HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրմանը նվիրված աշխատաժողով

Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին Ծաղկաձորում կայացել է Հայաստանի Հանրապետությունում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրմանը նվիրված աշխատաժողով։

Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի հիմնական բաղադրիչները և իրականացման ճանապարհային քարտեզը։ Ծրագիրը մշակվել է աշխատանքային խմբի կողմից, որի ղեկավարն է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և որի կազմում ընդգրկված են տարբեր շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանը և Արտակ Քամալյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Հայաստանում Ավստրիական զարգացման գործակալության (ADA) փոխտնօրեն Նորա Ալանակյանը,  «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի (CARD) տնօրեն Գագիկ Սարդարյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, «Անասնաբույժների ազգային ասոցացիա» ՀԿ-ի, «Ոհմային կենդանիների անասնաբույծների ասոցացիա» ՀԿ-ի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները, ոլորտի այլ պատասխանատուներ։

CARD-ի տնօրեն Գագիկ Սարդարյանը բացման խոսքում նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ ծրագիրը նախաձեռնելու և իրականացնելու ընթացքում, աշխատանքային խումբը հենվել է Ավստրիայի կառավարության նմանատիպ ծրագրի փորձի վրա, որը դեռևս 20 տարի առաջ դրական արդյունքներ է արձանագրել։ Նա հավելել է, որ ծրագրի հիմքում ներդրված  է ԵՄ կողմից հաստատված մոդելը, որը կկիրառվի նաև Հայաստանի ծրագրում։ Գ․Սարդարյանի խոսքով,  ներկայումս լավ նախադրյալներ են ստեողծվել, որպեսզի 2020 թվականին Հայաստանում ներդրվի անասնաբուծության զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող այս համակարգը։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն իր ողջույնի խոսքում նույնպես չափազանց կարևորել է ծրագիրը՝ նշելով, որ այն ունի ռազմավարական նշանակություն։ Նա հույս է հայտնել, որ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի, Ավստրիական զարգացման գործակալության և մյուս գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ, ինչպես  նաև պետական բյուջեի ֆինանսավորմամբ, հնարավոր կլինի կյանքի կոչել անչափ կարևոր և հրատապ դարձած ծրագիրը, որի գործարկումը կնպաստի պարենային անվտանգության ապահովմանը, տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը և նոր շուկաների հասանելիությանը, ինչպես նաև կենդանիների առողջության բարելավմանն ու անասնաբուծության ոլորտի զարգացմանը։

Աշխատաժողովի ընթացքում ելույթների, հարց ու պատասխանի միջոցով քննարկվել են ծրագրի մանրամասները, մտքեր են փոխանակվել, ներկայացվել առաջարկություններ։ Միջազգային փորձագետներ՝ Ավստրիական «Ագարմարկթ» և Վրաստանի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) մասնագետները ներկայացրել են կենդանիների համարակալման և հաշվառման միջազգային փորձը Ավստրիայի և Վրաստանի օրինակներով։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծությունն ապահովում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի ավելի քան 50%-ը: 2018թ. հանրապետությունում անասնաբուծությունից ստացվել է 477.9 մլրդ ՀՀ դրամի համախառն արտադրանք, որից ավելի քան 280 մլրդ ՀՀ դրամը ստացվել է տավարաբուծությունից, իսկ  ոչխարաբուծությունից  ստացվող հումքի և մթերքների արժեքը տատանվել է շուրջ 50 մլրդ ՀՀ դրամի սահմաններում, որով էլ պայմանավորված է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրման առաջնահերթությունը:

Հաշվի առնելով կենդանիների առողջության, սննդամթերքի անվտանգության, դրա որակի վերահսկման և ազգաբնակչությանը բարձորակ մթերք մատակարարելու խնդիրները՝ բոլոր ժամանակներում խիստ հրամայական է գյուղատնտեսական կենդանիների համատարած համարակալման, հաշվառման և կենտրոնացված տվյալների բազայի ձևավորումը: Այս համակարգի ներդրումը կարող է համակարգային խնդիրների լուծման արդյունավետ գործիք հանդիսանալ: Այն կարող է խիստ վերահսկողություն սահմանել հանրապետության այնպիսի կարևոր բնագավառներում, ինչպիսիք են զոոնոզ (մարդկանց և կենդանիների ընդհանուր հիվանդություններ) հիվանդությունների հայտնաբերումը և արձագանքումը, կենդանիների վերարտադրության և հետագծելիության, կենդանիների և կենդանական ծագման մթերքի սերտիֆիկացման և փաստաթղթավորման, կենդանիների և կենդանական ծագման մթերքի ներկրման և արտահանման գործընթացները:

Աշխատաժողովը կազմակերպել էր «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը Ավստրիական Զարգացման Գործակալության (ADA) ֆինանսավորմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աջակցությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter