HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ես երբևէ կողմնակալ չեմ եղել». դատախազ Կարեն Բիշարյանն առարկեց իրեն ներկայացված բացարկի միջնորդության դեմ

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազ Կարեն Բիշարյանն առարկեց պաշտպանական կողմի՝ իրեն ավելի վաղ հայտնած բացարկի միջնորդության դեմ: Բիշարյանը համարում է, որ ինքը երբևէ կողմնակալ չի եղել, իր հայտնած դիրքորոշումը հիմնված է եղել գործով ձեռք բերված փաստական հանգամանքների վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քոչարյանի պաշտպանները բացարկի միջնորդություն են ներկայացրել Կարեն Բիշարյանին՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ վերջինս ԱԺ ամբիոնից 2018-ի փետրվարին, այսինքն՝ մինչ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը հայտարարել է, որ Քոչարյանին Մարտի 1-ի գործով անգամ վկայի կարգավիճակով հարցաքննելու անհրաժեշտություն չկա, իսկ այժմ նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում՝ մեղադրանքի հիմքում այնպիսի ապացույցներ դնելով, որոնց մասին դատախազը տեղյակ է եղել նաև հայտարարությունն անելիս:

Կարեն Բիշարյանը նշեց, որ Աժ լսումները, որոնց ժամանակ ինքը խոսել է, վերաբերել են 2008-ի մարտի իրադարձությունների ժամանակ զոհված անձանց մահվան հանգամանքներին:

«Ավելորդ կլինի հիշեցնել, թե ինչ մեղադրանքի շրջանակում ենք մենք հիմա դատարանում: Այստեղ քննվող գործն անձանց մահվան հանգամանքների գործը չէ, և այդ մասին, վստահ եմ, պաշտպանական կողմը քաջ տեղյակ է»,- ասաց Կարեն Բիշարյանը:

Դատախազը նշեց, որ ԱԺ ամբիոնից ասված իր խոսքը պաշտպանական կողմը բառացի չի մեջբերել, ինքը ոչ թե ասել է, որ չկա Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու կամ քրեական հետապնդում իրականացնելու հիմք, այլ որ որևէ անձի որևէ գործով հարցաքննելը չի կարող լինել ինքնանպատակ, և բոլոր դեպքերում որպես վկա կամ որևէ կարգավիճակով հարցաքննելու համար պետք է լինեն փաստական հիմքեր: Դատախազի խոսքով՝ այդ հիմքերը բացակայել են տվյալ փուլում. «Նախաքննություն էր իրականացվում, և հիմա էլ է իրականացվում, ուստի ես չէի ասի, թե չկան հիմքեր, չենք էլ հարցաքննելու, ես խոսել եմ գործի այդ փուլի մասին»,-նշեց Բիշարյանը:

Անդրադառնալով պաշտպանների պնդմանը, թե 2008-ին արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ նախագահի հրամանագիրը և 0038 հրամանը դատախազությանը վաղուց է հայտնի եղել, Բիշարյանն ասաց, որ մեղադրանքը փաստական հանգամանքների ամբողջություն է, և քննության որևէ փուլում միայն հրամանագրի հայտնի լինելը կարող է բավարար չլինել քրեական հետապնդում հարուցելու համար:

Ըստ Կարեն Բիշարյանի՝ Աժ ամբիոնից իր արած հայտարարությունից մոտ 4 ամիս անց, երբ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, փոխված են եղել գործով ձեռք բերված փաստական տվյալները:

«Ես փաստում եմ, որ 0038 հրամանը քրեական գործի նյութերում չկա, բանակի ներգրավվածության հետ կապված փաստահավաք խմբի զեկույցը ևս գործի նյութերում չի եղել, և դրանց ծանոթ պաշտպանները շատ լավ կիմանան, որ ԱԺ լսումներից հետո է այդ զեկույցը դատախազության կողմից ուղարկվել ՀՔԾ՝ քննություն իրականացնելու, այսինքն՝ ԱԺ լսումները առիթ հանդիսացան դրա համար, ինչպես նաև նրա համար, որ ձեռք բերվի և  գաղտնազերծվի 0038 հրամանը»,-ասաց Կարեն Բիշարյանը՝ կարծիք հայտնելով, որ ամբաստանյալների պաշտպաններն, իրենց մարտավարությունից ելնելով, փորձում են հարցը միակողմանի բարձրացնել ու այդպես ներկայացնել հասարակությանը:

«Ես երբևէ կողմնակալ չեմ եղել, չեմ արտահայտել որևէ դիրքորոշում, որը հիմնված չի եղել փաստական հանգամանքների վրա»,-ասաց Բիշարյանը:

Դատարանը բացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար հեռացել է խորհրդակցական սենյակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter