HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ՀՖՖ գործկոմն ընդունել է Արթուր Վանեցյանի հրաժարականը. գործկոմը ևս կլուծարվի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն ընդունել է Արթուր Վանեցյանի հրաժարականը: Այս մասին գործկոմի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանը:

«Պարոն Վանեցյանը իր որոշմամբ որոշել է հրաժարական տալ ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնից, և մենք ընդունել ենք հրաժարականը: Պարոն Վանեցյանին շնորհակալություն ենք հայտնել համատեղ աշխատանքի համար, գնահատել ենք միասին մեր ունեցած հաջողությունները: Բացի այս, ընդհանուր համատեքստում քննարկելով իրավիճակը՝ եկել ենք եզրակացության, որ և՛ ֆեդերացիան և՛ ընդհանրապես հայկական ֆուտբոլը պետք է առողջանան և պետք է սկսել առողջացման գործընթաց»,- նշեց ՀՖՖ գործկոմի անդամը:

Այնուհետև Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ այս տարվա դեկտեմբերի 23-ին հրավիրվելու է ՀՖՖ ընդհանուր ժողով, որի ժամանակ ընտրվելու են ՀՖՖ նոր նախագահ և նոր գործկոմ:

Հարցին, թե ՔՊ-ականներ լինելու են նոր գործկոմում, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ նոր գործկոմ և ֆեդերացիայի նախագահ ընտրողները պետք է լինեն միայն ֆուտբոլային գործիչներ և արդեն իսկ մաքրված, ֆուտբոլային հանրության վստահությունը վայելող ընդհանուր ժողովը

«ՔՊ-ականներ կլինեն, թե չէ, կախված է միայն այդ ժողովից»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը

Արթուր Վանեցյանը հավելեց, որ գալիք մեկ ամսվա ընթացքում ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը աշխատանքներ է իրականացնելու ՀՖՖ ընդհանուր ժողովում միայն ֆուտբոլային մարդկանց ներկայությունը ապահովելու համար:

«Հայտնաբերվելու են այն ՀԿ-ները, որոնք ֆիկտիվ են, այսինքն՝ որևէ գործունեություն չեն ծավալում, բայց ընդգրկված են ժողովում միայն թվաքանակի համար, և դրանք մաքրվելու են: Այդ կարևոր աշխատանքը այս մեկ ամսվա ընթացքում իրականացվելու է, և այդ ժողովը վայելելու է ֆուտբոլային հանրության վստահությանը, և հենց այդ ժողովն էլ ընտրելու է ՀՖՖ նախագահ և գործկոմ»,- ասաց Վանեցյանը:

Վերջինիս խոսքով, երբ ինքը ընտրվել է նախագահ, հայտարարել է, որ երկար ժամանակ չի պաշտոնավարելու, որովհետև զբաղված է այլ աշխատանքով և ունի այլ առաքելություն:

«Երբ ես ընտրվեցի ֆեդերացիայի նախագահ և ընտրվեցին գործկոմի անդամները, եկել էինք մեկ նպատակով՝ առողջացնել հայկական ֆուտբոլը... այսօր տեղի ունեցած գործընթացը մեր հայտարարությունների տրամաբանական ավարտն էր»,- ասաց Արթուր Վանեցյանը, իսկ Ռուբեն Ռուբինյանը հավելեց, որ որոշման պատճառը բացառապես ֆուտբոլային է:

Թե՛ Արթուր Վանեցյանը, թե՛ Ռուբեն Ռուբինյանը մի քանի անգամ շեշտեցին, որ գործկոմի նիստից հետո հնչած հայտարարություններն ու կայացված որոշումները չունեն քաղաքական ենթատեքստ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter