HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Սննդամթերքի վաճառքի կասեցում, ստուգումներ և հանձնարարականներ. ՍԱՏՄ-ն արձագանքել է ընթերցողների ահազանգերին

«Հետք»-ի «Անվտանգ սնունդ/ Հետք» ֆեյսբուքյան խմբում քաղաքացիներն ահազանգում են սննդամթերքի որակի, պահպան պայմանների և այլ խախտումների մասին: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արաձագանքում է ընթերցողների բողոքներին՝ իրականացնելով պետական վերահսկողություն, երբեմն էլ նույնիսկ՝ իրացումից հանելով որոշ ապրանքներ:

Ներկայացնում ենք նախորդ ամսվա ահազանգերն ու դրանց արդյունքները:

 

Ժամկետանց սննդի վաճառք

Հոկտեմբերի 1-ին Արթուր Անահիտ անունով ֆեյսբուքյան օգտատերն ահազանգել էր, որ Արտաշատ քաղաքից «Էլիտ Շանթ» ընկերության բորբոսնած «Թռչնի կաթ» կոնֆետներ է գնել:

ՍԱՏՄ աշխատակիցներն այցելել Արտաշատի «ՎՏԲ» բանկի հարևանությամբ գտնվող մթերային խանութը, որտեղից գնվել էին կոնֆետները և հանել էին վաճառքից. դրանք եղել էին ժամկետանց:

Նմանատիպ մի դեպքի մասին ավելի ուշ՝ հոկտեմբերի 22-ին ահազանգել էր նաև Մերի Հովհաննիսյանը. վերջինիս Կիևյան 1ա հասցեում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետից առաքել էին «Գրանդ Քենդի» ընկերության «Բելոչկա» որդնած կոնֆետներ:

ՍԱՏՄ-ից մեզ հայտնեցին, որ տեսչական մարմնի աշխատակիցներն այցելել են այն խանութը, որից առաքվել են կոնֆետները, և պարզել են, որ վաճառվող ապրանքի խմբաքանակը ժամկետանց է: «Բելոչկա»-ի այդ խմբաքանակն իրացումից հանվել է:

Հիշեցնենք, որ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքն արգելում է ժամկետանց սննդի վաճառքը, և սպառողն իրավունք ունի հետ վերադարձնել, փոխարինել ոչ պատշաճ որակի պարենային ապրանքը, առողջությանը վնաս պատճառելու դեպքում էլ՝ հատուցում պահանջել:


Միջատներ՝ ալյուրում

Սեպտեմբերի 25-ին, հոկտեմբերի 14-ին և հոկտեմբերի 16-ին մի խումբ քաղաքացիներ անազանգել էին, որ «Բաղրամյանի ալյուր»-ում միջատներ են հայտնաբերել: «Բաղրամյանի ալրաղաց» գործարանի տնօրեն Սայաթ Գասպարյանը «Հետք»-ին հայտնել էր, որ նման բան կարող է լինել պահման սխալ պայմանների պատճառով, ու թեև ամեն բան էլ հնարավոր է, սակայն վստահ է, որ իրենց գործարանում ամեն ինչ լավ է:

ՍԱՏՄ-ից մեզ տեղեկացրին, որ իրենք վերահսկողական միջոցառումներ են իրականացրել ընթերցողների կողմից նշված խանութներում ՝ ընտրանքային սկզբունքով ստուգելով նշված ապրանքանիշի երկու և մեկ կիլոգրամանոց տուփերը, սակայն խախտումներ չեն հայտնաբերել:

Ուսումնասիրություն են իրականացրել նաև «Բաղրամյանի ալրաղաց» գործարանում, ալյուրի փաթեթավորման արտադրամասում, ինչպես նաև՝ ստուգվել են պահման պայմանները պահեստներում, և որևէ շեղում չեն գտել:


Տեխնիկական աղի վաճառք    

Հոկտեմբերի 4-ին Ֆլորա Բեգյանի ահազանգել էր, որ մթերային խանութներից մեկում տեխնիկական աղ է վաճառվում: ՍԱՏՄ-ից «Հետք»-ին հայտնեցին, որ իրենց տեսուչներն այցելել են քաղաքացու նշված խանութ, սակայն այդ ժամանակ տեխնիկական աղ չեն հայտնաբերել, սակայն հավելեցին, որ «աղի նկատմամբ պետական վերահսկողությունը կրում է պարբերական բնույթ»:

 

Դասավորվածության խախտում

Սանիտարական նորմերի պահպանման  և անվտանգության տեսանկյունից՝ սննդամթերքի տարբեր տեսակների ճիշտ դասավորվածությունը ևս շատ կարևոր է: Հոկտեմբերի 3-ին Սիրանույշ Բաղդասարյանն ահազանգել էր, որ Երևանի Նորքի 6-րդ զանգվածի խանութուներից մեկում թարմ հացը ձվի կողքին է վաճառվում:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից «Հետք»-ին հայտնեցին, որ ՍԱՏՄ արագ արձագանքման խմբի անդամներն այցելել են տվյալ խանութ և ցուցումներ ու խորհարդատվություն են տվել աշխատակիցներին սննդամթերքի տարբեր տեսակների համատեղելիության վերաբերյալ: Ըստ ՍԱՏՄ-ի՝ խնդիրը վերացել է:

 

 ՍԱՏՄ-ից «Հետք»-ին հայտնել են, որ իրավախախտում կատարած բոլոր տնտեսվարողներին տրվել են պարտադիր կատարման կարգադրեր և հանձնարարականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter