HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանը կարող է 4 տարով զրկվել միջազգային մարզական մրցումներին մասնակցելու իրավունքից

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (World Anti-Doping Agency - WADA) կազմում ստեղծված անկախ հանձնաժողովը այդ կազմակերպության գործադիր կոմիտեին առաջարկել է 4 տարով զրկել Ռուսաստանին միջազգային մարզական մրցումներին մասնակցելու իրավունքից:

Որակազրկման մասին առաջարկությունը ներառվել է WADA-ի հաշվետվության մեջ, որը կազմվել է բրիտանացի իրավաբան Ջոնաթան Թեյլորի գլխավորությամբ:

Ինչպես նշված է WADA-ի կայքում, անկախ հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը (Российское антидопинговое агентство - РУСАДА) չի համապատասխանում Համաշխարհային հակադոպինգային կանոնադրությանը (WADA-ի նոր կանոնադրությունը ուժի մեջ կմտնի 2021թ. հունվարի 1-ից):  

WADA-ի անկախ հանձնաժողովը հետևյալ առաջարկություններն է ներկայացրել կազմակերպության գործադիր կոմիտեին.

  • Ռուսաստանի կառավարության պաշտոնյաները / ներկայացուցիչները 4 տարվա ընթացքում չեն կարող նշանակվել և չեն կարող լինել Համաշխարահյին հակադոպինգային կանոնադրությունը ստորագրած կոմիտեների և ցանկացած այլ մարմինների անդամներ,
  • Ռուսաստանի կառավարության պաշտոնյաները / ներկայացուցիչները 4 տարվա ընթացքում չեն կարող մասնակցել հետևյալ մրցումներին. պատանեկան Օլիմպիական խաղեր (ամառային և ձմեռային), Օլիմպիական խաղեր և Պարալիմպիկ խաղեր (ամառային և ձմեռային), ցանկացած այլ մրցում՝ կազմակերպված խոշոր ֆեդերացիայի կողմից, ցանկացած աշխարհի առաջնություն՝ կազմակերպված կամ արտոնագրված Համաշխարհային հակադոպինգային կանոնադրությունը ստորագրած մարմնի կողմից,
  • Ռուսաստանը 4 տարիների ընթացքում չի կարող ընդունել ցանկացած տեսակի խոշոր մարզական միջոցառում, ինչպես նաև հայտ ներկայացնել դրանք կազմակերպելու համար,
  • Ռուսաստանը չի կարող հավակնել 2032 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի անցկացմանը՝ անկախ այն բանից, թե մրցույթը կկազմակերպվի այդ 4 տարիների ընթացքում, թե դրանից հետո,
  • Ռուսաստանի դրոշը 4 տարիների ընթացքում չի կարող բարձրացվել միջազգային խոշոր մարզական միջոցառումների ժամանակ,
  • Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահը, գլխավոր քարտուղարը, գլխավոր տնօրենը կամ ղեկավար կազմի ցանկացած ներկայացուցիչ 4 տարիների ընթացքում չի կարող ներկա լինել խոշոր միջոցառման,
  • խոշոր մրցաշարերին կարող են մասնակցել ռուսաստանցի այն մարզիկները, որոնք կապապցուցեն, որ ոչ մի ձևով չեն խախտել դոպինգային կանոնները: Միևնույն ժամանակ, նրանք չեն կարող ներկայացնել Ռուսաստանի Դաշնությունը:

WADA-ի գործադիր կոմիտեն անկախ հանձնաժողվի ներկայացրած առաջարկությունները կքննարկի 2019թ. դեկտեմբերի 9-ին: New York Times-ի հաղորդմամբ՝ WADA-ի գործադիր կոմիտեն կընդունի ներկայացված առաջարկությունները:

WADA-ի որոշումը հնարավոր կլինի բողոքարկել Շվեյցարիայի Լոզան քաղաքում գտնվող սպորտային արբիտրաժային դատարանում:

Հիշեցնենք, որ ռուս մարզիկների շուրջ ծագած դոպինգ-սկանդալի առանցքային անձանցից մեկը Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովն է, որը 2016 թվականի հունվարին տեղափոխվել է ԱՄՆ և տեղեկություններ փոխանցել Միջազգային հակադոպինգային գործակալությանը: Ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկի ժամանակ Ռոդչենկովը հայտարարել է, որ Ռուսաստանում դոպինգի կիրառումը պետական աջակցություն է ստանում: Ռուսաստանի իշխանությունները Ռոդչենկովի հայտարարությունները կտրականապես հերքել էին:

ՄՕԿ-ի հետաքննություն արդյունքում 2014 թվականի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում նվաճած իրենց մեդալներից զրկվեցին արգելված խթանիչներ օգտագործած տասնյակ ռուս մարզիկներ, ինչի հետևանքով Ռուսաստանի հավաքականը թիմային հաշվարկում 1-ին հորիզոնականից իջավ 3-րդ հորիզոնական: Բացի այդ, Ռուսաստանի հավաքականը զրկվեց 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից, միևնույն ժամանակ դոպինգ-սկանդալում չհայտնված ռուս մարզիկները հնարավորություն ստացան մասնակցել Օլիմպիական խաղերին օլիմպիական դրոշի ներքո:


Lուսանկարը՝ Jae C. Hong/Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter