HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանում ցուցմունք տվեցին Նորատուսցի Արայի «ամենօրյա ընկեր» ներկայացած Ջիլը, «Չեչեն Արմենը» ու ևս մեկ վկա

Նորատուսցի Արա անունով հայտնի Արա Բանդուրյանի գործով այսօր դատարանում ցուցմունք տվեցին նրա ընկերներն, ովքեր 2018 թվականի հոկտեմբերի 13-ին նրա հետ եղել են «Հուկաման» ակումբում: Բանդուրյանն, ըստ մեղադրանքի,  այս  ակումբում գտնվող անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով քննությամբ չպարզված անձից ապօրինի ձեռք բերած և կրած 9մմ տրամաչափի հրազեն հանդիսացող ատրճանակով կատարել է խուլիգանություն՝ մասնավորապես՝ 6 կրակոց է արձակել ակումբի պատի ուղղությամբ` այնտեղ գտնվող անձանց շրջանում անհանգստության մթնոլորտ ստեղծելով, առարկաներ է նետել պարահրապարակ:

Ակումբում գտնվող վկան ականատես չի եղել Արա Բանդուրյանի կողմից  կրակոց արձակելու դեպքի

Դատարանում ցուցմունք տված վկա Դավիթ Զաքարյանն, ում մականունը «Ջիլ» է, ներկայացավ որպես Արա Բանդուրյանի «ամենօրյա ընկեր»: Վերջինս հայտնեց, որ 2018 թվականի հոկտեմբերի 13-ին ինքը, Արա Բանդուրյանն ու ևս երեք անձ գնացել են Դավիթաշենում գտնվող «Պալկովնիկի օբյեկտ» անունով հայտնի ռեստորան, հաց կերել, նաև ոգելից խմիչք օգտագործել: Արա Բանդուրյանն այդ օրը նեղված է եղել եղբոր՝ Ալիկ Բանդուրյանի հետ կապված քրեական գործի պատճառով, և նրա տրամադրությունը փոխելու համար որոշել են գնալ ակումբ՝ զվարճանալու և ցրվելու:

Գնացել են Հյուսիսային պողոտայում գործող «Հուկաման» ակումբ, որտեղ նստելու տեղ չի եղել, ու դուրս են եկել, գնացել Ջրվեժում գտնվող մեկ այլ ժամանացի վայր, որտեղ նույնպես տեղ չի եղել, ապա վկա Զաքարյանի առաջարկով վերադարձել են «Հուկաման»:

Այստեղ կրկին ազատ սեղան չի եղել, բայց նստած են եղել ծանոթ տղաներ, իրենց հետ են նստել: Ակումբում, ըստ վկա Դավիթ Զաքարյանի, իրենք մնացել են մոտ մեկ ժամ, այդ ընթացքում որևէ միջադեպ, վիճաբանություն չի եղել, ինքը կրակոցի ձայն չի լսել:

«Եթե տենց բան լիներ, խառնաշփոթ կստեղծվեր»,- ասաց Դավիթ Զաքարյանը: Դատավորի հարցին` որևէ մեկը սեղանից մոխրաման չի՞ վերցրել, գցել, վկան պատմեց, որ իրենց ընկերներից Անուշավանը պարելիս է եղել, երբ Արա Բանդուրյանը նրան մի քանի անգամ կանչել է, Անուշավանը չի լսել, քանի որ երաժշտությունը շատ բարձր է եղել: Դրանից հետո, ըստ վկա Զաքարյանի, Արա Բանդուրյանը ձեռքի շարժում է արել, և սեղանին դրված մոխրամանը կամ գուցե անձեռոցիկի տուփը, հստակ չհիշեց, ընկել է Անուշավանի ուղղությամբ: Հետո Դավիթ  Զաքարյանն Անուշավանին ասել է, որ Արան իրեն է կանչում:

Գործով դատախազը նշեց, որ նախաքննական ցուցմունքում Դավիթ Զաքարյանը հայտնել է, որ սեղանին դրված անձեռոցիկի տուփն ու մոխրամանը ոչ թե Բանդուրյանի ձեռքի շարժումի հետևանքով են ընկել, այլ վերջինս դրանք նետել է Անուշավանի ուղղությամբ: Մեղադրողը միջնորդեց  հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը:

Ամբաստանյալի պաշտպան Կարեն Բատիկյանը կարծիք հայտնեց, որ թեև ինքը էական հակասություն չի տեսնում վկայի դատաքննական և նախաքննական ցուցմունքների միջև` դեմ չէ նախաքննական ցուցմունքների հրապարակմանը:

«Մեղադրողը վկայի ցուցմունքը փորձում է տանել այն դաշտ, որ իմ պաշտպանյալը դիտավորյալ գործողություններ է կատարել»,- ասաց Բատիկյանը՝ նշելով, որ քրեաիրավական գնահատականի առումով որևէ նշանակություն չունի` Բանդուրյանը ձեռքի շարժումի միջոցով է գցել անձեռոցիկը կամ մոխրամանը, թե՞ նետել է:

Ցուցմունքի հրապարակումից հետո Դավիթ Զաքարյանը չհերքեց դրանում առկա տեղեկությունները:

Զաքարյանը ի պատասխան քննիչի հարցի հայտնել է, որ ինքն ակումբում գտնվելու ընթացքում որևէ մեկի մոտ զենք չի տեսել: Ասել է նաև, որ մի պահ դուրս է եկել ակումբից ու գնացել իր վերարկուն մեքենայից վերցնելու, երբ վերադարձել է, տեսել է, որ մյուս տղաներն արդեն ոտքի են կանգնել, պատրաստվում են դուրս գալ, ու բոլորով դուրս են եկել, ինքը Բանդուրյանին մեքենայով տուն է տարել: Հարցին` Բանդուրյանը նրան մեքենայի մեջ որևէ բան չի՞ պատմել ակումբում տեղի ունեցած կրակոցների մասին, Դավիթ Զաքարյանը հայտնել է, որ Արա Բանդուրյանը մեքենայի մեջ քնել է, և ինքը միայն հաջորդ օրը համացանցում է տեսել, որ Արան կասկածվում է ակումբում կրակոցներ արձակելու մեջ ու զարմացել:

Դավիթ  Զաքարյանը նախաքննական ցուցմունք տալիս նույնպես խոսել է Ալիկ Բանդուրյանի գործի մասին, հայտնել, որ նրա համար պահանջել են  8 տարի ժամկետով ազատազրկում: Արա Բանդուրյանն, ըստ վկայի, ասել է, թե քիչ է մնում՝ գնա, եղբոր կողքը նստի, կարոտն առնի, քանի որ շատ են իրար հետ կապված, միշտ միասին են եղել:

Դավիթ Զաքարյանը հարցաքննության է ներկայացած եղել ձեռքը կապված վիճակում: Դատարանին պարզաբանեց, որ դա ակումբ գնալու հետ որևէ կապ չունի, ավելի շուտ աստիճաններից վայր է ընկել ձեռքը վիրահատված է եղել:

Վկան ասում է՝ բացի ուրախությունից և զվարճությունից ուրիշ ոչ մի բանի ականատես չի եղել

Դատարանում ցուցմունք տված մյուս վկան` Սարգիս Վարդանյանը, հայտնեց, որ Ռուսաստանում ակումբի տնօրեն է: Վերջինս հայտնեց, որ գիտի` ինչ գործի շրջանակներում է դատարանում, տեղյակ է, որ Արա Բանդուրյանը մեղադրվում է խուլիգանության մեջ, սակայն ինքը Բանդուրյանի հետ ակումբում է եղել և այնտեղ խուլիգանություն չի տեսել:

«Բացի ուրախությունից և զվարճությունից ուրիշ ոչ մի բանի ականատես չեմ եղել»,- ասաց Սարգիս Վարդանյանը: Վերջինս հիշեց, որ երբ գնացել են ակումբ, այնտեղ շատ մարդիկ են եղել, ինքն անգամ հարևան սեղանի ազատ աթոռներից մեկին է նստել, բայց Արա Բանդուրյանին շատ մոտ: Վարդանյանը նշեց, որ եթե Արա Բանդուրյանը կրակեր, ինքը կտեսներ, իսկ ինքն այդպիսի բան չի տեսել: Վարդանյանը չբացառեց, որ կարճ ժամանակով ակումբից բացակայած լինի օդափոխվելու համար:

«Չեչեն Արմեն» մականունով վկան կյանքում զենք տեսած չկա

«Չեչեն Արմեն» մականունով Արմեն Սադիխյանը ևս ներկայացավ որպես Արա Բանդուրյանի ընկեր: Ասաց, որ Բանդուրյանը տխուր է եղել եղբոր պատճառով:

«Ասում էր` հերիք չի, որ շառով դատում են, էդքան էլ սրոկ են տալիս,  տրամադրություն չկար վրեն»,- պատմեց Արմեն Սադիխյանը: Վկայի խոսքով՝ իրենք ակումբում զվարճացել են ու գնացել, և միայն համացանցից են իմացել, որ Արա Բանդուրյանը կասկածվում է խուլիգանություն կատարելու մեջ:

Վկան ևս հիշեց այն դրվագը, երբ Արա Բանդուրյանն Անուշավանին կանչել է, իսկ վերջինս, ըստ Արմեն Սանդիխյանի «անջատված պարում էր» ու չի լսել: Ըստ վկայի՝ դրանից հետո է Արա Բանդուրյանը անձեռոցիկի տուփ կամ ռետինե մոխրաման նետել Անուշավանի ուղղությամբ: Հարցին՝ ինչպե՞ս է վկան հասկացել, որ մոխրամանը ռետինե է, Սանդիխյանը պատասխանեց, թե նետելիս այն չի կոտրվել:

Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին՝ վկան ասաց, որ Արա Բանդուրյանն ակումբի մենեջերին ինչ-որ բան է տվել, ինքը դա նրա ձեռքից վերցրել ու տվել է մեկ այլ անձի՝ միաժամանակ պնդելով, որ ինքը որևէ մեկից ատրճանակ չի վերցրել ու փոխանցել մեկ այլ անձի: Սանդիխյանը նշեց, թե չգիտի՝ ինչ է փոխանցել:

«Ես էքսպերտ չեմ, որ իմանամ՝ զենք էր, թե՞ չէ: Կյանքում զենք տեսած չկամ»,- ասաց վկան:

«Որ տեսնեք չեք էլ ճանաչի՞»,- հարցրեց դատավոր Կարեն Ֆարխոյանը:

«Որ զաժիգալկա էլ տեսնեմ, կիմանամ, որ  զաժիգալկա է»,- ասաց Սանդիխյանը:

«Իսկ հնարավո՞ր է, որ զաժիգալկա տեսնեք, իմանաք, թե զենք է»,- շարունակեց դատավորն, ինչին ի պատասխան վկան ասաց, թե կտարբերի «զաժիգալկան» (կրակայրիչ) ու զենքը:

Դատարանում հրապարակվեցին նաև վկայի նախաքննական ցուցմունքները: Երբ դատարանը փորձում էր պարզել` ցուցմունքների էջերի տակ Սանդիխյանի ստորագրությունն է դրված, թե՞ ոչ, վերջինս պատասխանում էր`«պիտի որ իմը լինի»` չպնդելով, որ դրանցում իր ստորագրությունն է:

«Էքսպերտ չեք»,- կատակեց դատավոր Ֆարխոյանը:

Նախաքննական ցուցմունքում անդրադառնալով ինչ-որ առարկա վերցնել և փոխանցելու հանգամանքին՝ վկան ասել է, թե Արա Բանդուրյանի մոտից իրեն անծանոթ աղջիկն ինչ-որ բան է վերցրել, ինքը նրա ձեռքից դա վերցրել ու տեսել է, որ զենք է: Վկան բնութագրել է, որ այն եղել է ծանր ու մետաղական, ինքը, զենքը տեսնելով, անակնկալի է եկել և անկախ իրենից՝ զենքը տվել մի անծանոթ տղայի:

Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո Արմեն Սանդիխյանն ասաց, որ չի կարող ասել` իր փոխանցածը ատրճանակ է եղել, թե՞ ոչ:

«Ձեռքի մեջ շոշափելով՝ կարար լիներ ատրճանակ, նմանվեր ատրճանակի, բայց չեմ կարող ասել, որ ատրճանակ էր»,- ասաց Արմեն Սանդիխյանը: Վերջինս պնդեց, որ ակումբում միջադեպ չի եղել: Վկայի հարցաքննությունն ավարտվեց:

Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 16-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter