ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել
Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը կրկին երկարացնելու միջնորդություն է ներկայացրել: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, այս պահին դռնփակ քննում է վերը նշված միջնորդությունը:
Օգոստոսի 27-ից անազատության մեջ գտնվող Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը վերջին անգամ երկարացվել է հոկտեմբերի 23-ի որոշմամբ: Ինչպես Խաչատրյանի խափանման միջոցի հետ կապված մյուս, այնպես էլ այդ միջնորդությունը քննել է դատավոր Ռոբերտ Պապոյանը: Թեև Ազգային անվտանգության ծառայությունն այդ ժամանակ միջնորդել էր երկու ամսով երկարացնել Խաչատրյանի կալանքի ժամկետը՝ դատավոր Պապոյանը մեկ ամիս ժամկետով էր երկարացրել՝ այդպիսով մասնակի բավարարելով ԱԱԾ-ի միջնորդությունը:
Կարեն Խաչատրյանը նախկինում աշխատել է ՊԵԿ-ում, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Ազգային անվտանգության ծառայությունը նրան ձերբակալելու օրը ձերբակալել է նաև նրա հորեղբորը՝ Գագիկ Խաչատրյանին:
Քրեական գործը, որով Խաչատրյանները մեղադրյալի կարգավիճակ ունեն, առնչվում է Գագիկ Խաչատրյանի՝ ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում ենթադրյալ չարաշահումներին: Գագիկ Խաչատրյանը ևս գտնվում է կալանքի տակ, սակայն ի տարբերություն Կարեն Խաչատրյանի՝ նրա կալանքի ժամկետը երկարացվել է ոչ թե մեկ, այլ երկու ամսով, այսինքն՝ այդ ժամկետը լրանում է դեկտեմբերի 27-ին:
Լուսանկարում՝ ձախից դատավոր Ռոբերտ Պապոյանը, Կարեն Խաչատրյանը
Մեկնաբանել