HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Թարգմանչի կինը, ով պատմում է

Նա ինձ սովորեցրեց չվախենալ լինել սպիտակ ագռավ։

Ասում էր «Բա՛ց թող  ձեռքդ, մի՛ վախենա կորցնելուցայն, ինչ գնալու է, կգնա»։

Տարօրինակ տղա՝ բոլոր չափումներով։

Կոնյակի մեջ լցնում էր սուրճ, օղու մեջ՝ նարնջի հյութ ու դանդաղ թարգմանում էր։

Մինչեւ հիմա զգում եմ նրա շնչառության հոտը, որ վանիլի, սիգարի ու կոնյակի յուրահատուկ խառնուրդ էր հիշեցնում․․․»

Թարգմանիչն այդ Սամվել Մկրտչյանն է, պատմողը այրին՝ Մկրտչյանի բառերով «մոնղոլ-թաթարի սեւ աչքերով էդ աղջիկը», ով այսօր հայտնի հասարակական, քաղաքական գործիչ, մինչ այդ երկար տարիների գործող լրագրող Նաիրա Զոհրաբյանն է։

Զոհրաբյանը պատմում է ՀԲԸՄ-ի դահլիճում, Գրքի երեւանյան փառատոնի #Booktalk-ի շրջանակներում։ Դահլիճը խիտ է, լսարանը շունչը պահած լսում է Զոհրաբյանին, ով խոսում է  առանց դադարի, արագության, թեթեւության մեջ՝ երբեմն կորցնելով անգամ քաղաքական տեքստեր արտահայտելու իր կոնկրետ ինտոնացիան, երբեմն վերադառնալով այդ ինտոնացիային՝ հաստատելով, որ թարգմանչի կինը հիմա նաեւ քաղաքական գործիչ է։

Ես չէի լինի Նաիրա Զոհրաբյան, եթե իմ կյանքում չլիներ Սամվել Մկրտչյանը

Ես չէի լինի Նաիրա Զոհրաբյան, այնպիսին, ինչպիսին կամ, եթե իմ կյանքում չլիներ Սամվել Մկրտչյանը։ Միգուցե կմնայի լավ լրագրող եւ սովորական քաղաքական գործիչ, բայց իմ տեսակը, իմ ազատությունը, իմ մտածողությունը, իմ կաղապարները ջարդեց Սամվելը։

Ես հասկացա, որ պիտի չվախենաս լինել սպիտակ ագռավ, պիտի չվախենաս գնալ քամուն հակառակ։ Ես Սամվելից սովորեցի չվախենալ ունենալ նաեւ թշնամիներ։ Ասում էր․ «Բա՛ց թող ձեռքդ․ նա, ով պիտի գնա, նույնիսկ, եթե դրա հետ գնալու է սրտիդ մի մասնիկը, թող գնա»․․․ Իմ կյանքում շատ բան փոխվեց 23 տարվա համատեղ ապրելու ընթացքում։

Ի պատախան՝ «Հիմա ի՞նչ․․․ Գնալու ես Լիվերպու՞լ» հարցիս

Ինքը տարօրինակ տղա էր, տարօրինակ բոլոր չափումներով։ Բիթլոման էր։ Մի օր առավոտյան տանը նստած էինք, երբ ասաց, որ Լիվերպուլում աճուրդի են հանել Բիթլզի վինիլային սկավառակների հավաքածուն։ Ես կատակ արեցի, ասացի․ «Հիմա ի՞նչ․․․ Գնալու ես Լիվերպու՞լ», ասաց՝ այո, վերցրեց հեռախոսը, պատվիրեց տոմս, գնաց Լիվերպուլ, մասնակցեց աճուրդին, հավաքածուն առավ, եկավ ու ասաց, թե էսպես չի լինի, սրանց հետ ասեղային պատեֆոն է պետք, պիտի նայենք՝ որտեղ կա պատեֆոնի աճուրդ․․․ Աճուրդը Լոնդոնում էր․ գնաց, պատեֆոնն առավ ու բերեց։

Ճիշտ երկրաշարժի օրը, ճիշտ նույն ժամին՝ 26 տարի անց

88 թվականի դեկտեմբերի 7-ին Սամվելը Երեւանի ճանապարհին էր, եւ Գյումրիի իրենց շենքը, որտեղ առաջին կինն (հարգարժան մի կին) ու երեխան էին, քանդվեց երկրաշարժից, բայց Սամվելի ընտանիքը չվնասվեց։

Երկրաշարժից 26 տարի հետո արդեն իր մոտ հայտնաբերվեց քաղցկեղ, եւ մենք գնացինք Լիոն։ Թղթերն արդեն ուղարկել էի Լիոնի փոխքաղաքապետին, ով ասել էր՝ իմաստ չունի, մի բերեք, բժշկությունն անզոր է։ Հիշում եմ, որ միայն մի բան հարցրի «Ջորջ, իսկ հրաշքի հավանականություն կա՞»․․․ Ասաց՝ կա միայն հրաշքի հավանականությունը։ Պատասխանեցի, որ հրաշքի համար պիտի գնանք։

Գնացինք Լիոն դեկտեմբերին։ Ամսի 4-ին սկսեցին առաջին քիմիան տալ, ամսի 6-ին վերադարձանք Երեւան, իսկ 7-ին՝ ուղիղ 11։43-ին (ճիշտ երկրաշարժի ժամին), Սամվելի սիրտը կանգնեց իմ աչքի առաջ․․․

***

Մինչեւ Սամվելին կորցնելը սարսափելի վախենում էի մահից։ Եվ որպեսզի իմ մեջ կարողանամ կոտրել մահվան հանդեպ վախը, ավելի վաղ շրջանում դիահերձողների հետ էի հարցազրույցներ անում․․․ Երբ Սամվելը մահացավ, մեր ընկեր Մհեր Արշակյանը Սամվելին նվիրված մի տող գրեց, որն անընդհատ եմ գործածում․ «Մեր սիրելիների մահը մեզ հաշտեցնում է մեր մահվան հետ»․․․ Ես հենց այդպես կարողացա հաղթահարել մահվան հանդեպ վախը։

«Եթե կարողացա թարգմանել «Ուլիսեսը», այլեւս ոչինչ չեմ անելու»

«Եթե կարողացա թարգմանել «Ուլիսեսը», այլեւս ոչինչ չեմ անելու»․․․ Ասում էր Սամվելը, եւ, չնայած այն բանին, որ արդեն կար հսկայական թարգմանչական գրականությունը՝ անգլոամերիկյան պոեզիա, Ֆոլքներ, Սարոյան, Փաունդ, Շեքսպիրի սոնետներ, ինքն այդպես էր որոշել։

«Ուլիսեսը» թարգմանեց մեկ տարում, այն դեպքում, երբ ուկրաինացիները սկսեցին երկու հոգով, ու չգիտեմ՝ կարողացան թարգմանել, թե ոչ, այն դեպքում, երբ վրացիները կիսատ թողեցին, որովհետեւ իրենց լեզուն չձգեց փոխանցելու Ջոյսի բառապաշարը․․․ Իսկ Սամվելը դա արեց ընդամենը մեկ տարում, կես տարվա ընթացքում էլ ամենաբարդ ծանոթագրությունները թարգմանեց։

Երբ ավարտեց «Ուլիսեսի» թարգմանությունը, մի հետաքրքիր բան ասաց, որը, կարծում եմ, միստիկ էր, կանխորոշված․․․ Ասաց․ «Արեցի իմ կյանքի ամենակարեւոր գործը, հիմա կարող եմ մեռնել»։

***

Երբ Ջոյսի առաջին հրատարակությունը պիտի լիներ, որոշեց, որ գիրքը կաշվե կազմով պիտի լինի եւ տեղադրվելու է հատուկ ընկույզի փայտից պատրաստված տուփերում։ Գնաց Իտալիա, որպեսզի կաշին եւ գույնը բերի։ Իտալիայից բերեց նաեւ հատուկ թուղթը, որովհետեւ չէր սիրում սպիտակը եւ մշտապես օգտագործում էր մագաղաթանման թուղթ, որը ծանր պիտի լիներ՝ ոչ պակաս, քան 80 գրամը։

Դրվագ

Սեւանի ճանապարհին երթեւեկության կանոն խախտեց, ավտոտեսուչը կանգնեցրեց, մոտեցավ, եւ արդեն ուզում էր խոսել, երբ տեսավ ինձ (այն ժամանակ արդեն պատգամավոր էի)։ Ասաց, որ կարող ենք շարունակել ճանապարհը, բայց Սամվելն, իհարկե, չշարունակեց, իջավ մեքենայից, սկսեց կռվել ավտոտեսուչի հետ, թե, եթե օրենք է խախտել, ինչու չեն տուգանում․․․

Էս ոստիկանն իրեն վատ էր զգում, ասում էր՝ տիկին Զոհրաբյանին ճանաչում ենք, սիրում ենք իրեն, Սամվելն էլ հա կրկնում էր՝ այսինքն հիմա օրենք եք խախտում։ Կռիվ էր հասունանում, սեղմեցի ձեռքը, ասեցի՝ քշի, գնանք, ոստիկանն էլ իր հերթին, թե «տիկին Զոհրաբյան, խնդրում եմ՝ տարեք իրեն էլի»․․․

Տուգանքը 50,000 դրամ էր, քանի որ կարմիր լույսի տակով էինք անցել․ Սամվելը կպավ, թե «հենց հիմա գրի էդ տուգանքը», ոստիկանն էլ ակտավորեց։

Վերցրեց տուգանքը, մեկնեց ինձ․

  • Դե կտանես, կմուծես․․․

«Հակամարտություններ», որ տանում էին Վերնիսաժ

(ի պատասխան դահլիճից հնչեցրած հարցի, թե այդքան տարբեր հայացքներ ունեցող երկու անձ ինչպես էին հաշտվում, երբ անհամաձայնություն կար)

Մի հարցի շուրջ վիճելու վերջնական արդյունքը շատ վատ էր․տանն ամեն բան ջարդում էինք, հետո ես հասնում էի իր սիրելի չինական վազին, ինքն իմ սիրելի սուրճի կարմիր բաժակին։ Ես՝ վազը ձեռքիս, ինքը՝ բաժակը, նայում էինք իրար ու դնում տեղը․․․

Հաջորդ օրը գնում էինք Վերնիսաժ, ու տիկին Անահիտն արդեն գիտեր՝ ինչն ինչոց է․ հարցնում էր․

  • Քանի՞ հատ սուրճի բաժակ, քանի՞ հատ թեյի, քանի՞ հատ ճաշի։

Պատասխանում էինք․

  • Վե՛ց, վե՛ց, վե՛ց․․․

***

Տարբեր վիճաբանությունների պատճառով հայտնվել ենք նաեւ քաղմասում։ Հիշում եմ, որ ՀԳՄ համագումարի ժամանակ մեկը (ում անունը հիմա չեմ տա), վիրավորեց Հրանտ Մաթեւոսյանին, եւ Սամվելն սկսեց ծեծել էդ մեկին․․․ Դե ես էլ կռիվը դադարեցնելու համար հանեցի բարձրակրունկս ու սկսեցի հարվածել էդ մեկի գլխին, մեկ էլ տեսնեմ կոշիկս գլխին մնաց, ու ճակատից սկսեց հոսել․․․

Արդեն սովորական բան էր, երբ քաղմասում խելոք նստում էինք, մինչեւ հայտնում էին, որ հայտնի թարգմանիչ եւ հայտնի լրագրող են, բաց թողեք։

Կերպարանափոխություն կամ կերպի փոփոխություն

(ի պատասխան դահլիճից հնչեցրած հարցի, թե ինչպես եղավ, որ ամուսնու մահից հետո Զոհրաբյանը կերպարանափոխվեց։ Արդյո՞ք Սամվել Մկրտչյանն արգելքներ էր դնում)

Ես տնից դուրս էի գալիս բալետկաներով (հարթ կոշիկներով), հետս վերցնում էի բարձրակրունկներ ու զուգագուլպաներ, գալիս էի «Հայական ժամանակ»-ի խմբագրություն, Նիկոլն ասում էր՝ էլի «պայոկով» եմ եկել։

Շորերս փոխում էի, գնում էի ԱԺ հարցազրույցի, գալիս «Հայկական ժամանակ», շորերս դնում պահարանում։ Աստված մի արասցե, եթե «ստուգողական այցով» գար խմբագրություն ու տեսներ այդ շորերը։ Իսկ ինքն այդպիսի այցեր կազմակերպում էր, ես էլ ասում էի՝ իմ շորերը չեն, Լուսոյինն են․․․

Այո, լինելով այդքան ազատամիտ, ինքն արգելող էր․ չէի կարող հագնել այն, ինչ ուզում եմ, չէի կարող գնալ այնտեղ, որտեղ ուզում եմ։ Եվ, եթե իր կանոններից շեղվեի, նորից պիտի գնայինք Վերնիսաժ, առնեինք 6 թեյի բաժակ, 6 սուրճի բաժակ, 6 ափսե․․․

Կյանքի վերջին օրերը

Լիոնի հիվանդանոցում էինք՝ լավագույն կլինիկաներից մեկում։ Ֆրանսիացի բժիշկը եկավ, Սամվելն անգլերենով հարցրեց՝ ինչքա՞ն է ապրելու, բժիշկը բռնեց ձեռքն ու ասաց՝ մի քանի օր․․․

Չգիտեի՝ ինչ խոսեմ հետը, վախենում էի մտնել հիվանդասենյակ, նախապատրաստում էի ինձ․․․ Վերջապես մտնում եմ ու տեսնում, որ միացրել է Բարսելոնայի խաղը, ոգեւորված հետեւում է, ծամում է իր ջերկին, գարեջուրը՝ սեղանին․․․ Ու սա այն դեպքում, երբ բժիշկն իրեն բառացի ասել է, որ ապրելու մի քանի օր է մնացել։ 

Հասկացավ, որ չգիտեմ՝ ինչ պիտի ասեմ, ու հարցրեց․

  • Նառ, ինչի՞ ես վատ զգում․․․ Հա, ես ուզում եմ ապրել, բայց, եթե հենց հիմա էլ մեռնեմ, նորմալ ա, որովհետեւ մի րոպե անգամ ոչ մի բանի համար չեմ ափսոսում։

***

Մի կողմից ինքը սպանում էր իրեն, մյուս կողմից ես փորձում էի իրեն կյանքի բերել։ Իր խելահեղ պայքարն էր դեպի մահ, եւ իմ համառ, հիստերիկ, աննորմալ, անձնազոհ պայքարը, որ ինքն ապրի․․․

Դեկտեմբերի 6-ին, երբ վերադառնում էինք Փարիզից, զգում էր, որ մահանում է։ Ասաց․

  • Նառ, դու ամեն ինչ կարաս, մի վերջին բան եմ քեզ խնդրում, էնպես արա, որ ինքնաթիռը հենց հիմա իջնի։ Ուզում եմ տանը լինել։

Ասացի, որ շատ բան կարող եմ անել, բայց չեմ կարող կրճատել 4,5 ժամանոց թռիչքը․․․

Տուն հասանք դեկտեմբերի 6-ին։ Դեկտեմբերի 7-ի առավոտյան մահացավ․․․

Իր շնչառության հոտն ուրիշ էր․․․ Ոնց որ վանիլի, սիգարի, կոնյակի խառնուրդ

Հավատում եմ, որ ինքը կա։

Երբեմն, երբ քայլում եմ փողոցում, զգում եմ իր շնչառության հոտը, որն ուրիշ էր․․․ Ոնց որ վանիլի, սիգարի ու կոնյակի խառնուրդ։

Ես երկու սիրելի մարդ եմ կորցրել․ 63-ամյա հորս, որ մահացավ աչքիս առաջ, եւ Սամվելին։ Երկուսի աչքերն էլ ես եմ փակել, երկուսն էլ մահացել են իմ աչքի առաջ․․․ Բայց ես իրենց շնչառութունը զգում եմ, իրենց ներկայությունը զգում եմ, երջանիկ եմ, որ իրենք խաղաղ են, իսկ իրենք խաղաղ են, որովհետեւ մենք իրենց սիրում ենք, որովհետեւ ես ամեն օր արթնանում ու ասում եմ․

  • Պա՛պ, ես սիրում եմ քեզ։ Սամվե՛լ, ես սիրում եմ քեզ։

Եվ ամեն գիշեր, երբ պառկում եմ, ասում եմ․

  • Պա՛պ, ես սիրում եմ քեզ։ Սամվե՛լ, ես սիրում եմ քեզ։

Ու, հա՜, ինքս չոր մարդ եմ, զգացումներս արտահայտելու հարցում էլ եմ այդպիսին, բայց ձեր սիրելիներին ամեն օր ասեք, ասեք, որ սիրում եք իրենց․․․ Ասեք բառերով։ Այն, ինչ պիտի անեք ձեր սիրելիների համար, արեք այսօր, մի մտածեք, որ վաղը կանեք, որովհետեւ այդ վաղը կարող է չգալ․․․

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Լուսանկարի եւ բանաստեղծության պատմություն

Հայտնի այդ բանաստեղծությունը՝ «Ես Ջոն Լենոնը չեմ․․․», գտել է Կարինե Աշուղյանը, Սամվելի մահից հետո։

Պատմությունը․․․

Կարինե Աշուղյանը գնում է Գրողների ստեղծագործական տանը հանգստանալու, Սամվելն իրեն ինչ-որ գիրք է տալիս՝ չտեսնելով, որ գիշերվա գրած բանաստեղծությունը թողնում է գրքի մեջ։

Այդ դեպքից հետո Սամվելն անընդհատ ասում էր, որ մի սիրուն բան է գրել, ու որ հաստատ ես եմ վերցրել, ես էլ ասում էի, որ տուն չի բերել, գրքերի մեջ այդպիսի բան չկա։ Այդպես մտածում էինք, որ բանաստեղծությունը կորել է։

Սամվելի մահից հետո Կարինեն գտնում է ձեռագիր բանաստեղծությունը։

Իսկ լուսանկարը․․․ Ես ու Սամվելը «Ար» շաբաթաթերթում էինք աշխատում (որտեղից, ի դեպ, միասին դուրս եկանք, քանի որ Սամվելը տպել էր Չարենցի անտիպ գործերը, դե հաջորդ օրն էլ Սամվելին հեռացրեցին բնականաբար), «Ար»-ի լուսանկարիչը Գերման Ավագյանն էր, ով շատ էր լուսանկարում Սամվելին եւ հետո ինձ։  Այս լուսանկարը միակը չի․ գրկախառնությունների մի ամբողջ շարք կա։

Ի դեպ, լուսանկարը նույնպես տեսել եմ Սամվելի մահից հետո՝ կարծեմ մեկ տարի անց, երբ Գերմանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց այն։ Այդ շարքն, իրոք, շատ հետաքրքիր է, եւ մի օր գուցե մտածենք ցուցադրելու մասին․ կարծում եմ Յոկոյի եւ Լենոնի շարքին չի զիջի, որովհետեւ ֆանտաստիկ լուսանկարներ են։

Սամվել Մկրտչյանի բանաստեղծությունը, որ հայտնաբերվեց նրա մահից հետո

Ես Ջոն Լենոնը չեմ
Բայց ամեն օր ապրում եմ կյանքի ու մահվան սահմանագծին.
Ու էս աղջիկը` մոնղոլ-թաթարի իր շեղ աչքերով
Ում սիրում եմ հավերժ` ինչպես Դրակուլան
Ինձ համար ամեն օր մահվան ու կյանքի էդ սահմանագիծն է.
Ես Լենըրդ Քոհենը չեմ, բայց այս աղջիկը, ով ամեն օր պատռում է իմ սիրտը
Անգամ այս սրտով ես ասում եմ` հպվիր ինձ քո մերկ ձեռքերով։
Ես Լյուցիֆերը չեմ, բայց լինում է պահ, որ ուզում եմ թաղել էս աղջկան, փակել շեղ աչքերն ու հող լցնել վրան
Որ ազատագրեմ ինքս ինձ քսանամյա էս գերությունից, որ մահապատժից վատ է։
Ու հաջորդ պահին, ինչպես Ջոն Դոնը, ուզում եմ ասել՝ «Ախ, մի մահանա, թե չէ ես կատեմ աշխարհն ու կանանց, երբ դու հեռանաս»։
Իմ ընկերը ասում է` մի օր իր սեւ մազերի պարանով ինձ կախելու է։
Ես նայում եմ սեւ մազերի պարանին ու ասում եմ իմ լավ ընկերոջը՝
Գիտեմ, որ անելու է, բայց ես էս աղջկան սիրում եմ։
Հիմա գնում եմ էս աղջկան ճանապարհելու Փարիզ՝ իր հերթական տափակ նիստին։
Ու հետ դառնալուց հիշում եմ Դիլըն Թոմասին, որ ասում էր՝ «Գժվիր, գժվիր, որ այս լույսը չմարի»։

Հետգրություն։ Սամվել Մկրտչյանը ծնվել է 1959 թվականին, Գյումրիում։ Ավարտել է Լենինականի թիվ 20 միջնակարգ դպրոցը, այնուհետեւ Բրյուսովի անվան համալսարանը։ Աշխատել է «Աստղիկ» հանդեսում, ինչպես նաեւ «Անդրադարձ», «Ար», «Առավոտ», «Գրական թերթ» պարբերականներում։ Հայաստանում եւ արտերկրում տպագրել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, թարգմանել բազմաթիվ գրական ստեղծագործություններ, որոնց մի մասը հայերեն մինչ այդ երբեւէ չեն թարգմանվել։ 2002-2014 թվականներին եղել է «Արտասահմանյան գրականություն» թարգմանական եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիրը։ 1995-ից ՀԳՄ անդամ էր։

Մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 7-ին, 55 տարեկանում։

***

Թարգմանությունները (անգլերենից հայերեն)։ Շեքսպիր, Երկեր (Սոնետներ, «Վեներա եւ Ադոնիս, «Սիրուհու տրտունջը»), Թ. Ս. Էլիոթ, «Մեռյալ երկիր», Վիլյամ Սարոյան, «Իմ անունն է Սարոյան»,  Լուիս Քերոլ, «Ալիսը Հրաշքների աշխարհում» եւ «Ալիսը Հայելու աշխարհում» (չափածո), Ռեդյարդ Քիփլինգ, «Պատմվածքներ հենց այնպես», Անգլիական եւ ամերիկյան պոեզիա,  Վիլյամ Ֆոլքներ, «Արջը»,  Վիլյամ Ֆոլքներ, «Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ», Հերման Մելվիլ, Պատմվածքներ,  Թ. Ս. Էլիոթ, Քերթվածներ, Շեքսպիր, «Լուկրեցիայի պատվազրկումը», Ջեյմս Ջոյս, «Ուլիսես» (հեղինակային հրատարակություն, Ե., 2012), Լենըրդ Քոհեն, «Երգեր սիրո եւ ատելության» (հեղինակային հրատարակություն, Ե., 2013), Չարլզ Բուքովսկի, «Ամբոխի հանճարը եւ այլ բանաստեղծություններ» (hեղինակային հրատարակություն, Ե., 2013), Թ. Ս. Էլիոթ, «Չորս կվարտետ» (hեղինակային հրատարակություն, Ե., 2013):

Հայերենից անգլերեն թարգմանությունների մատենագրություն։ Selected Armenian Poets. Samson Publishers, Yerevan, 1991, Shoushing Dansabedian, Collected Poems. Yerevan, Nor-Dar Publishers, 1999, Ruben Angaladyan, Essays, Yerevan, 1995, Vahe Armen, Scream and Other Poems. Van Arian Publishers, Yerevan, 2000, Modern Eastern Armenian Poets. Nairi Publishers, Yerevan, 2004, Yeghishe Charents, 40 Poems. Charents Memorial House, Yerevan, 2012.

***

«Թարգմանչի կինը» հանդիպումը տեղի է ունեցել Գրքի երեւանյան փառատոնի #booktalk ձեւաչափով իրադարձությունների շրջանակներում, նոյեմբերի 23-ին, ՀԲԸՄ դահլիճում։

***

Փոփոխություն. նախապես տեղադրված լուսանկարը հեռացվել է լուսանկարի հեղինակ Գերման Ավագյանի պահանջով: Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը:


Լուսանկարը` Yerevan Book Fest • Գրքի երևանյան փառատոն ֆեյսբուքյան էջից

 

Մեկնաբանություններ (3)

Սոնա
Կարդալուց զգացի, այն , ինչ զգում էի դահլիճում նստած ժամանակ: Շատ հետաքրքիր ձևով է կազմված նյութը, շնորհակալություն անչափ:
gohar
Հարգելի Անուշ Քոչարյան , մեծ սիրով , հարգանքով և տրտմությամբ կարդացի Սամվել Մկրտչյանի մասին գրած էսսեն։ Վաղուց արդեն գիտեի նրան, բայց չ՛գիտեի այն մնացածը որը պատմում է Նաիրա Զոհրաբյանը։ Հազար ափսոս, որ այդքան շուտ գնաց։ Մի փոքրիկ բան միայն ինձ համար կարծես կեղծ նոտայի տպավորություն թողեց , այն է"որտեղ առաջին կինն (հարգարժան մի կին) ", երևի պետք չէր որ այդպես բնութագրեր իր նախորդին ։ Լռությունը շատ ավելի լավ կլիներ։ "Նախորդը," հավատացեք, կարիքը չէ՛ր ունենա "հաջորդի" այդ բնութագրմնանը։
Տիգրան
Հարգելի Տիկին Նաիռա, Ավտոտեսուչի հետ վեճը ոչ թէ օրենքը պաշտպանելու խնդիր էր`այլ նրա համար,որ Ինքը հայտնի մարդ էր բայց Ավտոտեսուչը Ձեզ ճանաչեց,Կարծում եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։