HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Պուտինը հայտարարել է, որ ռուս մարզիկներին չի արգելվի չեզոք դրոշի ներքո մասնակցել Օլիմպիադային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 2018 թվականին հարավկորեական Փյոնչանում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցել ցանկացող ռուս մարզիկները ոչ մի խոչընդոտի չեն հանդիպի իշխանությունների կողմից: Նախօրեին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) զրկել էր Ռուսաստանի հավաքականին Օլիմպիադային մասնակցելու իրավունքից, սակայն այն մարզիկները, ովքեր ներքաշված չեն դոպինգ-սկանդալի մեջ, հնարավորություն կստանան մասնակցել խաղերին Օլիմպիական դրոշի ներքո:

«Մենք անկասկած ոչ մի շրջափակում չենք հայտարարի, չենք խոչընդոտի մեր օլիմպիականներին, եթե նրանցից ոմանք ցանկություն հայտնեն անհատապես մասնակցել խաղերին»,- Պուտինի խոսքերն է փոխանցում BBC-ի ռուսական ծառայությունը:

Միևնույն ժամանակ Պուտինը անսպասելիորեն ընդունել է իշխանությունների մեղքը դոպինգ-սկանդալում, չնայած որ նախկինում չեզոք դրոշի ներքո հանդես գալը նա համարում էր «երկրի նվաստացում»:

ՌԴ նախագահը ընդգծել է նաև, որ ՄՕԿ-ի ներկայացրած մեղադրանքների մեծ մասը հիմնված են եղել չապացուցված փաստերի վրա:

Ռուսաստանցի մարզիկներից մի քանիսը արդեն իսկ ցանկություն են հայտնել մասնակցել Օլիմպիական խաղերին, մյուս մասն էլ դեռևս չի շտապում որևէ հայտարարություն անել այդ առնչությամբ: 

Ռուս մարզիկների շուրջ ծագած դոպինգ-սկանդալի առանցքային անձանցից մեկը Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովն է, ով 2016 թվականի հունվարին տեղափոխվել է ԱՄՆ և տեղեկություններ փոխանցել  Միջազգային հակադոպինգային գործակալությանը (WADA): Ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկի ժամանակ Ռոդչենկովը հայտարարել է, որ Ռուսաստանում դոպինգի կիրառումը պետական աջակցություն է ստանում: Ռուսաստանի իշխանությունները Ռոդչենկովի հայտարարությունները կտրականապես հերքել էին:

ՄՕԿ-ի հետաքննություն արդյունքում 2014 թվականի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում նվաճած իրենց մեդալներից զրկվեցին արգելված խթանիչներ օգտագործած տասնյակ ռուս մարզիկներ, ինչի հետևանքով Ռուսաստանի հավաքականը թիմային հաշվարկում 1-ին հորիզոնականից իջավ 3-րդ հորիզոնական:

Լուսանկարը՝ Alexei Nikolsky / TASS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter