HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանությունը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է 4 մարդ

Նոյեմբերի 20-ին Մալթայի ոստիկանությունը ձերբակալել է 4 անձի՝ հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանությունը կազմակերպելու կասկածանքով: Հիշեցնենք, որ 53-ամյա լրագրողը սպանվել էր 2017 թվականի գոկտեմբերի 16-ին իր ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից: Դաֆնե Կարուանա Գալիցիան հայտնի էր «պանամական փաստաթղթերի» մասին իր հետաքննություններով:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանությունը հանցագործության անմիջական կատարողներ է համարում եղբայրներ Ալֆրեդ և Ջորջ Դիջորջիոներին և Վինս Մուսկատին: Քննության տվյալներով՝ հենց նրանք են լրագրողի տան մոտ կայանված ավտոմեքենայի մեջ պայթուցիկ սարք տեղադրել, որն ակտիվացել է այն ժամանակ, երբ Կարուանա Գալիցիան նստել է մեքենան և շարժիչը գործի է դրել:

Եվրոպոլի հետ համագործակցության արդյունքում իր զբոսանավի վրայից ձերբակալվել է նաև գործարար Յորգեն Ֆենեկը, որը հետաքննող լրագրողի հոդվածների հերոսներից մեկն է եղել: Ոստիկանությունը կարծում է, որ նա կապված է եղել հանցագործությունը պատվիրած և կատարած անձանց հետ: Դաֆնե Կարուանա Գալիցիան իր հոդվածներում գրել է Յորգեն Ֆենեկի և մալթացի բարձրաստիճան պաշտոնյաների միջև կոռուպցիոն կապերի մասին:

2013 թվականին Ֆենեկին պատկանող 17 Black ընկերությունը հաղթել է Մալթայում ջերմաէլեկտրակայան կառուցելու համար հայտարարված պետական մրցույթում: Իսկ «պանամական փաստաթղթերի» գաղտնազերծվելուց հետո տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Մալթայի էներգետիկայի նախարար Կոնրադ Միցցին անհայտ ծառայությունների համար 1,5 միլիոն ֆունտ ստերլինգ է ստացել 17 Black ընկերությունից:

Ոստիկանությունը պնդում է, որ կարողացել է հետևել Յորգեն Ֆենեկի և սպանությունը կազմակերպելու մեջ կասկածվող Դիջորջիո եղբայրների միջև դրամական գործարքներին: Միևնույն ժամանակ Ֆենեկը կտրականապես հերքում է, որ կազմակեպել է ինչ-որ մեկի սպանությունը:

Ֆենեկը Մալթայի իշխանություններից համաներում է խնդրել, փոխարենը նա խոստացել է օգնել քննությանը և տեղեկություններ տրամադրել սպանության իրական պատվիրատուի մասին: Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է Ֆենեկին տալ այդ հնարավորությունը: Ի դեպ լրատվամիջոցներն ընդգծում են, որ լրագրողի սպանությունը կազմակերպելու մեջ կասկածվող Վինս Մուսկատը, ոչ մի կապ չունի Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի հետ, չնայած որ Դաֆեն Կարուանա Գալիցիան բազմաթիվ հրապարակումներ ունի նաև Ջոզեֆ Մուսկատի գործունեության մասին:

Մասնավորապես՝ 2017 թվականի ապրիլին Կարուանա Գալիցիան իր բլոգում գրել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստր Լեյլա Ալիևային պատկանող Al Sahra FZCO ընկերությունից, որը գրանցված է Դուբայի ազատ տնտեսական գոտում, վարկային վճարների անվան տակ գումարներ է փոխանցվել պանամական օֆշորներում գրանցված Hearnville Inc., Tillgate Inc. և Egrant Inc. ընկերություններին: Հաջորդ օրը լրագրողը հայտարարեց, որ մալթական Pilatus բանկում փաստաթղթեր կան, որոնք ապացուցում են, թե Egrant Inc. ընկերության սեփականատերը Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի կինն է՝ Միշել Մուսկատը, սակայն ամուսինները հերքել են իրենց անվան շուրջ ծագած օֆշորային սկանդալի մասին ցանկացած տեղեկություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter