HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վարդան Մինասյանը հեռացավ «հետնամուտքով»՝ առանց ասելիքի

Երեկ, երբ շատերը տարված էին տոնով ու նշում էին ՀՀ անկախության 27-ամյակը, երեկոյան ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը հայտնեց, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել հեռացող նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Մինասյանը հրաժարվել է նաեւ ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնից: Դիմումն ընդունվել է:

Քանի որ հրաժարականը ներկայացվել է (կամ այդ մասին հայտնի է դարձել) ամենավերջին պահին, երկու տարբերակ կարող էր լինել. կա՛մ արդեն այսօր ընտրված ՀՖՖ նոր ղեկավարության կողմից Մինասյանին նման պահանջ է ներկայացվել նախապես, կա՛մ հենց ինքն է իր որոշմամբ (չի բացառվում նաեւ ինչ-որ մեկի հորդորով) հրաժարական տվել: Այսօր արդեն ՀՖՖ նոր նախագահ Արթուր Վանեցյանը հայտնեց, որ Մինասյանի հեռանալն իր համար անսպասելի էր, այդուհանդերձ, ըստ Վանեցյանի, ֆեդերացիան առաջիկա 2-3 օրում կհայտնի նոր գլխավոր մարզչի թեկնածուի անունը: ՀՖՖ ղեկավարի տեղեկացմամբ՝ տարբերակներ կան թե՛ Հայաստանից, թե՛ արտասահմանից, ընդ որում՝ նոր ղեկավարությունը սկսել է հավաքականի մարզիչ փնտրել արդեն երեկ երեկոյան՝ միանգամից այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Մինասյանի հեռանալու մասին:

Եթե հավատանք Վանեցյանին, ապա ստացվում է մի բան. ազգային ընտրանու այլեւս նախկին գլխավոր մարզիչը թիկունքից հարված է հասցրել հավաքականին: Այո, սա թիկունքից հարված է, քանզի վաղուց էր հայտնի, որ Մինասյանի քավորը՝ Ռուբեն Հայրապետյանը, սեպտեմբերի 22-ից այլեւս կառույցում չի լինելու: Ուրեմն ինչու՞ է Մինասյանը սպասել մինչեւ վերջին պահը՝ դրանով իսկ փաստի առաջ կանգնեցնելով Վանեցյանին եւ նրա թիմին (հավաքականը հոկտեմբերի 13-ին ու 16-ին կարեւոր պաշտոնական հանդիպումներ ունի Ազգերի լիգայի խաղարկությունում): Կարծես թե դավադրության հոտ է գալիս, ընդ որում՝ մի փոքր դժվար է հավատալ, որ հենց Մինասյանն է որոշել այդ քայլն անել ամենավերջին պահին: Թվում է, թե նրան ինչ-որ մեկը «խորհուրդ» է տվել հենց այդպես վարվել: Բայց քանի որ հրաժարական տվողը ինքն է, ուրեմն պատասխանատվության բեռը հենց նրա վրա է ընկնում:

Դժվար է այս քայլն այլ կերպ անվանել, քան դեմարշ ՀՖՖ նոր թիմին ու համերաշխության ժեստ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա կողմնակիցներին: Եվ ահա թե ինչու: Հրաժարական տալիս Վարդան Մինասյանը որեւէ կերպ չի պատճառաբանել իր դիմումը, իսկ ամեն ինչ պատճառ է ունենում՝ անկախ նրանից, թե որքան է այն տրամաբանական:

Եթե պատճառը հավաքականի ելույթներն են, կարելի էր հենց այդպես էլ ասել: Այո, Ազգերի լիգայի խաղարկությունում հավաքականի 0-2 հաշվով պարտությունը մակեդոնացիներից մեծ հարցականի տակ է դնում մեր ընտրանու՝ «Եվրո-2020»-ի ուղեգիր նվաճելու թերեւս լավագույն հնարավորության իրագործումը, բայց թիմն այդ պարտությունը կրել է 2 շաբաթ առաջ, եւ այդ ընթացքում կարելի էր շատ ավելի շուտ կողմնորոշվել սեփական ապագայի հարցում: Այդ հանդիպման վերաբերյալ նշել ենք, որ տարօրինակ էր խաղի ընթացքում Վարդան Մինասյանի հանգստությունը, էլ չենք խոսում նրա օգնականներից Արթուր Մկրտչյանի ժպիտի մասին, երբ թիմը խայտառակ խաղով պարտվում էր 0-2 հաշվով: Երբ 2016-ի աշնանը մեր հավաքականը խոշոր հաշիվներով անփառունակ պարտություններ էր կրում, ռումինների հետ երեւանյան 0-5-ից հետո գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը լրագրողներին ասաց. «Եթե ֆեդերացիան պահանջի, ես անհապաղ հրաժարական կտամ, սակայն այնքան տղամարդկություն ունեմ, որ պետք է մնամ թիմում եւ այս վիճակից թիմին հանեմ»: Մինասյանից ոչ միայն հրաժարական չեն պահանջել, այլեւ դեռ չի կարելի խաչ քաշել Ազգերի լիգայի խմբայից փուլից մեր թիմի դուրս գալու հնարավորությունների վրա: Անկախ ամեն ինչից՝ Սուքիասյանի վերոնշյալ հայտարարությունն անկեղծ էր, քանզի հենց իր օրոք էր թիմը հայտնվել ծանր կացության մեջ, այլ կերպ ասած՝ նա իրեն պատասխանատու էր զգում դրա համար:

Իսկ ի՞նչ արեց Վարդան Մինասյանը. այս տարվա ապրիլին գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո նրա թիմը երկու դժգույն ոչ-ոքի խաղաց Մալթայի ու Մոլդովայի հետ, ապա դժվարությամբ հաղթեց գաճաճ Լիխտենշտայնին ու անատամ խաղով պարտվեց ՆՀՀ Մակեդոնիային, եւ ահա այսքանից հետո նա հեռացավ «հետնամուտքից»՝ ընդամենը ասելով. «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ նախագահին եւ ՀՖՖ գործկոմին վստահության համար: Շնորհակալ եմ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին համատեղ աշխատանքի համար: Ցանկանում եմ նորանոր հաջողություններ Հայաստանի ազգային հավաքականին»:

Ուշադրություն դարձրեք՝ Մինասյանը շնորհակալ է իր քավորին, նրա թիմին եւ ընտրանու ֆուտբոլիստներին: Նման մտածելակերպ ունեցող անձանց ընդամենը կարելի է հիշեցնել, որ ֆեդերացիան ու առավել եւս հավաքականը ինչ-որ մեկի «դյուքանը» չեն, գլխավոր մարզիչն էլ «դյուքանի» գործավարը չէ: Ազգային հավաքականը առաջին հերթին պատկանել ու պատկանում է ժողովրդին՝ երկրպագուներին, որոնց, փաստորեն, որեւէ ասելիք Վարդան Մինասյանը չուներ: Այնինչ նա պարտավոր էր գոնե մի երկու խոսք ասել ֆուտբոլասերներին՝ շնորհակալություն հայտներ կամ ներողամտություն հայցեր ինչ-ինչ անհաջող ելույթների համար: Սա հավաքականի համար ցավող, նրա հաջողություններով ուրախացող, պարտություններով տխրող մարդկանց հանդեպ տարրական հարգանքի հարց է: Բայց ոչ մի խոսք, ոչ մի հրաժեշտ, ոչ մի բացատրություն, այլ կարճ ու կոնկրետ՝ հեռանում եմ: Ճակատագրի հեգնանք է գուցե, բայց հավաքականի ֆուտբոլիստների ընտրություն կատարելիս Մինասյանը սովորություն ուներ խոսել նրանց հայրենասեր լինելուց:

Նախ՝ շատ լավ է, որ Արթուր Վանեցյանը խնամի-ծանոթ-բարեկամ-քավոր-սանիկ թելերով կապված չէ (գոնե առայժմ, որքան մեզ է հայտնի) ֆուտբոլային գործիչների հետ, երկրորդ՝ լավ կլիներ, որ նոր գլխավոր մարզիչ ընտրելիս ֆեդերացիան շեշտը դներ ոչ միայն պրոֆեսիոնալիզմի, նախկինում գրանցած արդյունքների, այլեւ մարդկային կարեւոր որակների վրա, ինչպիսին է պատասխանատու եւ էթիկապես հարգալից լինելը ոչ միայն իր վերադաս-գործատուի, այլեւ առաջին հերթին թիմի ու երկրպագուների հանդեպ:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter