HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է կրկնակի չզննել դատապարտյալների հանձնուքները

Արդարադատության նախարարությունը նախատեսում է կրկնակի չզննել կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար նախատեսված հանձնուքները, ծանրոցները և անձնական իրերը սարքի միջոցով ստուգելուց հետո։ Այսինքն՝ այդ հանձնուքներում արգելված իրերի առկայության մասին հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում քրեակատարողական ծառայողները դրանք կրկնակի չեն ստուգի։ Նման նախագիծ է Արդարադատության նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախարարությունը ընդգծել է, որ հանձնունքերը կրկնակի չզննելու արդյունքում քրեակատարողական հիմնարկներում կբացառվեն արհեստական հերթեր առաջանալու ռիսկերը, իսկ քրեակատարողական ծառայողները կազատվեն ձևական բնույթի գործողություններ կատարելու ավելորդ ծանրաբեռնվածությունից:

Արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ բոլոր քրեակատարողական հիմնարկները համալրված են հանձնուքները, ծանրոցները և անձնական իրերը զննելու սարքերով։ Այնինչ դրանց միջոցով ստուգելուց հետո քրեակատարողական ծառայողները կրկնակի զննում, կտրատում, առանձին տարաների մեջ են տեղափոխում այդ իրերը, թեև զննող սարքը ցուցադրում է ստուգվող իրերի և առարկաների բաղադրությունը:

«Տեխնիկական սարքով զննելուց հետո, առանց հիմնավոր կասկածի առկայության, կրկին զննելը (ձևական պահանջը պահպանելը) կարող է առաջացնել քաղաքացիների արհեստական կուտակումներ և պատճառ դառնալ վերջիններիս արդարացի դժգոհության։ Ավելին, ձևական պահանջի պահպանումը համապատասխան քրեակատարողական ծառայողների համար կառաջացնի աշխատանքային ավելորդ ծանրաբեռնվածություն»,- նախագծում նշել է նախարարությունը։

Նշենք, որ Կառավարության 2006 թվականի որոշմամբ՝ հանձնուք հանդիսացող հացաբուլկեղենը, ձուկը, պանիրը, երշիկեղենը և մսեղենը կտրատվում է, պահածոները բացվում և տեղափոխվում են մեկ այլ տարայի մեջ, ծխախոտների տուփերը բացվում և ստուգվում են, կոնֆետներն ընդունվում են առանց փաթեթավորման, անհրաժեշտության դեպքում բաժանվում են կտորների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter