HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեքսանդրը երազում է տավիղ և աշխարհի երաժշտական գործիքների ցուցասրահ ունենալ

35-ամյա Ալեքսանդր Մկրտչյանն արդեն 16 տարի ամեն ջանք ու միջոց գործադրում է` ձեռք բերելու տարբեր ազգերի, երկրների և մշակույթների երաժշտական գործիքներ։ 400 տեսակի տարբեր գործիքներ, ընդհանուր` 600 կտոր, տեղ են գտել Երևանի Միրաքյան փողոցի նրանց տանը և հետզհետե սկսել փոխարինել տան կահույքին։ Դեռևս 70 կտոր էլ Մոսկվայում է հավաքվել, որը համալրելու է հավաքածուն։ 

Ալեքսանդրը Երևան է տեղափոխվել Գորիսից, որտեղ փոքր տարիքում կլառնետի դասերի է հաճախել, բայց հասկացել է, որ իրեն ոչ միայն կլառնետն է հետաքրքրում, այլ երաժշտական բոլոր գործիքներն ու դրանց հնչողությունը։ Հենց Գորիսում էլ սկսել է հավաքել, իսկ Երևանում բնակություն հաստատելուց հետո գործիքները տեղափոխել է նոր բնակավայր։ 

«Մեր տան անդամներն են»,- ծանոթացնում է Ալեքսանդրի մայրը՝ տիկին Լենան։

Ալեքսանդրն ափսոսում է, որ նոր և մեծ գործիքների համար այլևս տեղ չունի։ Դրանք միլիմետրերի հեռավորությամբ ու խնամքով կախված են պատերից, դասավորված սենյակի ողջ տարողունակությամբ։ 

«Հեռուստացույցն էլ մեծ էր, փոխեցինք փոքրով, որ գործիքներին տեղ մնա»,- պատմում է նա։

Չափերով համեմատաբար մեծ գործիքներին բաժին է հասել նկուղային հարկը։ Եթե տանը տեղ ունենար, Ալեքսանդրն արդեն իրականացրած կլիներ իր մյուս երազանքը՝ տավիղ (արֆա) կգներ։ 

Հարվածային որոշ գործիքներ վնասվել են ոչ կայուն ջերմաստիճանից, խոնավությունից և չորությունից, պատռվել են, որոշ գործիքներ, որոնք կաշվե իրեր են պարունակում, նույնպես հատուկ խնամք են պահանջում, իսկ փայտե գործիքները Արլեքսանդրը յուղերով է մշակում։ Ստեղնաշարային գործիքները նույնպես նկուղում են, որտեղ տուփերով դեռ պահվում են համեմատաբար շուտ փչացող գորիծիքները։ 

«Բոլոր գործիքներն էլ սիրում եմ, բայց թավջութակը թավշյա ձայն ունի, ավելի շատ եմ սիրում։ Իրեն որպես կնոջ են բնութագրում, տեսքով էլ կնոջ է նման, բայց ես հնչողությունն եմ սիրում»,- կարծես արդարանում է Ալեքսանդրը։ Թավջութակը նրա գործիքների հավաքածուում ամենահինն է, սակայն նույնպես նկուղում է հանգրվանել, այն պատի հետևում, որտեղ տիկին Լենան խաշի կաթսաներն էր դրել գազօջախի կրակի վրա։ 

Ուրիշ ճար չունեն, մեծ ընտանիք է ապրում տանը՝ Ալեքսանդրը կնոջ եւ երեխաների հետ, եղբայրն իր ընտանիքով և ծնողները։ Կրտսեր եղբայրը վերջերս է տեղափոխվել։ Մինչ այդ երեք եղբայրներն էլ իրենց ընտանիքներով բնակվել են նույն տանը։ 

Ալեքսանդրն ուզում է, որ թե´ իր, թե´ եղբայրների երեխաները սիրեն և զբաղվեն իր գործիքներով, այսինքն՝ նվագեն։ Որդին արդեն կատարում է նրա ցանկությունը. Մոնթեն հարվածային գործիքներով է հետաքրքրված, նվագում է միանգամից երկուսի վրա՝ դհոլի և թմբուկի։ 

Ալեքսանդրը Կենտրոնական բանկում վարորդ է աշխատում եւ գործիքներն իր աշխատավարձով է գնում։ Ընտանիքի մյուս անդամները նույնպես ներդրումներ են կատարում։ 

«Ես իմ թոշակից ամսական 20 հազար դրամ տալիս եմ գործիքի համար»,- ասում է տիկին Լենան։ 

Գործիքներից յուրաքանչյուրը ձեռք բերման իր պատմությունն ունի։ Այդ հարցում Ալեքսանդրին օգնում են ընկերները` տարբեր երկրներից։ Ինտերնետ-կայքերից գնված գործիքները հաճախ Հայաստան չեն առաքում, Ալեքսանդրի մոսկվայաբնակ ընկերը հավաքում է դրանք ու հարմար փոխադրամիջոցի դեպքում ուղարկում Հայաստան։ Երբեմն մաքսատանն են խոչընդոտներ լինում, բայց այդ հարցին էլ Ալեքսանդրը լուծում գտել է՝ մասնատում է գործիքը դետալների, անցկացնում, հետո տանը կրկին հավաքում, հին տեսքին բերում։ 

Ալեքսանդրը նախկինում մի քանի անգամ դիմել է Մշակույթի նախարարությանը, որպեսզի աջակցեն տարածքի հարցում, ցուցասրահի և թանգարանի վերածեն նրա հավաքածուն, բայց պատասխան-առաջարկ է ստացել դրանք նվիրատվության ձեւով փոխանցել նախարարությանը, որը և ինքնուրույն կտնօրինի գործիքները՝ ըստ անհրաժեշտության կբաշխի դպրոցներին և թանգարաններին։ Սակայն Ալեքսանդրը մեծ դժվարությամբ հավաքած գործիքները չի ուզում մասնատել, այլ ուզում է իր ողջ փնջով դրանք ներկայացնել հանրությանը՝ զբոսաշրջիկներին, երեխաներին և բոլոր հետաքրքրվողներին։ 

Իշխանափոխությունից հետո տարածքի տրամադրման խնդրանքով այս տարվա մայիսին՝ 2800-ամյակի այգու բացման ժամանակ, Ալեքսանդրը նամակ է հանձնել նաև քաղաքապետ Հայկ Մարությանին։ Որևէ արձագանք չի եղել։  

Ալեքսանդրն ասում է, որ ռեստորանների, սրճարանների սեփականատերերից առաջարկներ է ստացել որոշ գործիքներ իրենց մոտ ցուցադրել, սակայն չի ցանկանում դրանք բիզնես նախագծերին ծառայեցնել և մաս-մաս ցուցադրել: Նրա ցանկությունն է` իր հավաքածուի ցուցադրությունը մշակութային կենտրոնի վերածել, որը կծառայի բոլորը։ Ասում է` իր ներդրումը հավաքած գործիքներն են, քաղաքապետարանին մնում է միայն որևէ տարածք հատկացնել, մնացած բոլոր գործերն ինքնուրույն կկազմակերպի, պատրաստ է առանց վարձատրության համակարգել այդ կենտրոնի գործունեությունը։ 

Առայժմ դրանք հավաքել է իրենց փոքր տանը, բայց հույս ունի, որ մի օր կլոր ու ընդարձակ դահլիճում իր երաժշտական գործիքները խնամքով կտեղադրվեն և կարձագանքեն յուրաքանչյուր այցելուի ամենաաննշան ձայնին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter