պաշտպանով, սակայն թիմը պետք է ունենա նաեւ խաղային երկրորդ սխեմա, ինչը հնարավորություն կտա ավելի ճկուն լինել: Միաժամանակ Խաշմանյանը նշեց, որ հավաքականն, այդուհանդերձ, փորձադաշտ չէ: Բայց նա իր տակտիկական փորձարկումները կիրառեց մերոնց կարգով գերազանցող հույների ու իտալացիների դեմ, ընդ որում՝ այնպիսի խաղերում, երբ թիմը հանդես էր գալիս ոչ օպտիմալ կազմով: Այդպիսի փորձարկումներից, որոնք բառացիորեն տապալվեցին, էլ ի՞նչ հետեւություններ պիտի անի մարզչական շտաբը: Մեր համոզմամբ, ու ինչպես ցույց տվեցին նաեւ հանդիպումները, սրանք այն խաղերը չէին, որոնց ժամանակ պետք էր փորձարկումների դիմել: Այո, մարզական առումով ոչինչ չորոշող խաղեր էին, բայց ելնելով կազմից ու ֆուտբոլիստների պատրաստականությունից (առաջին հերթին ֆիզիկական եւ հոգեբանական), չէր կարելի նման ռիսկի դիմել: Դրա համար էլ շատ թանկ վճարեցինք:

5 պաշտպանով (Համբարձումյան, Հարոյան, Չալըշըր, Իշխանյան, Հովհաննիսյան) խաղալու հետեւանք կարելի է համարել այն, որ մի գծի վրա դասավորված պաշտպաններն անընդհատ սխալվում էին արհեստական խաղից դուրս վիճակ ստեղծելիս՝ մեկը կամ երկուսը կես քայլ հետ էին մնում, իսկ ճարպիկ իտալացիներն արագության շնորհիվ անմիջապես պոկվում էին առաջ ու մեն-մենակ դուրս գալիս դարպասապահի դեմ: Մասնավորապես, այդպես ծնվեց առաջին գոլը, երբ Համբարձումյանն ու Չալըշըրը փակել էին խաղից դուրս վիճակը, որում կարող էր հայտնվել վայրկյաններ անց գոլի հեղինակ դարձած Իմոբիլեն: Այսինքն՝ 5 պաշտպանների փոխգործակցությունը շատ վատ մակադրակի էր: Պաշտպանական գիծը նաեւ անընդհատ ճեղքեր էր տալիս: Երկրորդ գոլի դրվագում դաշտի կենտրոնից մեծ արագությամբ առաջ նետված Ձանիոլոյի հետեւից Հովհաննիսյանը չհասավ, որովհետեւ ուշ արձագանքեց, փոխօգնության հասնող էլ չեղավ, իտալացին կրկին մեն-մենակ հայտնվեց դարպասապահի առաջ ու կրկնապատկեց հաշիվը: Առաջին կեսում Բարելան ու Իմոբիլեն եւս երկու գոլ խփեցին՝ նորից միայնակ դուրս գալով Հայրապետյանի առաջ: Կարելի է ասել, որ առաջին կեսի գոլերը նմանակներ էին, որոնք ծնվեցին մեր պաշտպանների կոպտագույն սխալներից:   

Երկրորդ կեսում էլ պաշտպանության մղձավանջը շարունակվեց: Թվում էր, թե 3 կենտրոնական պաշտպանները լավագույնս պիտի հագեցնեն իրենց գոտին, բայց Ձանիոլոյի երկրորդ գոլը հենց նրանց օղակից էր, Օրսոլինիի եւ Կիեզայի՝ առանց որեւէ խոչընդոտի գլխով խփած գոլերը եւս կենտրոնական պաշտպանների անճարության հետեւանք էին:

Այդուհանդերձ, ամբողջ մեղքը պաշտպանների վրա բարդել չի կարելի, քանի որ ընդհանուր թիմային պաշտպանությունն էր ցածր որակի: Ինչպես հույների հետ հանդիպմանը, այս անգամ էլ պաշտպաններին միացել էին 2 հենակետայինները (Գրիգորյան, Եդիգարյան), բայց իտալացիներն առանց բարդության հենց կենտրոնից էին կտրում-անցնում այդ երկշերտ պատնեշը: Այստեղ արժե նշել Խաշմանյանի 5-2-2-1 դասավորության եւս մի խոցելի կետ: Քանի որ շեշտը դրված պաշտպանության վրա, հենակետային կիսապաշտպանների առջեւ խաղարկողի գոտին բաց էր, այսինքն՝ կենտրոնով գրոհելիս իտալացիներն առանձնապես պրեսինգի չէին հանդիպում եւ ոչ միայն իրենց որակի, այլեւ մեր դասավորության շնորհիվ ստանում էին առավելություն, արագ փոխանցումներով խաղարկում էին գնդակը, ապա կտրող փոխանցում կատարում մեր պաշտպանների թիկունք, որտեղ առաջինը հասնում էր իրենց խաղընկերը: Մեր խաղարկողի կամ ենթահարձակվողի գոտու բաց լինելը բերում էր նաեւ նրան, որ հակագրոհի դիմելիս գնդակն այդ հատվածում պահել, խաղարկել չէր ստացվում, ինչը հնարավորություն կտար գցել իտալացիների բարձր տեմպը: Փոխարենը մերոնք ձգտում էին հեռահար փոխանցումներով գրոհի նետել Կարապետյանին կամ եզրերով գրոհներ ձեռնարկել՝ Բարսեղյանի, Բաբայանի ու Հովհաննիսյանի միջոցով: Այդ փորձերը դատապարտված էին, քանի որ արագության եւ փոխօգնության շնորհիվ մրցակցի ֆուտբոլիստները կարողանում էին խլել գնդակը հայերից:  

Իտալացիների թե՛ խաղում, թե՛ գոլերում կարելի է երկու կարեւոր գործոն առանձնացնել՝ արագությունը եւ տեխնիկան: Դրանցով նրանք մի քանի գլուխ գերազանցեցին մեր պաշտպանական գծի խաղացողներին՝ հենակետայիններից մինչեւ դարպասապահ: Կարծես մարզում անցկացնելով՝ մրցակիցը տարբեր ճաշակի գոլեր խփեց՝ գլխով (Իմոբիլե, Օրսոլինի, Կիեզա), դարպասապահի ոտքերի տակից ու նրա կողքով (Ձանիոլո, Բարելա), նրան շրջանցելով (Իմոբիլե), 11-մետրանոցից (Ժորժինյո), տուգանային հրապարակի մատույցներից (Ձանիոլո), տուգանայինի ներսից (Ռոմանյոլի):

Կասկած չկա, որ տանտերերը կարող էին ավելին խփել, քանզի առաջին երկու գոլից հետո մեր թիմն արդեն փաստացի դատապարտված էր, իսկ մինչեւ ընդմիջում երրորդ ու չորրորդ գոլերը վերջնականապես կոտրեցին Խաշմանյանի թիմի ողնաշարը:

Արամ Հայրապետյանը հավաքականում անելիք չունի

Թիմային պաշտպանության մասին խոսելիս անհնար է չանդրադառնալ Հայաստանի հավաքականի ամենաթույլ օղակին՝ դարպասապահին: Արամ Հայրապետյանը վաղուց է ապացուցել, որ ազգային թիմում տեղ չունենալու թեկնածուների թվում առաջինն է: Իր հասուն տարիքում այս ֆուտբոլիստը չունի այն կարեւոր որակը, որ պետք է ունենա դարպասապահը՝ վստահություն սեփական գործողություններում, փոխարենն ամեն խաղում մի լավ նյարդայնացնում է ոչ միայն երկրպագուներին, այլեւ փշերի վրա պահում խաղընկերներին:

Իտալացիներից բաց թողած 9 գոլերից առնվազն 4-5-ում նա մեղքի իր մեծ բաժինն ունի: Երբ 8-րդ րոպեին Կիեզան փոխանցեց գնդակը տուգանային հրապարակ, ու Իմոբիլեն առաջ նետվեց, Հայրապետյանը պարտավոր էր հաշվարկել գնդակին ընդառաջ դուրս գալու պահը: Փոխանցման ժամանակ նա վախեցավ առաջ գալ ու ցատկով գոնե հետ մղել գնդակը (օդից եկող գնդակներ բռնելը այս խաղացողի համար շքեղություն է): Դրա փոխարեն, երբ գնդակն արդեն հասնում էր Իմոբիլեին, ով գտնվում էր սուր անկյան տակ ու գլխով դժվար թե այդքան վտանգավոր հարվածեր, Հայրապետյանն անտեղի առաջացավ դարպասային գծից ու միայն իրեն հատուկ անկանոն շարժումներով փորձեց խանգարել իտալացուն՝ առանց նայելու, թե որտեղ է գնդակը: Նույնը՝ 9-րդ րոպեին երկրորդ գոլի դրվագում, երբ գնդակն անկյունագծով էր ընթանում, իսկ դրա հետեւից վազող Ձանիոլոն գտնվում էր անկյան տակ, Հայրապետյանը գլխապատառ առաջ նետվեց, այնինչ կարող էր սպասել, որ Ձանիոլոյին հետապնդող Հովհաննիսյանը խոչընդոտի իտալացուն, ինքն էլ հնարավորինս փակի հարվածի անկյունը: 72-րդ րոպեին Ռոմանյոլիի գոլը լրիվ Հայրապետյանի խղճին է. փոխանակ որսար իր վրա եկող գնդակը, այնպես հետ մղեց հենց իր դիմաց, կարծես գնդակն այրում էր ձեռքերը, Համբարձումյանը փորձեց հեռացնել, բայց Ռոմանյոլին ոտքը դեմ տվեց, ու գնդակն անդրադարձավ ցանցի մեջ: 78-րդ եւ 81-րդ րոպեներին, երբ պաշտպանների թողտվությամբ Օրսոլինին ու Կիեզան գլխով եզրափակեցին օդային փոխանցումները, Հայրապետյանը խաղընկերների պես դիտորդի դերում էր, չնայած համապատասխան որակներ ունենալու դեպքում կարող էր ու պարտավոր էր օդում որսալ կամ հետ մղել գնդակները, մինչեւ դրանք կհասնեին մրցակցին:

Արամ Հայրապետյանը միակ չէ, ում դիմաց պետք է փակել հավաքականի դռները, այդպիսի ֆուտբոլիստներ էլի կան, ովքեր տակավին վերջերս համարվում էին, այսպես ասած, խոստումնալից երիտասարդներ: Վերջիններս ազգային թիմում խաղալու հնարավորություն են ստանում ժամանակ առ ժամանակ, բայց ոչ մի բանով աչքի չեն ընկնում (խոսքը միայն վերջին խաղերի մասին չէ): Հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը սերնդափոխության մասին ժամանակին ասել էր, թե հավաքականում պետք է խաղան նրանք, ովքեր մյուսներից լավ մարզավիճակում են՝ անկախ տարիքից: Այս մտքի հետ դժվար է չհամաձայնել: Օրինակ՝ հավաքականից մի որոշ ժամանակ դուրս մնացած Սարկիսովն ավելի որակյալ ու արժանի խաղացող է, քան նրանից երիտասարդ շատերը: Նույնը՝ դարպասապահ Կասպարովը, որին արժանի փոխարինող այդպես էլ չգտնվեց:

Գովելի է, որ Խաշմանյանն, ի վերջո, հավաքական է վերադարձրել Կասպարովին՝ անկախ նրանից, որ Գեւորգը 39 տարեկան է: Բայց տակտիկական սխեմայի փորձարկումներ անելուց առաջ լավ կլիներ, որ մարզիչը դարպասը հենց նրան վստահեր: Շատ մեծ հավականությամբ իտալացիների ճնշմանն էլի չէինք դիմանա ու կպարտվեինք, բայց ոչ նման քանակի ու ամոթալի գոլեր ընդունելով: Հասել ենք գաճաճ Սան Մարինոյի մակարդակին, որը ռուսներին ու բելգիացիներին պարտվել է 0-9 հաշվով: Ոչ մի այլ թիմ «Եվրո-2020»-ի ընտրական փուլում 9 գոլ բաց չի թողել:

Առանց համակարգային փոփոխությունների՝ առաջ չենք գնա

Մի առիթով գրել էինք, որ ազգային հավաքականը ֆուտբոլային համակարգ-այսբերգի գագաթն է, որի արմատը՝ որակյալ կադրեր (ոչ միայն ֆուտբոլիստներ, այլեւ մարզիչներ) տալուն կոչված ֆուտբոլային ենթակառուցվածքները, մանկապատանեկան ֆուտբոլը, տարբեր տարիքային խմբերի ներքին մրցաշարերն ու առաջնությունները, հանրության լայն շրջանակներին չեն հետաքրքրում, բայց առանց առողջ ու նորմալ զարգացող հիմքի չենք ունենալու նաեւ արժանի խաղ ցույց տվող հավաքական:  

Իտալիա-Հայաստան հանդիպումից հետո Աբրահամ Խաշմանյանն ասել է, որ եթե ղեկավարությունը որոշի, որ ինքն է մեղավոր, ապա պատրաստ է հեռանալ, այլապես պետք է փոխի ամեն ինչ: Ըստ մարզչի՝ նույնիսկ մտածելակերպը չի համապատասխանում հավաքականին:

Մեր համոզմամբ՝ արմատական փոփոխությունները պետք է լինեն համակարգային, այս մասին վաղուց է խոսվում, սակայն սայլը տեղից չի շարժվում, շարունակում ենք ուրախանալ ազգային թիմի հատուկենտ լավ ելույթներով: Բայց, անկեղծ ասած, հիմա էլ, նայելով պատանեկան ու երիտասարդական հավաքականների որակին եւ ցույց տված տխուր արդյունքներին, դժվար է հավատալ, որ եկող սերունդը կարող է դրական լիցք հաղորդել ազգային ընտրանուն: Մեծ փոփոխությունները մեծ ժամանակ են պահանջում, բայց ամբողջ հարցն ինչ-որ պահի այդ գործընթացն սկսելն  ու գրագետ ձեւով շարունակելն է, իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ կոնկրետ ռազմավարություն (կարճաժամկետ եւ երկարաժամկետ), կոնկրետ տեսլական՝ ի՞նչ ուղղով է գնում մեր ֆուտբոլը, ի՞նչի ենք ուզում հասնել ապագայում, ի՞նչ քայլեր է պետք անել՝ ռազմավարությունն իրականացնելու համար, ե՞րբ եւ ինչպիսի՞ արդյունքներ ենք ունենալու... Առանց պլանավորման, հստակ քայլերի, ջանքերի ու միջոցների 2050 թվականին էլ Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում խաղալու փոխարեն կդոփենք նույն տեղում:

Հ.Գ. «Եվրո-2020»-ի ընտրական 10-րդ խմբում երեկ Հունաստանը սեփական դաշտում 2-1 հաղթեց Ֆինլանդիային, իսկ Լիխտենշտայնը տանը 0-3 պարտվեց Բոսնիա եւ Հերցեգովինային:         

Լուսանկարները՝ ՀՖՖ-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter