HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի աղբավայրը վտանգ է ներկայացնում ոչ միայն անասունների, այլև՝ գյուղատնտեսության համար

Արսեն Կիրակոսյանը մշակելու նպատակով հողատարածք է վարձակալել Արմավիրի մարզի Շահումյան գյուղի մերձակայքում, սակայն Էջմիածնի քաղաքային աղբավայրը գնալով ընդլայնում է իր տարածքը նաև այդ հողամասի հաշվին: Վարձակալած հողամասը գտնվում է աղբավայրի հարևանությամբ, և նույնիսկ թեթև քամու ժամանակ պոլիէթիլենային տոպրակները պարզապես ծածկում են հողը:

«Նախ, ամառվա ամիսներին գարշահոտությունից հողում աշխատել չի լինում: Մի կողմից էլ աղբանոցում ամեն օր բռնկվող հրդեհների ծխից պարզապես շնչահեղձ ենք լինում: Սա աղբավայրի համար նորմալ տեղ չէ: Չի կարելի բնակավայրերին մոտ աղբանոց ստեղծել: Այստեղ մարդիկ այգիներ ունեն, նույն վիճակն է: Շահումյան և Շահումյան Թ/Ֆ համայնքները աղբանոցից 2-3 կմ են հեռու, և ամբողջ ծուխը գնում է այդ համայնքներ: Էլ չեմ ասում, որ ամառվա սեզոնին հողի գույնը տեսնելու համար ստիպված ենք լինում ամեն օր մաքրել աղբի ցելոֆանները: Սա ինչ վիճակ է, լրիվ անտերության է մատնված»,- ասում է Արսեն Կիրակոսյանը:

Էջմիածին քաղաքի աղբավայրը գտնվում է քաղաքից 7,5 կմ հեռավորության վրա՝ Էջմիածին-Աշտարակի խճուղի, Շահումյան գյուղի աջակողմյան մասում, սակայն մոտ է Շահումյան և Շահումյան Թ/Ֆ համայնքներին: Աղբավայրի տարածքը 7 հեկտար է, սակայն գնալով ընդլայնվում է մշակովի հողատարածքների, դաշտամիջյան ճանապարհների հաշվին:

Էջմիածնի համայնքապետարանի բնակարանային կոմունալ վարչության պետ Մարտուն Դիլանյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշել է, թե աղբավայրում կուտակված աղբը շաբաթական 3 անգամ լցվում է հորանցքը, ծածկվում է հողով՝ պահպանելով բնապահպանական նորմերի անվտանգության կանոնները:

Հակառակ պատկերն արձանագրեցինք՝ լինելով աղբավայրում: Նախ ամբողջ տարածքը պատված է աղբով, և կանոնակարգված որևէ աշխատանքի հետք չէր նշմարվում: Թե այս պատկերները ինչպես կարող են վկայել պահպանված բնապահպանական նորմերի մասին, թողնում ենք ընթերցողների հայեցողությանը:

Ամեն օր մի քանի տասնյակ բեռնատարներով աղբ է թափվում աղբանոց: Շահումյան և Շահումյան Թ/Ֆ համայնքների այն բնակիչները, որոնց հողատարածքները գտնվում են աղբավայրի մոտակայքում և զբաղվում են անասնապահությամբ, իրենց խոշոր եղջերավոր անասուններին արոտի տանելու համար չեն կարողանում շրջանցել աղբավայրը: Անասուններն արոտի ճանապարհին ուտում են աղբը: Գյուղացիները պատմեցին, որ եղել են դեպքեր, երբ աղբ ուտելու պատճառով կովերը սատկել են: Սակայն, այլ արոտավայր չունեն, ստիպված են իրենց անասուններին այդ ճանապարհով ամեն օր տանել-բերել:

Նշենք, որ աղբավայրը ցանկապատված չէ: Էջմիածնի համայնքապետարանից հավաստիացնում են, թե միջոցներ են ձեռնարկվում տարածքը ցանկապատելու համար, իսկ թե երբ՝ պարզ չէ:

«Աղբավայրի ներկայիս տարածքը հարմար է աղբավայրի համար, քանի որ ի թիվս պահանջների՝ այն բավականաչափ հեռու է նաև բնակելի տարածքներից»,- նշում է Էջմիածնի համայնքապետարանի բնակարանային կոմունալ վարչության պետ Մարտուն Դիլանյանը:

Լուսանկարներից ակնհայտ է դառնում, որ պաշտոնյայի նշածն իրականությունից հեռու է, քանի որ անզեն աչքով էլ երևում են մոտ տարածության վրա գտնվող շենք-շինությունները, մշակովի հողատարածքները, ինչը նշանակում է, որ բնակավայրերն այդքան էլ հեռու չեն:

Արմավիրի մարզում աղբավայրերի տարածքները մեծ մասամբ ցանկապատված չեն և կանոնակարգման խիստ կարիք ունեն:

«Հետք»-ն անդրադարձել է նաև Արմավիր քաղաքի աղբավայրին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։