HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արամ Հարությունյանի, նրան առնչվող ընկերության գույքը, նրա բարեկամի անվամբ բնակարանը կմնան կալանքի տակ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, մերժել է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, նրան առնչվող «ՀանԱրդ» ընկերության գույքի, Հարությունյանի բարեկամի անվամբ բնակարանի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան` ասաց Հարությունյանի պաշտպաններից Կարեն Հակոբյանը: Վերջինս հայտնեց, որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք են տարել:

Հիշեցնենք, որ հետախուզման մեջ գտնվող բնապահպանության նախկին նախարարը մեղադրվում է գործարար Սիլվա Համբարձումյանից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Գործի շրջանակներում կալանքի տակ է Հարությունյանի, նրա բարեկամի և նրան առնչվող ընկերության գույքը:

Արամ Հարությունյանը «ՀանԱրդ»-ում 92% բաժնեմաս ունի, սակայն, ըստ փաստաբանի, դրա կեսը պատկանում է նրա կնոջը, և վարույթն իրականացնող մարմինն իրավունք չուներ ընկերության ամբողջ գույքի վրա կալանք դնել: «Հետքի» հետ զրույցում Կարեն Հակոբյանն ասել է, որ ընկերության գույքի վրա կալանք դնելու որոշումն արհեստական խոչընդոտներ է ստեղծում ընկերության տարածքները վարձակալության տալու, շահույթ ստանալու հարցում։ Պաշտպանական կողմը պնդում է, որ վարույթն իրականացնող մարմինն իրավունք չուներ կալանքի տակ վերցնել Արամ Հարությունյանի բարեկամի անվամբ գույքը` առանց  հիմնավորելու, որ բնակարանն իրականում Արամ Հարությունյանին, այլ ոչ թե բարեկամին է պատկանում:

Նշենք, որ Արամ Հարությանյանը հետախուզման մեջ է արդեն մեկ տարի։ Այս ընթացքում նախկին նախարարը փաստաբանների միջոցով վիճարկել է ոչ միայն գույքի վրա կալանք դնելու, այլև իր նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, իր վերաբերյալ քրեական գործի վարույթը վերսկսելու որոշումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter