HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալ Նարեկ Մութաֆյանի կալանքի ժամկետը երկարացվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, մեկ ամսով երկարացրել է դատավոր Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալ Նարեկ Մութաֆյանի կալանքի ժամկետը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Մութաֆյանի փաստաբան Վահե Եփրիյանը:

Նշենք, որ Մութաֆյանի խափանման միջոց կալանքի ժամկետը քննչական կոմիտեն միջնորդել էր երկարացնել երկու ամսով, դրա քննությունը սկսվել էր նոյեմբերի 22-ին, և դատական նիստի մեկնարկին Վահե Եփրիկյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Գաբրիելյանին: Միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ, և այսօր առավոտյան հրապարակել միջնորդությունը մերժելու մասին որոշումը: Դրանից հետո քննվել է ԱԱԾ-ի  միջնորդությունը` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Վահե Եփրիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատարանին ներկայացրել են նաև Մութաֆյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում, որը մերժվել է:

Նշենք, որ այսօր դատարանի Շենգավիթի մեկ այլ դատավոր` Նելլի Բաղդասարյանը հրապարակել է նաև  Դանիբեկյանի գործով մյուս մեղադրյալի` Սարգիս Օհանջանյանի խափանման միջոցի գործով որոշում` մեկ ամսով  երկարացնելով նաև այս մեղադրյալի կալանքի ժամկետը:

Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը, հիշեցնենք, մեղադրվում են Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը։

Սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Դանիբեկյանը քայլելով գնալիս է եղել դեպի Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, ու  Նարեկ Մութաֆյանը  պարբերաբար հարցրել է, թե արդյոք դատավորը կա «վնգստացող դատավորների ցանկում»:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով դատական համակարգի մասին, ամիսներ առաջ ասել էր, թե դատական համակարգն անտեր է, կան դատավորներ, որոնք վնգստում են պատերի տակ ու նոր տերեր փնտրում: ԲԴԽ-ում կազմակերպված ասուլիսի ժամանակ, պատասխանելով «Հետքի» լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ԲԴԽ-ն չի արձագանքել վարչապետի այս հայտարարությանը դատական համակարգի մասին, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասել է, որ հայտարարությանն արձագանքելու հարցը շատ է քննարկվել, բավական աշխատանք է տարվել մի քանի տեքստի վրա, հետո որոշվել է քաղաքական հայտարարություններին չարձագանքել:

«Ես գտնում եմ, որ միգուցե բառակապակցությունը փոքր-ինչ կոպիտ էր: Պարզ ասեմ՝ դատավորները միշտ կաշկանդված են իրենց կոլեգաների մասին հրապարակային կարծիք հայտնել, բայց երբ իրար հետ են զրուցում, շատ լավ հասկանում են, թե վարչապետն ում նկատի ուներ և ինչի մասին էր խոսքը»,- ասել է Ռուբեն Վարդազարյանը:

Նշված հանգամանքները վկայակոչելով է Մութաֆյանը դատավորին հարց տվել վնգստացող դատավորների ցանկում լինել- չլիենելու վերաբերյալ։ Ըստ մեղադրանքի` Մութաֆյանի հետ է եղել նաև Սարգիս Օհանջանյանը:

Լուսանկարում՝ ձախից՝ Սարգիս Օհանջանյանը, Նարեկ Մութաֆյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter